Երևան +15°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:45 17-04-2022

Մենք փորձում ենք խաղաղություն ապահովել, բայց արդյո՞ք դա պիտի լինի Արցախի ու արցախահայության հաշվին․ Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին իր ողջ կազմով «Ազատության» հրապարակում է։ Խմբակցության պատգամավորներն իրենց առաջնորդ Արթուր Վանեցյանի օրինակով չեն պատրաստվում լքել հրապարակը։
Խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքերով խաղաղության օրակարգը խոսքերով չի լինում, խաղաղության մասին հայատարարությունները կամ փաստաթուղթը պետք է լինի լեգիտիմ։
«Չեն կարող պարտադրանքով որևէ փաստաթուղթ քեզ ստորագրել տան, հետո ասեն, որ դա ընդունելի է բոլոր կողմերի համար։ Փաստացի մեզ ուժի սպառնալիքի ներքո, պատերազմի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն, բայց ինչու ենք մենք այդ սադրանքներին տրվում և կամակորությունները կատարում՝ անհասկանալի է։ Չկա որևէ խելագար, որ խաղաղություն չի ուզում, բայց այդ խաղաղությունը պիտի հասկանանք, թե ինչի գնով է։ Եթե մենք փորձում ենք խաղաղություն ապահովել, բայց դա անում ենք Արցախի ու արցախահայության հաշվին՝ արդյո՞ք դա է Հայաստանի Հանրապետության պետական շահը և արդյո՞ք դա է հայ ժողովրդի երազած խաղաղությունը։ Ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և առանց պարտադրանքի, միայն այդ պայմաններում մենք կարող ենք խոսել լեգիտիմ փաստաթղթի մասին»,-ասաց պատգամավորը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 17-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում և կոչ արել քաղաքացիներին միանալ իրեն ու պայքարել՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության:

Ձեզ գուցե հետաքրքրի