ՀՀ արտակարգ իրավիճակների գործող նախարար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր և Հայաստանի ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը ձեռբակալվել է։ Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալու» մեղադրոնքով։ Քննիչի որոշմամբ նա երեկ ձեռբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախարար Անդրանիկ Փիլոյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ այնտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, հաշվառված է նախարարության հաշվեկշռում։ Իսկ գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարար Փիլոյանի անունը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է և 2020 թվականի նոյեմբերի 22-ին պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար: Իսկ «Ազգային հերոսի» կոչմանը Փիլոյանին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա 2020 թ. հոկտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»- գրել էր Փաշինյանը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Փիլոյանից մեր օրերի «Ալեքսանդր Մակեդոնացի» ու «Վարդան Մամիկոնյան» էր կերտում, հայաստանյան մամուլը պարբերաբար գրում էր, որ անհասկանալի է Փիլոյանին Ազգային հերոսի կոչում տալը, քանի որ նա պատերազմի ժամանակ ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։ Անգամ Դանիել Իոաննիսյան էր գրել, որ Փիլոյանը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է, հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին:
«Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին․ Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է: Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին: Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեծ բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ: Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»- գրել էր Իոաննիսյանը։
«Հրապարակ» օրաթերթը անհրադառնալով վերջին դեպքերին, գրել է. «Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, եւ նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։ Այսինքն, մենք պարտվել ենք նրա եւ նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլեւ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»:
Փիլոյանին մեղադրանք առաջադրելուց օրեր առաջ՝ Մարտի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարար Անդրանիկ Փիլոյանին 14 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ էր տրամադրել, միչդեռ նույն օրը՝ մարտի 28-ին, ԱԻՆ–ում ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել նախարարի խորհրդականի աշխատասենյակում։ Իսկ նախարարի ձեռբակալությունից հետո, Փաշինյանը անհրադարձել է քրգործին, ասելով, որ քրգործը վերջին 1 տարում ԱԻՆ-ում որոշ գործընթացների մասին է, և իր համար շատ ցավալի է այդ փաստը։ «Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք։ Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե ապացուցվի նրանց մեղավորությունը։ Շատ հարցեր են հնչում, թե ինչի հետ է կապված քրգործը, ասեմ, որ այն վերջին 1 տարում ԱԻՆ–ում որոշ գործընթացների մասին է»,–ասել է Փաշինյանը:
Մանուշակ Մելքոնյան