Ուղիղ եթեր
Հայաստանի տնտեսությունն այս տարի չի աճի
copy image url

Հայաստանի տնտեսությունն այս տարի չի աճի

Ներքին 3 տարի առաջ - 20:35 12-04-2022
2021թ.-ի տարեվերջին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ իրենց գնահատականներով՝ 2022 թ.-ին Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան 2021-ին: «ԿԲ-ի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը 2022 թվականի համար 2.4% էր, սակայն պետբյուջեի ընդունումից հետո, երբ արդեն որպես օրենք ունենք կապիտալ ներդրումների սցենարը, կառավարության կողմից իրականացվելիք պետական ներդրումների ծրագիրը, մեր կանխատեսումների արդյունքում տարվա համար տնտեսական աճը կազմելու է 5.3%»,- ասաց նա։

Բանկի նախագահը նշեց նաև, որ
ԿԲ գնահատականների համաձայն՝ հաջորդ տարի կառավարությունն իր առաջարկած ծրագրի ներքո իրականացվելիք պետական կապիտալ ներդրումների հաշվին ոչ միայն ավելացնելու է 2022 թվականի տնտեսական աճը, այլ նաև պոտենցիալն է բարձրացնելու: Երկու ամիս անց՝ մարտի 15-ին, ԿԲ նախագահը ստիպված էր վերանայել բանկի կողմից դեկտեմբերին արված կանխատեսումները 2022թ.-ի տնտեսական աճի վերաբերյալ՝ նախկին 5.3%-ը իջեցնելով 1.6%-ի։ ԿԲ նախագահը բացատրեց, որ իջեցումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերական ճյուղի զարգացումներով։ «Նախկինում կանխատեսվել էր, որ 2022թ.-ին արդյունաբերության ճյուղը կաճի 1.6%-ով, սակայն պատերազմի և պատժամիջոցների պատճառով զարգացումների արդյունքում կանխատեսում է, որ արդյունաբերությունը կկրճատվի 4.7%-ով։ Նվազում կա նաև շինարարության ճյուղում, և միակ ճյուղը, որտեղ կանխատեսվում է աճ, գյուղատնտեսությունն է»։
Մարտի 19-ին Հայաստանի տնտեսության վիճակին անդրադարձավ նաև Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը՝ համարելով, որ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Ըստ գործակալության՝ չնայած Հայաստանի համար ռիսկային է այն հանգամանքը, որ Հայաստանի պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Գործակալությունը կանխատեսում էր, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա, իսկ 2022 թ.-ին գնաճը կկազմի 8.5%, որը բարձր է ԿԲ-ի նախանշած 4% +/- 1.5%-անոց թիրախից։

Եվ ահա երեկ Հայաստանում տնտեսական աճին է անդրադարձել Համաշխարհային բանկը՝ նշելով, որ Հայաստանում տնտեսական աճն այս տարի գործնականում կդադարի ուկրաինական պատերազմի պատճառով։ «Ուկրաինայում պատերազմի և ՌԴ դեմ պատժամիջոցների ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, էական կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի ամուր տնտեսական կապերը»,- ասվում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ վերջին տնտեսական զեկույցում։

«2022 թվականի աճի կանխատեսումը պատերազմից առաջ 5.3%-ից իջեցվել է մինչև 1.2%, իսկ ավելի ցածր տրանսֆերտները և իրական աշխատավարձերը ազդել են սպառման վրա։ Ներդրումների վրա ազդում է աճող անորոշությունը, ռուսաստանյան բացասական զարգացումների և համաշխարհային ու տարածաշրջանային աճի դանդաղման պատճառով կրճատվել է արտահանումը»:
ՀԲ-ն նաև կանխատեսել է դեպի Ռուսաստան հայկական արտահանման և այնտեղ աշխատող հայերի բազմամիլիոնանոց տրանսֆերտների զգալի կրճատում։ «Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է և արտահանման շուկան, որի երկկողմ առևտուրն անցած տարի կազմել է 2.6 միլիարդ դոլար։ Ռուսաստանին 2018-2021թթ. բաժին է ընկել Հայաստանից արտահանման 28%-ը և այդ երկիր ներմուծման միջինը 30%-ը: ՌԴ-ն Հայաստան ցորենի և գազի ներմուծման հիմնական աղբյուրն է, նշված է բանկի եռամսյակային հաշվետվության մեջ: 2021 թվականին Ռուսաստանից փոխանցումները կազմում էին ՀՆԱ-ի 5%-ը, զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների 41%-ը բաժին էր ընկնում ռուսական կազմակերպություններին, իսկ ռուս զբոսաշրջիկները կազմում էին ՀՀ ժամանած բոլոր զբոսաշրջիկների 40%-ը: Բացի դրանից, Հայաստանի վրա կազդեն նաև պարենի և վառելիքի համաշխարհային գները։ Կառավարության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում երկրում պարենային ապրանքների գներն աճել են միջինը 12,1%-ով։ Անցյալ տարի դրանք արդեն աճել են ավելի քան 11%-ով»։

Քանի որ վերջին տարիներին Համաշխարհային բանկն ու մյուս միջազգային ֆինանսական ու վերլուծական կառույցները տարեսկզբին կանխատեսում են, իսկ աշնանը «սրբագրում» իրենց կանխատեսումը, որը միշտ նախնական կանխատեսվածից ցածր է լինում, սպասենք ՀԲ-ի Հայաստանի տնտեսության վերաբերյալ «սրբագրված» կանխատեսմանը։

Վարդան Մսրյան


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»