Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Խոսք 3 ամիս առաջ - 20:11 23-03-2022

Կենդանիների բացակայությունը շատ «կխփի» ֆինանսականին․ Սոս Պետրոսյան

Մանուշակ Մելքոնյան

Լրագրող

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներ:

Հիշեցնենք, որ 2012 թ․ սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվեց՝ վթարային լինելու պատճառով և 2014 թ․ նոր կրկես ունենալու պայմանով։ Նախագծի համաձայն՝ կրկեսը պետք է լիներ ավելի մեծ և հարմարավետ, սակայն մինչ օրս այն չի վերաբացվել։ Ստացվում է, որ Հայաստանում կրկես չկա, բայց չգիտես ինչու օրենք է ընդունվում՝ արգելել վայրի կենդանիների ցուցադրությունը կրկեսում։

Oragir.news-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանն ասաց, որ եթե օրենք է ընդունվել, չեն խախտի, և կաշխատեն ուրիշ համարներով լրացնել կենդանիների բացը։

«Ես կարդացի, որ արգելվում է վայրի կենդանիների ցուցադրումը կրկեսում, դե հիմա եթե այդպես է օրենքը, մենք օրենքը հարգող մարդիկ ենք և չենք հրավիրի վայրի կենդանիների։ Մենք այնքան ընտանի կենդանիներ ունենք, որոնց կարող ենք ցուցադրել, բացի այդ կրկեսը բազմաժանր արվեստ է, և կկոմպենսացնենք կենդանիների բացը մյուս ժանրերի ատրակցիոններով և տեսարաններով, կհրավիրենք ակրոբատիկներ, օդային ու թռիչքային ատրակցիոններ, այնպես որ կհամալրենք, խնդիր չի լինի։ Մենք չենք կանգնի և թույլ չենք տա, որ ժողովուրդը այդ բացը զգա։ Բայց ասեմ, որ ժողովուրդը կենդանիներ շատ է սիրում, մանավանդ վայրի։ Երբ գալիս են մեզ մոտ տոմս առնելու, անպայման հարցնում են՝ վայրի կենդանիներ կա՞ն, առյուծներ, վագրեր, արջեր կա՞ն։ Եթե իմանում են՝ չկա, տոմս չեն վերցնում։ Դա շատ կազդի կրկեսի գործունեության վրա, բայց մենք չենք կանգնի և կգնանք առաջ»,- ասաց Պետրոսյանը։

Ապա հավելեց, որ մնացած երկիներում այդպիսի օրենք չկա, և կրկեսը չի աշխատում առանց կենդանիների․ «Օրինակ Մոսկվայում նման օրենք չկա, պատկերացնո՞ւմ եք Զապաշնիների հանրահայտ կրկեսը առանց կենդանիների, Զապաշնիները հենց վայրի կենդանիներով են ներկայացումներ տալիս, առանց դրա անհնար կլինի և ֆինանսական պլանն էլ չեն ապահովի․ նրանք տարվա բոլոր ամիսներին աշխատում են կենդանիների հետ։ Կամ Նիկուլինի կրկեսում․ այնտեղ տասնյակ վայրի կենդանիների հետ են աշխատում և իմ հարցին էլ պատասխանեցին, որ եթե վայրի կենդանի չլինի, այցելու էլ չի լինի, այսինքն՝ ֆինանսապես կտապալվի կրկեսը»,- ասաց Պետրոսյանը։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի կրկեսում նման իրավիճակ չի՞ ստեղծվի, Պետրոսյանը պատասխանեց, որ կաշխատեն այնպես անել, որ խնդիր չառաջանա․ «Կանադական «Արևի կրկեսը» ամենահայտնիներից է, որը ներկայացումներ ունի ամբողջ աշխարհում։ Նրանք երբ անցյալ տարի եկան Մոսկվայում աշխատելու, 1-2 օրից էլ մարդիկ չեկան ներկայացման, որովհետև կենդանիներ չկային։ Կենդանիների բացակայությունը շատ «կխփի» ֆինանսականին։ Բայց պետք է այնպես անել, որ «տակից դուրս գանք» և անպայման դուրս կգանք։ Միջոցներ կձեռնարկենք, որ ներկայացումներ շարունակվեն։ Մենք այնպես կանենք, որ բացը չի զգացվի, ուրիշ համարներով կփոխարինենք։ Ուրիշ երկիրներում էլ եթե նման օրենք լինի, կարծում եմ նրանք էլ այդպես կանեն։ Հայաստանում կան ռեստորաններ, որտեղ վայրի կենդանիներ են ցուցադրում վանդակների մեջ պահած, երևի կարծում են՝ կրկեսի վայրի կենդանիներն էլ են այդպիսի վատ վիճակում, գազանանոցի մասին չխոսեմ, որ մարդկանց ցույց են տալիս չխնամված կենդանիների։ Մեզ մոտ դերասանները վայրի կենդանիներին պահում են իրենց երեխաներից ավելի լավ, ու եթե ինձ հարցնեն, ես կուզեի, որ անպայման լինեն կենդանիները, դրանք միշտ կրկեսի զարդն են եղել։ Իհարկե ցանկալի չէ այնպես, բայց ինչ արած՝ եթե այդպես են ճիշտ գտնում․ մենք կհարմարվենք։ Ինձ մի 3-4 տարի անընդմեջ զանգել են Շրջակա միջավայրի նախարարությունից, և այս մասին խոսել եմ փոխնախարարների, բաժնի վարիչների հետ ու իմ կարծիքը հայտնել եմ դրա վերաբերյալ, բայց ինչու հիմա այդպես որոշեցին՝ տեղյակ չեմ»,- պատասխանեց Պետրոսյանը։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք հիմա կրկեսում կենդանիներ կան, եթե այո, օրենքի ընդունումից հետո ինչ պետք է անեն նրանց հետ, որին Պետրոսյանը պատասխանեց․ «Մենք հիմա կրկեսում կենդանիներ չունենք, շատերը մտածում են՝ այստեղ կենդանիներ կան, բայց ոչ։ Կրկեսի բոլոր դերասանները, որոնք ունեն և՛ վայրի, և՛ ընտանի կենդանիներ, բերում են մեր հյուրախաղերին, նրանց հրավիրում ենք, գալիս են»,- ասաց Պետրոսյանը։

Մանուշակ Մելքոնյան