copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:00 05-04-2022

Եվրոպացիները ապրանք չեն բերում, «ռուսական շուկան մնացել է հայերին»

Օրերս ՀՀ ֆինանսների նախարարն է անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների՝ ՀՀ տնտեսության վրա ունենալիք ազդեցությանը՝ նշելով, որ, պայմանավորված պատերազմական գործողություններով ու դրա հետևանքներով, ՌԴ-ից Հայաստան ուղարկվող դրամական հոսքերը կնվազեն։ Նախարարի գնահատմամբ՝ տարեկան մեր հայրենակիցների կողմից ՌԴ-ից Հայաստան փոխանցվող շուրջ 850 մլն դոլարից հոսքերը կարող են նվազել մոտ 40%-ով։

Խոսելով ՀՀ-ից ՌԴ արտահանումների մասին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համանման իրավիճակ ունեցել ենք նաև 2015-2016թթ.-ներին, երբ որոշ գործարարներ ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշներն էլ դրա հետևանքով սնանկացել են. «Իհարկե, մեզանում անպայման կլինեն կարճաժամկետ շոկեր: Բայց մեր արտահանող հատվածը, ինչպես և 2015-2016թթ.-ներին, կվերագտնի հնարավորությունները: Մենք 2021 թ.-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ։ Քիչ չեն փոքր ու միջին արտադրող ջերմոցատերերը, գյուղատնտեսական ապրանք աճեցնողները, արտահանող, վերամշակող կազմակերպությունները, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողները, որոնք ժամանակին, արժույթի արժեզրկման հետ կապված շոկերի արդյունքում, կրել են լուրջ վնասներ, քանի որ իրենց դեբիտորական պարտքերը գնանշված են եղել ռուբլով։ Այսօր էլ դա անխուսափելի է»։

Նախարարը թերևս միտումնավոր հնարավորինս մեղմ է ներկայացնում իրավիճակը՝ այն համեմատելով 2015-2016թթ.-ների հետ։ Մինչդեռ հիմա միանշանակ ավելի բարդ ու անորոշ իրավիճակ է։ Այդուհանդերձ, շոկերը, որոնց մասին խոսում է նախարարը, դարձյալ վերաբերում են նույն ոլորտներին, ինչ որ 2015-2016թթ.-ներին. փոքր ջերմոցներ, թարմ գյուղմթերք, խմիչքներ, պահածոներ արտադրող ու արտահանող ընկերություններ։ Բացի հանքահումքից՝ այն, ինչ ունի Հայաստանը։

Ցավոք, պրն Խաչատրյանը ոչինչ չի ասում դրանք չեզոքացնելու կամ մեղմելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած ու ձեռնարկելիք միջոցառումների մասին։ Չի ասում, որովհետև այդ առումով բացարձակապես ոչինչ չի արվում։

Ռուսական շուկայում հայկական կոնյակի և գինու իրացման առումով առաջացած խնդիրների վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների ու մասնագետների ահազանգերին ի պատասխան՝ օրերս տնտեսության ոլորտի մյուս նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ՌԴ-ում վերոնշյալի առումով որևէ խնդիր չկա, ընդհակառակը՝ ֆրանսիական կոնյակների, ֆրանսիական, իտալական և իսպանական գինիների ռուսական շուկայից դուրս գալով պայմանավորված, հայ արտահանողների համար ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Ոչ մասնագետի համար կարծես տրամաբանական բացատրություն է։ Մինչդեռ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ նախ՝ հայկական և ֆրանսիական կոնյակները բոլորովին տարբեր գնային սանդղակներում են, ֆրանսիականը կրկնակի-եռակի թանկ է հայկականից, հետևաբար ֆրանսիականի շուկայից դուրս գալը հայկական կոնյակի իրացման առումով որևէ ազդեցություն ունենալ չի կարող։

Ինչ վերաբերում է գինուն, ապա վերոնշյալ երկրները, ՀՀ-ն և այլ գինեգործական երկրներ ռուսական շուկայում գինի են իրացնում գրեթե բոլոր գնային սանդղակներում։ Բայց, որ ավելի կարևոր է, իտալացիների, իսպանացիների դուրս գալը դեռ չի նշանակում, որ մեր գինիների համար իրացման դաշտ է բացվում, քանի որ Հարավային Ամերիկայի երկրների հնարավորություններն այդ բացը լրացնելու առումով շատ ավելի մեծ են։ Մյուս կողմից էլ՝ պարզվում է, որ եվրոպացիները բոլորովին էլ չեն պատրաստվում իրենց խմիչքներն ամբողջությամբ հանել ռուսական շուկայից։ Ոչ էլ ռուսներն են պատրաստվում արգելափակել դրանց մուտքը։ Պարզապես այս փուլում, պատերազմով պայմանավորված, լոգիստիկ խնդիրներ կան, որ պատերազմական գործողություններից հետո կկարգավորվեն։ Իսկ մինչ այդ հարավամերիկյան երկրները պետական մակարդակով ակտիվորեն աշխատում են իրենց խմիչքների ծավալները ՌԴ-ում մեծացնելու ուղղությամբ։

Մինչդեռ մենք, ի դեմս կառավարության, բավարարվում ենք հայտարարելով, որ եվրոպացիների հեռացումով ռուսական շուկայում շանս է բացվում՝ անգամ չիմանալով, որ մեծ հաշվով եվրոպացիները «չեն էլ հեռանում»։ Իսկ Տիգրան Խաչատրյանը, լինելով հին թիմից, հաստատ տեսել է ու գիտի նման դեպքերում «ինչը ոնց է արվում»։ Պարզապես, քանի որ «նոր հները» հրաժարվել են հների միայն լավից, նա իրավիճակը ներկայացնում է հնարավորինս փափուկ ու այնպես, որ այդ ամենում կառավարությունը գրեթե անելիք չունի, որովհետև փողը, որ պետք է ուղարկվի այստեղի հայրենակիցներին, կառավարությունում չէ, այլ ՌԴ-ում, «շոկերն» էլ ժամանակին լուծել են արտահանողները, հիմա էլ նրանց անելիքն է։ Գինու, կոնյակի, թարմ ու մշակված գյուղմթերքի համար էլ խնդիր չկա. եվրոպացիները չեն բերում, «ռուսական շուկան լրիվ ազատ է ՀՀ կառավարության համար»։



Ամենից շատ դիտված