copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:54 09-04-2022

Փոփոխությունը դառնալու է մահակ՝ պետական գերատեսչությունների համար. իշխանության հերթական նախագիծը՝ լրագրողների դեմ

Իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել. «Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»:

Oragir.news-ը կապ հաստատեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ սահմանափակումներ են լինելու նախագծով լրագրողների համար, և ի՞նչ է նախաձեռնում անել՝ լրագրողների գործունեությունը սահմանափակող նախագծի դեմ: Ի պատասխան մեր հարցի՝ Ժուռնալիստների միության նախագահն ասաց, որ այս փոփոխությունը մահակ է դառնալու պետական գերատեսչությունների համար՝ հավատարմագրելու իրենց ցանկալի լրագրողներին։

«Նախագիծը ներկայացնող պատգամավորների հիմնավորումները ոչինչ չեն տալիս, պարզապես երկարացնում են, ընդ որում, այդ նախագիծը հակասություններ ունի օրենքների հետ, ինչը իրենք չեն դիտարկել, ինչպես որ միշտ անում են արագ-արագ՝ ինչ-որ կարգավորիչ գործիք են բերում՝ անտեսելով այն հանգամանքը, որ կարող է օրենքի հետ հակասություն ունենալ, այսինքն՝ նրանց խնդիրն է շատ արագ կարգավորել այդ հարցը։ Ես չգիտեմ, առհասարակ որևէ մեկի հետ քննարկե՞լ են։ Ինչ-որ ՀԿ-ների, մեդիակազմակերպությունների հետ քննարկումներ անում են, գուցե իրենց համակիր, հնարավոր է, որ նման քննարկումներ արել են, բայց քանի որ նախագծի հեղինակներից մեկը նախկին լրագրող է, մյուսը 2018 թվականին ֆեյք ՊՈԱԿ-ի համար ծառայություններ է մատուցել ու հեղափոխոխությունից հետո թիրախավորել է լրագրողներին՝ կեղտոտ գործիքները կիրառելով, մենք մեծ հիմքեր ունենք ենթադրելու, որ նախագիծը ներկայացնող պատգամավորները հերթական անգամ թիրախավորում են անկախ լրատվամիջոցներին։ Իրենք նեղվում են, որ լրագրողներն իրենց համար անցանկալի հարցեր են տալիս, ինչպե՞ս են հանդգնում այս հարցը տալ, իշխանականները ուզում են գնալ, խոսել այն լրագրողների հետ, ովքեր իրենց կոմֆորտ հարցեր են տալիս, կամ՝ նախապես իմանում են հարցի մասին։ Նրանք մտածում են այնպես, ինչպես իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն է՝ հատկապես վերջին մեկուկես, երկու տարիների ընթացքում խուսափում լրագրողների ուղիղ հարցերից և ֆեյսբուքյան ասուլիսներ է անում՝ ինքն իր ընտրած հարցերին պատասխանում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Սեյրանյանի խոսքսվ, իշխանության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ լրագրողները խանգարում են իրենց, խոչընդոտում են, չեն թողնում աշխատել, բայց ընդամենը լրագրողներն իրենց մասնագիտական պարտականությունն են կատարում, հարցեր տալիս։ Եթե լրագրողի հարցը իրենց անհարմարություն է պատճառում, համարում են, որ խանգարում են, հիմա էլ գործիք են ստեղծում, որով ուզում են ազատվել նման լրագրողներից։

«Մենք ոչ միայն դատապարտել ենք խոսքի ազատության, մամուլի ազատության դեմ այս իշխանության հերթական գործողությունը, այլև կառավարությունից պահանջել ենք բացասական եզրակացություն, որովհետև կառավարությունը դեռ եզրակացություն չի տվել։ Ես խիստ կասկածում եմ, որ կառավարությունն անտեղյակ է այս նախագծից, ավելին՝ վստահ եմ, որ կառավարության ղեկավարի կողմից է հրահանգը իջեցվել։ Եթե բացասական եզրակացություն չտա, կհաստատվեն այն ենթադրությունները, որ այս ամենը քաղաքական որոշման արդյունք է, ու քաղաքական պատվեր է իջեցվել հենց կառավարության ղեկավարի կողմից։ Նաև միջազգային հանրության խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կառույցների ուշադրությունն ենք հրավիրել՝ կանխելու մամուլի ազատության, խոսքի ազատության դեմ ուղղված այս հերթական նախաձեռնությունը, որովհետև դա հարված է նաև ժողովրդավարությանը, որը գտնվում է, այսպես ասած, ոչ բարվոք վիճակում ՀՀ-ում, և պահանջում ենք դադարեցնել սանձազերծման արշավը, հորդորում ենք շուտ արձագանքել ու կանխել, որովհետև մենք տեսնում ենք, որ նրանք արել են իրենց գործը, ու միայն դրանից հետո են հայտարարություններ հնչում։ Գոնե կարողանանք սա կանխել, որովհետև սա լուրջ սահմանափակումներ է մտցնելու լրագրողների, լրատվամիջողների աշխատանքում»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Oragir.news-ը կապ հաստատեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ՝ հարցնելով, թե նախագծով ի՞նչ սահմանափակումներ են լինելու լրագրողների համար, ինչին ի պատասխան նա ասաց, որ իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է նախագծին՝ ասելով, որ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը, մեկը՝ նախկին լրագրող, մեկը՝ վաճառքի նախկին մենեջեր, Հայաստանում մամուլի ազատության և գործունեության սահմանափակման նոր փորձ են ձեռնարկել, համաձայն որի՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմինը կարող է նաև լրագրողին զրկել հավատարմագրումից՝ «աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում»:

Մկրտչյանի խոսքով՝ կարգապահական կանոնների խախտման դեպքը չի մանրամասնվում, բայց ինքը գիտի, որ դա ինչ ասես՝ կարող է ներառել. «Ասենք, լրագրողի՝ երկու հարց տալու ցանկությունը՝ մեկի փոխարեն, պետական պաշտոնյային տեսնելիս չխոնարհվելը կամ ոտքի չկանգնելը, անցանկալի լուրեր և հոդվածներ հրապարակելը և այլն, և այլն: Որպես հետևանք՝ ցանկացած պահի ցանկացած լրագրող կարող է զրկվել պետական մարմնում հավատարմագրման հնարավորությունից»:

Մկրտչյանը, անդրադառնալով 2002-2004թթ.-ներին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղան ԶԼՄ մասին գործող օրենքի ընդունմանը, Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ լրագրողները համախմբվեցին ընդդեմ այդ օրինագծի:

«Մամուլի ազգային ակումբը դեմ էր հատկապես լրագրողների հավատարմագրման ինստիտուտն օրենսդրորեն ամրագրելուն: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեր պայքարի առաջամարտիկներից էր»։


Քնարիկ Պետրոսյան