copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:00 21-03-2023

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա. Վրաստանի վարչապետին չի հետաքրքրում ԱՄՆ Պետդեպի զեկույցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը հիմնականում հիմնված է կեղծ տեղեկատվության վրա, և այն չի հետաքրքրում իր կառավարությանը։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Ղարիբաշվիլին հայտնել է, որ զեկույցում ընդգրկված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, դրանք միայն ենթադրություններ են։

«Ես շատ հակիրճ ծանոթացա զեկույցին և դրա հիմնական կետերին։ Ցավոք, զեկույցը հիմնականում հիմնված է այսպես կոչված էլիտար հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ և անարդար եզրակացությունների վրա։ Վերոնշյալ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, դրանք ընդամենը ենթադրություններ են, եզրակացություններ և ընդհանրացումներ՝ հիմնված որոշ քաղաքական ոչ օբյեկտիվ, կողմնակալ մարդկանց կեղծ, շինծու տեղեկատվության վրա։ Սա մեզ չի հետաքրքրում»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետը նշել է՝ չի հիշում, որ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատող հայտարարություններ տարածեր, երբ երկրում, ըստ նրա, կար «համակարգային կոռուպցիա, հանցագործություն, մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, սպանում, բիզնեսներ էին գրավում, իսկ լրատվամիջոցների ազատություն ընդհանրապես չկար»։ Ղարիբաշվիլին պնդել է, որ Վրաստանում գործում են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում և ողջ աշխարհում փորձում են վարկաբեկել երկիրը։

«Չնայած դրան, դուք տեսնում եք, որ այսօր հասարակական սեկտորը, լրատվամիջոցները, բոլորն ունեն լիակատար ազատություն։ Սա ժողովրդավարության մի մասն է: Մենք դրան (նրանց գործողություններին-խմբ) հակադրում ենք ճշմարտությամբ»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ վերջին մեկ տարում աշխարհի 198 երկրներւմ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցում Վրաստանի վերաբերյալ նշվել է, որ երկրում անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու ուղղությամբ։

Զեկույցում, մասնավորապես, ընդգրկվել են 2021 թվականի հուլիսի 5-ին լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերը, Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման դեպքը, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճիռը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը։


Ամենից շատ դիտված