Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:50 03-05-2022

Հիմա դա էական չէ, կարևորը Նիկոլին հեռացնելն է․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր խոսքերը այլ կերպ ենք մեկնաբանել, և ամենևին էլ այնպես չէ, որ ինքն այլևս չի ցանկանում գնալ հրապարակ։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Կարին Տոնոյանը հայտարարել է, որ ինքն այլևս չի ցանկանում գնալ հրապարակ, այսինքն՝ մասնակցություն ունենալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար արվող բողոքի գործողություններին։ Տոնոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել․ «Թյուրըմբռնում է եղել, ինձ շատ հապշտապ հարց տվեցին, իմ կարծիքը հարցրին հրապարակի շարժման մասին, ես ասացի, որ չգիտեմ, որովհետև ես այնտեղ չեմ լինում, առավել ևս գիշերները ես այնտեղ չեմ լինում։ Ասացին, որ «5165» շարժումը մասնակցում է դրան, ես ասացի, որ «5165» շարժումը դադարեցրել է իր գործունեությունը, և ես այնտեղ գնում եմ որպես հասարակ քաղաքացի, որպես պարզապես հայ, քիչ առաջ էլ ես այնտեղ շրջել եմ։ Ապա ինձ հարցրին, թե ինչու չեմ գնում, ինձ ինչ-որ բան դուր չի գալիս արդյոք, քանի որ ես ասացի, որ մշտապես չեմ ես այնտեղ լինում, մեր տղաներն են այնտեղ լինում, և դա ճշմարտություն է։ Ինձ հարցրին, թե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս արդյոք, որ ես այնտեղ չեմ գնում, ես ասացի, որ մեկնաբանություններ չեմ տալիս, որովհետև դա հիմա կարող է խանգարել ընդհանուր պայքարին։ Այդքանով մեր զրույցը ավարտվել է»,- ասաց Տոնոյանը։

Հարցրինք՝ պարզապես իր՝ ժամանակ առ ժամանակ գնալը և մշատապես այնտեղ չգտնվե՞լն է մեկնաբանվել այդպես, թե՞ ինքը այլևս չի ցանկանում հրապարակ գնալ․ «Ես իմ էջում էլ եմ գրել, որ շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց քանի որ ես չեմ կազմակերպիչը, ես դրանք ուղղել չեմ կարող, ուստի դրանք բարձրաձայնելու իմաստ չեմ տեսնում։ Այո, ասելու շատ բան կա, բայց այս պահին դա պետք չէ անել, որովհետև այս պահին կարևորը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարն է, և ես որևէ բանով չեմ ուզում խանգարել։ Մենք դուրս ենք եկել այս պայքարին անկախ ամեն ինչից, մենք դուրս չենք եկել՝ միավորվելու Վանեցյանին կամ Քոչարյանին, որ մեզ էլ անընդհատ կապում են այդ մարդկանց հետ։ Մենք միավորվելու դուրս չենք եկել, մենք դուրս ենք եկել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի, և եթե այս պայքարում մենք միասին ենք, դա դեռ չի նշանակում , որ մենք միավորվել ենք։ Մենք շարունակում ենք պայքարը, ինչպես բոլոր ուժերը, և ամեն մեկը իր տեղում իր գործողությունն է անում։ Ես ասել եմ, որ, այո, կան բաներ, որ ես չէի ուզի, որ այլ կերպ լինեին, բայց հիմա դա էական չէ, կարևորը Նիկոլին հեռացնելն է»։

Ձեզ գուցե հետաքրքրի