copy image url
Միտք 2 տարի առաջ - 15:11 04-04-2022

Միայն «ոչ» ասելու համա՞ր եք կանչում հանրահավաքի

Հայաստանի ընդդիմությունը վաղը հանրահավաք է անելու։ Հանուն Արցախի։ «Արցախը պահելու և Հայաստանը պաշտպանելու համար երեքշաբթի օրը, ժամը 18։30-ին արի՛ Ազատության հրապարակ»,- ասում են Իշխան Սաղաթելյանն ու մյուսները։ Նրանք հավանաբար մոռացել են, որ Արցախը պաշտպանելու համար ցանկալի, նույնիսկ պարտադիր է անգամ Արցախ գնալն ու Խրամորթի կողմերը թուրքին դեմ հանդիման կանգնելը, բայց հոգ չէ՝ Ազատության հրապարակն էլ վատ տարբերակ չէ։ Ազատության հրապարակում հավաքվելու գաղափարն այն է, որ վռնդեն Արցախը հանձնող ու Արցախը չպաշտպանող իշխանություններին և տեղը բերեն իրենց՝ Ռոբերտ Քոչարյանին կամ մեկ ուրիշին՝ իրենցից։

Նոյեմբերի 9-ից հետո շաբաթներ շարունակ նույն Իշխան Սաղաթելյանն ու «Հայաստան» դաշինքի մյուս անդամները միտինգներ արեցին, Բաղրամյանում քնեցին, քայլեցին ու զբոսնեցին, վերջում մասնակցեցին ու պարտվեցին։ Հիմա նորից մարդկանց հրավիրում են Ազատության հրապարակ, որ «ոչ» ասեն այս իշխանություններին։ Միայն «ոչ» ասելու համա՞ր են կանչում հանրահավաքի, թե՞ կոնկրետ գործողություններ էլ են լինելու՝ բացի ելույթներից։ Ժողովրդին այսօր միայն դա է հետաքրքրում՝ ոչ թե «այո» կամ «ոչ» գոռալ ամբիոնից, այլ գնալ և տեր կանգնել նոյեմբերի 9-ից հետո մինչ այս պահը հնչող հայտարարություններին, խոստումներին, լոզունգներին, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, քանզի չարիք են, դավաճան են, կապիտուլյանտ են և այլն։ Դրանում ոչ ոք չի կասկածում, նույնիսկ իրենք՝ չարիքներն են համոզված, որ իրենք չարիք են, ու մնացել են, որովհետև, ինչպես ասացինք, չարիք են։ Բայց ի՞նչ է անում հայրենի արմատական ընդդիմությունը, բացի չարիքին «չարիք» անվանելուց։ Դեռևս միայն ելույթ է ունենում՝ ուրիշ ոչինչ։

Մարդիկ արդեն ֆեյսբուքում հստակ ուլտիմատում են ներկայացնում, որ եթե այս անգամ էլ մարդկանց հավաքեն Օպերայի մոտ և մի ժամ հետո ուղարկեն տուն, իրենք այլևս երբեք չեն մասնակցելու ընդդիմության հանրահավաքներին։ Իսկ ընդդիմությունը դեռևս ոչ մի ծրագիր ու պլան չի ներկայացրել՝ ինչ են պատրաստվում անել այդ օրը, ինչ կոնկրետ գործողություններ են սպասվում՝ բացի ելույթներից, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, եթե դա ձախողվի՝ մյուս քայլը, և այսպես շարունակ։ Դեռևս միայն կոչ են անում՝ գալ և հավաքվել Ազատության հրապարակում։

Սա, իսկապես, լինելու է լուրջ քննություն ընդդիմության համար։ Եթե այս անգամ էլ նրանք ժողովրդին հավաքեն, բարձրագոչ ելույթներ ունենան և ուղարկեն տուն, ուրեմն մարդիկ վերջնականապես կհամոզվեն, որ ընդդիմություն կոչված խորհրդարանական երկու խմբակցությունները ոչ միայն չեն ուզում Նիկոլին հեռացնել, այլև հենց իրենք են Նիկոլին պահողը այդ պաշտոնին։ Եվ հետաքրքիր է նաև, թե ինչ են անելու, եթե Նիկոլը հանկարծ որոշի հեռանալ։ Ինչպե՞ս են նրա փոխարեն ավելի արդյունավետ լուծելու Արցախի հարցը կամ ինչպե՞ս են կանխելու Ադրբեջանի ագրեսիան և նոր պատերազմի վտանգը, որը ուղղակի կախված է մեր գլխին և ամեն օր կարող է պայթել։