Մեր արվեստը պետության կողմից որևէ ձևով չի ներկայացվում արտերկրում. Արամ Իսաբեկյան

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 10:52 22-03-2022
Oragir.news-ը զրուցել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի հետ հայ նկարիչների՝ արտերկրում հաջողության հասնելու, նկարիչների՝ ՀՀ-ում մնալու մոտիվացիայի, հայկական ցուցահանդեսների կազմակերպման, նկարիչների խնդիրների և ակադեմիայի հետագա աշխատանքների մասին։
Իսաբեկյանը, անդրադառնալով հարցին, թե կա տպավորություն, որ տղաներն ավելի հաջողակ են նկարելու ասպարեզում, քան աղջիկները, պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա առհասարակ խնդիր է, տղամարդիկ ամբողջ աշխարհում ավելի ընդգրկված են եղել նկարչության բնագավառում և ավելի հաջողակ են եղել։ Արվեստով ապրելը և դրա շնորհիվ ընտանիք պահելը դժվար է, շատերը մեծ մասամբ նաև այլ գործ են ունենում, որպեսզի կարողանան ընտանիք պահել»։
Անդրադառնալով արտերկիր չգնալու և հայրենիքում մնալու ու ստեղծագործելու մոտիվացիային՝ նա ասաց, որ ամեն անձ ունի իր մոտիվացիան։ «Մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկին այսպիսի հարցադրում արեցի, թե ինչու՞ է մնացել ՀՀ-ում և դուրս չի գալիս, այնտեղ ստեղծագործում, չնայած նրան, որ դրսում հեշտ չէ, ամեն տեղ է հիմա դժվար՝ հատկապես քովիդի ու պատերազմի ժամանակաշրջանում, բայց եթե կա հնարավորություն, հիմա ես եմ ասում՝ թող գնան»։
Անդրադառնալով հարցին, թե հայ ստեղծագործողների աշխատանքը ինչպե՞ս ավելի շատ ներկայացնենք միջազգային հարթակներում և մեր տեղական ցուցահանդեսներին, պատասխանեց. «Գեղանկարի և քանդակի բաժնում աղջիկներն էլ են շատ, ինչը զարմանալի է։ Այն ցուցահանդեսները, որոնք լինում են, բավարար չափով չեն լուսաբանվում և քիչ են։ Բայց մի բան ուրախալի է, որ կապը ակադեմիայի և Նկարիչների միության միջև ամրապնդվել է»։
Իսկաբեկյանն ասաց, որ մարդիկ չեն կարող չստեղծագործել, կա ներքին մրցակցություն, որպեսզի լավ ձևով ներկայանան.
«Ցավոք, մեր արվեստը ոչ մի ձևով չի ներկայացվում արտասահմանում՝ ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում, չհաշված անհատներին, որոնք ինչ-ինչ հնարավորություններով կարողանում են դա անել, բայց այն ցուցասրահները, որոնք կան, որոնք արժանի են ցուցադրելու ՝ քիչ են, իսկ պետությունն ընդհանրապես դրանով չի զբաղվում։ Մեր պետությունը հազար ուրիշ խնդիրներ ունի, և ամենավերջին տեղում արվեստն է, մշակույթը, և եթե ինչ-որ բաներ էլ կատարվում են, դրանք զուտ ուրիշների՝ եվրոպացիների կողմից ինչ-որ առաջարկված բաներ են։ Մենք չենք կարողանում համաշխարհային արվեստի մեջ մեր այսօրվա հայ կերպարվեստը մատուցել, որը զարմանալիորեն բարձր մակարդակ ունի։ Հիանալի նկարիչներ ունենք, ովքեր կարող են մրցունակ լինել ցանկացած տեղ»։

Քնարիկ Պետրոսյան