Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:34 14-04-2022

ԱՄՆ Պետդեպի հրապարակած զեկույցում նշվում են Հայաստանում մարդու իրավունքների մի շարք խնդիրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը, որում հեղինակները նշում են Հայաստանում մարդու իրավունքների մի շարք խնդիրներ։

Զեկույցում (2021 Country Reports on Human Rights Practices) հեղինակներն անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնց ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 54 տոկոսը և խորհրդարանի մանդատների ճնշող մեծամասնությունը։

«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական առաքելության հոկտեմբերի 27-ի վերջնական գնահատականի համաձայն՝ ընտրողներին տրվել է տարբերակների լայն ընտրություն, ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված են եղել, և թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել»,- ասվում է զեկույցում։

Սակայն զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում ընտրությունները նաև խիստ բևեռացված էին և ուղեկցվում էին հրահրող հռետորաբանությամբ։

Արձանագրվել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու հարկադրանքի, ձայների գնման, իշխող կուսակցության և պետության միջև սահմանները ջնջելու, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման, քարոզարշավի ֆինանսավորման մասին ոչ ադեկվատ դրույթների և ընտրական բողոքներ ներկայացնելու սահմանափակ հնարավորությունների դեպքեր, նշվում է զեկույցում։

Հեղինակներն անդրադարձել են նաև 2020 թ․ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին։

Զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում երկու երկրների սահմանին և որոշ այլ շրջաններում բռնության առանձին դեպքերը հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների:

«Հավաստի տեղեկություններ են հայտնվել առ այն, որ էթնիկ հայ և ադրբեջանցի ուժերը 2020 թ․ նոյեմբերին մարտերի ընթացքում եւ որոշ դեպքերում դրանից հետո դիմել են անօրինական սպանությունների, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,- նշում են հեղինակները:

Զեկույցն անդրադարձել է նաև արձանագրված մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրների։

Հավաստի հաղորդագրությունները ներառում են անվտանգության ուժերի կողմից խոշտանգումներ, բանտային ծանր պայմաններ, դատական ​​անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչպես նաև կամայական կամ ընտրովի կալանավորումներ, անօրինական միջամտություն մասնավոր կյանքին, լուրջ խախտումներ հակամարտության պայմաններում, ներառյալ՝ խոշտանգումները և ֆիզիկական բռնության այլ ձևեր, խոսքի և լրատվամիջոցների ազատության խիստ սահմանափակումներ, ներառյալ՝ վիրավորանքների քրեականացում, մարդկանց առևտուր, հանցանքներ՝ կապված բռնության կամ բռնության սպառնալիքի հետ՝ ուղղված քաղաքացիական հանրության գործիչների և լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, միասեռականների կամ ինտերսեքսուալների դեմ։

Զեկույցի համաձայն՝ «կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ հետաքննելու և պատժելու նախկին և ներկա պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները»:

Անդրադառնալով մարտի 1-ի չբացահայտված գործին՝ հեղինակները նշում են, որ «2008 թ․ հետընտրական ցույցերի ժամանակ ութ խաղաղ բնակիչների և երկու ոստիկանների մահվան պատճառ դարձած իրադարձությունների կապակցությամբ իշխանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղքի դատավարությունը տապալվեց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեց գործի հիմքում ընկած ՔՕ հոդվածը»։

Տարեվերջի դրությամբ խորհրդարանը օրենք չի ընդունել մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկել կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելու և պատժելու նոր մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, ասվում է զեկույցում։