Խոսք 2 տարի առաջ - 20:53 24-03-2022

Նախկինները ասել են, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հայկական կողմը մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ասելով, որ այդ հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը իրենց քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք։ 2004թ, սակայն, ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ աշխարհը և Հայաստանը ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ԼՂՀ-ը չի մտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ և երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Ադրբեջանից ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Ադրբեջանը ԽՍՀՄ-ից՝ նույն օրենքների վրա հիմնվելով։

Ադրբեջանը իր հերթին Հայասատանին առաջարկել է 5 կետեր, որոնց մեջ մտնում է նաև «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» հարցը։

Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ՝ հարցնելով, թե ինչ նկատի ունեին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով էր այդ ճանաչումը տարբերվում ճանաչման փաշինյանական և ադրբեջանական ընկալումներից։

«Եթե նախկինները սխալ են ասել, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր չէ հետևել այդ սխալներին։ Նրանք, կարծեմ, ասել են, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Քոչարյանը այդ մասին ասել է հրապարակավ՝ եվրոպական ամբիոնից, և որքան հայտնի է, հարցին անդրադարձել է նաև Թեհրանում։ Երբ մենք ասում ենք, որ ԼՂՀ-ի ճանաչումը կապ չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ, այդտեղից տրամաբանորեն բխում է, որ ԼՂՀ-ը չի մտնում և չի պատկանում Ադրբեջանին։ Խնդիրը նաև այն է, որ կան իրավական հիմքեր այդ դրույթի հիմնավորման համար։ Ի դեպ պետք է ասեմ, որ մեր քաղաքական գործիչները և դիվանագիտությունը այդ գաղափարը լայնորեն չեն արմատավորել հանրային գիտակցության մեջ։ Դա, այսպես ասած, նախկինների թերությունն է, բայց, այնուամենայնիվ, պարոն Քոչարյանը հայտնի է ամբողջ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ իր այդ ելույթով, որը անմիջապես վերաբերում է տարածքային ամբողջականությանը։ Եթե որևէ մեկը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, պետք է իրավական հիմքեր ցույց տա, ուրեմն ո՛չ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, ո՛չ Խորհրդային Ադրբեջանը չեն ունեցել այն սահմանները, որոնք վերագրվել են»,- ասաց Մանասյանը։

Մանասյանի խոսքով՝ Սովետական Ադրբեջանը հիմնել են բոլշևիկները, ընդ որում 1921 թ․, երբ նրանք ընդունել են սահմանադրություն, այն չի որակվել իբրև հանրապետություն։ Այսինքն պետության անուն չի տրվել։ Հայաստանի հետ կնքվելիք պայմանագրերից մեկում, որը չի վավերացվել, բայց փաստաթուղթը կա, ասվում է, որ Սովետական Ադրբեջանը Սովետական Ռուսաստանի մաս է։

«Խորհրդային Ադրբեջանը հետագայում ձեռք է բերել իբրև թե սահմաններ, բայց այդ սահմանները հայտնի չեն՝ որոնք են։ Առաջին քարտեզում՝ տպագրված Սովետական մեծ հանրագիտարանում, կան բազմաթիվ տարածքներ, և դրանք բոլորը նշված են որպես հայկական տարածքներ, սակայն սա չի նշանակում, որ այդ սահմանները օրինական են, նույնիսկ դա օրինական չէ»,- ասաց նա։

Վերջինս զրույցում նշեց, որ օրինական սահմանները ի հայտ են գալիս ինքնորոշման ակտով, անկախության հանրաքվեով․ «Խորհրդային Ադրբեջանում երբևիցե ինքնորոշման ակտ և հանրաքվեով հաստատված սահմաններ օրինական չեն եղել․ Խորհրդային Ադրբեջանը դրանք չի ունեցել։ ԼՂՀ-ն 1991 թ․ հռչակել է իր անկախությունը, Խորհրդային Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ 1991թ ԼՂՀ ինքնորոշվել է, եղել է հանրաքվե․ դա ինքնորոշման ակտ է։ Նշել են իրենց սահմանները, սակայն Բաքուն և Ադրբեջանը ինքնորոշման ակտ չեն արել մինչև 1991 թ․ դեկտեմբերի 29-ը, երբ Եվրոպան նրան ասել է, որ ճանաչելու է ԽԱ-ի սահմաններում։ Բայց ո՛չ Եվրոպան, ո՛չ Բաքուն չգիտեին, թե ինչ սահմանների մասին է խոսքը, որովհետև ԽԱ-ն չի ունեցել օրինական սահմաններ։ Հիմա այս բոլոր իրավական հիմքերը անտեսենք՝ խոսելով ԱՀ տարածքային ամբողջականության մասին, բայց ո՞ր սահմանների մասին․ այդպիսի սահմաններ չկան»,- նշեց Մանասյանը։

Ըստ քաղաքագետի՝ իրավական փաստաթղթերի անուն չի տվել նաև Մինսկի խումբը։ Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դրել է տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքը, բայց Մինսկի խումբը տարածքային ամբողջականությունը չի կապել խնդրի հետ․ ուղղակի հռչակել է․ «Այնպես որ, ոչ ոք իրավունք չունի խոսել տարածքների մասին՝ առանց փաստաթղթերի, առանց իրավական հիմքերի»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը, առաջարկելով 5 կետերը, ուզում է իր տարածքային ամբողջականության մեջ մտցնել նաև ԼՂՀ-ն, Մանասյանը պատասխանեց․ «Ուզում է օրինականացնել այն սովետական տարիներին և հիմա զավթած տարածքները, օրինականացնել այդ զավթումը, օրինականացնել ցեղասպանությունը․ դա է ուզում, Ղարաբաղը, Երևանն էլ հետը։ Իսկ վարչապետի խոսքից հետո կարել է պարզապես ասել՝ իրավական հիմքերի անուն տվեք, մնացածը ինքնին դառնում է մանիպուլյացիա և հնարախաղ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր

Ձեզ գուցե հետաքրքրի