Ներքին 4 տարի առաջ - 12:31 07-04-2022

Աղբի համար «կռիվ» տվողները

Նուբարաշենի աղբավայրում է արդեն 56 տարի կուտակվում մայրաքաղաքի ու հարակից բնակավայրերի ամբողջ աղբը: Աղբավայրի հազվադեպ այցելուներին այստեղ առաջինը դիմավորում են աղբանոցի վրա երամներով պտտվող թռչունները: Հետո արդեն անկոչ հյուրերից դժգոհում են այստեղ աղբի տեսակավորմամբ զբաղվող ոչ այնքան բարեհամբույր մարդիկ, որոնք վիրավորական արտահայտություններով, երբեմն հայհոյանքներով ու սպառնալիքներով պահանջում են լքել իրենց տարածքը:

Բանն այն է, որ Նուբարաշենի աղբավայրում հատկապես վերջին տարիներին մարդկանց որոշ խմբեր ազատ գնում, իրենց համար ցանկալի իրերը՝ կենցաղայինից մինչև շշեր, վերցնում և օգտագործում են տարբեր նպատակներով. մի մասը՝ վաճառքի, մյուսը՝ անձնական շահագործման համար։

Oragir.news-ը զրուցեց Նուբարաշենի աղբավայրի անվտանգության աշխատակցի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք թույլատրվում է մարդկանց ազատ մուտքն աղբավայր, և արդյո՞ք մարդիկ աղբի համար կռվում են: Վերջինս սկզբում տարակուսելով պատասխանեց, որ որևէ մեկին չի տեսել տարածքում, ապա ասաց, որ պետք է տնօրենի հետ խոսի, հետո մեզ թույլ տան տարածքը նկարահանել։ Իհարկե, տնօրենն այդպես էլ թույլ չտվեց նկարահանում իրականացնել Նուբարաշենի աղբավայրում, բայց ֆիքսված կադրերից ակնհայտ է, որ աղբը տեսակավորվել էր։

«Չկա նման բան, բացառվում է, որ աղբ բերողներն իրար հետ կռիվ անեն, ես չեմ լսել նման բան, երեք ամիս է՝ էստեղ եմ, նման բան չեմ տեսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե վախենո՞ւմ է, որ ասելու դեպքում իրեն աշխատանքից կազատեն, խոստովանեց. «Դե, աղբը բոլորինն է, տարածքը բոլորինն է, էդ տնօրենից կարաք մենակ իմանաք, չկա էն պատասխանատու մարդը, բացի իրենից, որ կարող է իմանալ դա։ Կա բրիգադիր, ինչ-որ տեխնիկա աշխատացնող, ասենք՝ զիբիլի մեքենան տեղավորող, իսկ ներկա դրությամբ այդ մարդիկ այս ժամին չեն աշխատում։ Բայց առավոտները որ գալիս եմ, մեկ-մեկ տեսնում եմ մարդկանց, որ շշեր-մշեր են հավաքում, դիվիդի ա, բան ա, կահույք էլ կա, տանում են։ Տանում են «Քռչի բազառ»՝ ծախելու հիմա։ Իմ անվտանգության ֆունկցիան մի քիչ ուրիշ ա, էլի, ստեղ ամեն մեկս մեր գործի պատասխանատուն ենք։ Ես ավել բան չեմ կարող ասեմ, կարող է ինձ աշխատանքից հանեն»։

Հարցին՝ եղե՞լ է դեպք, որ աղբի համար կռվողներին փորձի իրարից բաժանել, բազմաբովանդակ ժպտաց՝ ասելով. «Էդ բոմժերն արդեն գնացել են, հիմա ստեղ չեն, առավոտներն են հիմնականում գալիս։ Մեզ ի՞նչ կարան անեն, բա ես ինչի՞ համար եմ ստեղ կանգնած, իրենք որ կռվում են, մի բան էլ ես եմ մոտենում, բաժանում իրենց։ Ներքևի պլաշադկեքում էլ կան, իջեք, նայեք»։

Փաստորեն Նուբարաշենի աղբավայրի խնդիրը լուծելու ջանքերը մինչ օրս ոչ միայն ցանկալի արդյունք չեն տվել, այլև, ըստ էության, չեն էլ իրագործվել, ավելին՝ դրանց գումարվել է նաև վերահսկման խնդիրը։

Քնարիկ Պետրոսյան



Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել