Ուղիղ եթեր
copy image url
Միտք 1 տարի առաջ - 17:15 11-04-2022

Իսկ արդյոք ազնի՞վ մարդ էր հանգուցյալը...

Ժամանակային տեսանկյունից խիստ արդիական բենդերյան այս հարցադրման մեջ հանգուցյալ բառը ես կամ չակերտների մեջ կառնեի, կամ էլ դրա փոխարեն կօգտագործեի «անցավոր» եզրույթը, ու մեկ էլ՝ գոյականի թիվը կփոխեի՝ եզակին կդարձնեի հոգնակի... Մնացած ամեն ինչ ներկայացվելիք դիտարկման տրամաբանության մեջ է, ամենևին ոչ հռետորական հարցադրման պարզելիքն էլ՝ խիստ կարևոր: Իսկ այժմ՝ փակագծերը բաց:

Ազգային անվտանգության պահեստազորին վերագրվող՝ «նախկիններ չեն լինում» հուշում-դիտարկումը նրանցից առավել պատշաճում է երկրների կառավարման հանձնառությունը ստանձնած նախագահներին, այլ կերպ՝ պետություն կոչվող օրգանիզմի գլխին, ավելի շուտ՝ ուղեղին, հենց որոնց էլ վերապահվում է նավավարի գերպատասխանատու դերակատարությունը: Կա՞ ուրիշ մեկը, ով գիտի նրանցից առավել, ով տեղյակ է գործընթացների բուն էությանն ու ներքին տրամաբանությանը: Իհարկե՝ ոչ:

Իսկ հետաքրքիր է՝ կառավարման ժամկետը լրանալուց, իրենց վերապահված լիազորությունները վայր դնելուց առաջ նրանք իրենցից էստաֆետն ընդունողներից պետության անվտանգությանն առնչվող ինչ-ինչ գաղտնիքներ պահո՞ւմ են, թե՞ ոչ: Առերևույթ աբսուրդ այս հարցադրումը անմիտ կարող է թվալ առաջին հայացքից միայն: «Առեղծվածային» Հայաստանում, որպես կանոն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, «սուրբ օրենքների երկրում» մեղավոր են միայն նախկինները, որոնց վրա էլ «ձևակերպվում» են հնարավոր բոլոր ձախողումները...

Հայաստանը երկիր է, որտեղ երբևէ չեն գտնվում կոնկրետ մեղավորներ, որտեղ «Պատասխանատվությունը մի բան է, որն ինքներս չունենալով՝ պահանջում ենք ուրիշներից»... Երկիր, որտեղ չգիտես՝ ումից ինչ պահանջես: Անիշխանության, գերփնթի ու քաոտիկ այս իրավիճակի ակունքներում, ըստ իս, անհրաժեշտ հետևողականությունը, հանրային պարտադրանքի բացակայությունը, գերկարճ հիշողությունն ու լրջմիտ վերլուծության պակասն են ընկած: Հակառակ դեպքում պոտենցիալ ազգադավներն ազգափրկիչ, անկշտում, անհագուրդ կաշառակերների գործունեությունը ազգանպաստ, սահմանադրական կարգի տապալման քողարկված ակնարկներ հնչեցնողները հայրենիքի «ողնաշարը» փրկող ատլանտներ չէին ներկայանա, Քի Վեստը հայանպաստ լուծում չէր ներկայացվի, Ռուսաստանի թևի տակ ծվարելն ու ինքնիշխան Արցախի՝ վերջինիս կազմում ընդգրկվելն էլ սողոմոնյան լուծում չէր դիտարկվի:

Նախկինները ներկաներին՝ դավաճան ու հողատու, ներկաներն էլ նախկիններին ասպատակ ու թալանչի են որակում: Լոնդոնաբնակ «հարսանեկան գեներալին» չհաշված, չորրորդին, այսինքն՝ Հայաստանի երեք նախագահներն իրենց տեսանելի ու լատենտ դրսևորումներով ձեզ կռիլովյան հայտնի առակի՝ կարապին, խեցգետնին ու գայլաձկանը չե՞ն հիշեցնում... Ինձ, օրինակ, վերջիններիս՝ բացառապես հանրային ականջների համար նախատեսված հրապարակային, «հետմանանեխային» բացահայտումները հայտնի անեկդոտի հերոսին ուղղված՝ «Դուք կարծիք չունե՞ք, ի՞նչ է» հարցադրմանն ի պատասխան՝ «Ունեմ, բայց հետը համամիտ չեմ» դրվագն է հիշեցնում: Ասես այն ամենը, ինչի մասին խոսվում է հետին թվով, տեղի է ունեցել ոչ թե իրենց օրոք, այլ՝ Վերածննդի դարաշրջանում, որ իրենց ղեկավարման տարիներին ամեն ինչ մեկնարկել է «սպիտակ էջից», որ իրենք պետության կայացմանը մասնակցել են «մաքրամաքուր ձեռքերով»...

Ի՞նչ եք կարծում՝ չարժի հանրային պահանջ ձևավորել և «ռեալիթի շոու» հեռուստաժանրի շրջանակներում «Կուբում» մեկտեղել Հայաստանի բոլոր նախագահներին ու լսել, թե ի՞նչ են ասելու մեկմեկու, ճակատագրական սայթաքումների մեղքը ով ում վրա է գցելու... Ինչպես նաև նրանց «կենդանի զրույցից» տեղեկանալ, թե ով է նրանցից հայակենտրոնը, ով՝ օտարահպատակն, ու ով՝ հողատուն... Բնականաբար, այդ կենդանի շփման «հաճույքը» դարձնելով նաև «Կուբում» ծավալվող դրամատիկ զարգացումներին ուշի-ուշով հետևող հեռուստադիտողի սեփականությունը...

Հ.Գ.-Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակն ու օրեր առաջ կառավարության նիստում վարչապետի կողմից արված՝ խաղային ոլորտի շահեկանությանը վերաբերող, փաստարկներով հիմնավորված «հաճոյախոսությունը»՝ նշյալ ձեռնարկի մասնակիցը դարձնել նաև «Տոտո», «Վիվառո», «GoodWin» բուքմեյքերական ընկերությունների ծարավից պապակվող «օգտատերերին»...