Լուրջ խնդիրներ  ունենք ոչ միայն հացի, այլև կաթնամթերքի, մսամթերքի առումով
copy image url

Լուրջ խնդիրներ ունենք ոչ միայն հացի, այլև կաթնամթերքի, մսամթերքի առումով

Միտք 3 տարի առաջ - 15:26 21-03-2022

Վերջին օրերին, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, հայկական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում պարենային անվտանգության խնդիրն է, որ սահմանափակվում է առավելապես ցորենի ինքնաբավության հարցով։ Հասկանալի է, որ սննդի առումով ամենակարևորը հացն է։ Բայց մեր օրերում առանց կաթնամթերքի, մսամթերքի ու մյուս սննդամթերքների գործնականում գրեթե անհնարին է։

Oragir.news-ը օրերս անդրադարձել է ՀՀ-ում հացի ապահովվածության խնդրին, ներկայացրել, որ վերջին 4 տարիներին Հայաստանում սննդի մեջ և տնտեսության մյուս ճյուղերում «շրջանառվող» ցորենի քանակը 1 մլն 134 հազար տոննայից նվազել է 732 հազարի։ Ընդ որում, տնտեսության մեջ հացահատիկի օգտագործման նվազումը սկսվել է կորոնայից ու պատերազմից առաջ՝ 2019թ.-ին։ Պարզվում է, որ բացարձակապես նույն անկումային պատկերն է անասնապահության ոլորտում, որով պայմանավորված է հանրապետությունում կաթնամթերքի ու մսամթերքի արտադրության մակարդակը։

2022թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 559.6 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից 246.1 հազարը՝ կով։ Ինչպես նաև 166 հազար գլուխ խոզ (34.8 հազարը՝ մայր), 492.4 հազար ոչխար։ 2021թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 613.4 հազար խոշոր եղջերավորներ (265.8 հազարը՝ կով), 200 հազար գլուխ խոզեր (37.6 հազարը՝ մայր) 693.4 հազար ոչխար։ 2018թ. համեմատությամբ հաջորդ երեք տարիներին հանրապետությունում խոշոր եղջերավորների թվաքանակը նվազել է ավելի քան 30 հազար գլխով, կովերինը՝ ավելի քան 20 հազարով, մայր խոզերինը՝ ավելի քան 6 հազարով, ոչխարներինը՝ 170 հազարով։ Այդքան նվազումներով հանդերձ՝ ներկայացվող պաշտոնական թվերն արժանահավատ չեն։ 2020թ.-ի պատերազմի արդյունքում Արցախի ունեցած 50 հազար գլուխ խոշոր եղջերավորներից մնացել է ընդամենը 19 հազար։ Մինչդեռ Հայաստանի ունեցած 579 հազար գլուխ խոշոր եղջերավորների թիվն աճել է 33 հազարով։ Ընդ որում, գլխաքանակի աճ է արձանագրվել նաև Սյունիքում, ինչը գործնականում անհնարին էր։ Վերջին տասնամյակներին Արարատի մարզից սկսած մինչև Մեղրի, խոշոր ու մանր եղջերավորներին սեպտեմբերից սկսած պահում էին Արցախի ազատագրված տարածքներում՝ այդտեղի մեղմ կլիմայի պատճառով։ Տրամաբանական է, որ 2020թ.-ի ռազմական գործողություններից պետք է տուժեին բոլոր կենդանիներն անխտիր։ Եթե անգամ հաջողվել էր Սյունիքում կամ Վայոց ձորում հաշվառված կենդանիներին տեղափոխել ՀՀ տարածք, միևնույն է, դրանց ձմռանը պահել չէին կարող՝ կերի բազային իսպառ բացակայության պատճառով։ Հանրապետությունում առանց այդ էլ քիչ կերի կուտակման գործընթացն ավարտվել էր։ Հիշեցնեմ նաև, որ 2020թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին ՀՀ տարածքում տավարի մսի գինը նվազեց մինչև 1300-1400 դրամ՝ այն դեպքում, երբ սրա շուկայական գինը 2300-2400 դրամ էր։ Այնպես որ, անտրամաբանական է, որ Արցախում կարող էր գլխաքանակը պակասել ավելի քան 60%-ով, իսկ նույն ընթացքում Սյունիքում աճել։ Անհասկանալի է նաև այն, որ Արցախի ցանքատարածությունների հիմնական մասն անցել է թշնամուն, և այստեղից այլևս խտացված կեր ու խոտ չի ներկրվում: Գեղարքունիքի և Սյունիքի սահմանային արոտավայրերի զգալի մասը կորցրել ենք։ Եղածների մի զգալի մասն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ են, ու չենք կարողանում օգտագործել։ Ամեն օր թշնամին սահմանամերձ այս ու այն գյուղից ամբողջ հոտերով գողանում է կենդանիներին, ու նման իրավիճակում 2020թ.-ի համեմատությամբ հանրապետության անասնապահական շրջաններում՝ Սյունիքում անասնագլխաքանակը նվազում է ընդամենը 10 հազարով, իսկ Գեղարքունիքում՝ 3:

Ըստ անասնաբուծության ոլորտի մեծ գիտակ, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանի՝ «Հայաստանն ուներ 104 հազար հա խոտհարք և ավելի քան 1 մլն հա արոտավայր: Ոչ վերջնական հաշվարկներով, միայն ՀՀ-ում մի քանի տասնյակ հազար հա արոտավայր ենք կորցրել, որտեղ կերակրվում էր շուրջ 60-70 հազար գլուխ խոշոր եղջերավոր և ավելի քան 100 հազար ոչխար։ Կորցրել ենք նաև 12-13 հազար հա խոտհարք, մեր արոտավայրերի զգալի մասը», ու այդքանով հանդերձ, պաշտոնական տվյալներով, անասնագլխաքանակի ընդամենը մի քանի տոկոսանոց նվազում ունենք։ Խիստ է կասկածելի։ Հետևաբար մեծ ռիսկ է պարենային անվտանգության հարցեր լուծելիս առաջնորդվել պաշտոնական թվերով։ Վիճակագրական որոշ դեպքերում, «չանհանգստացնող» տվյալներով հանդերձ, լուրջ խնդիրներ ունենք ոչ միայն հացի, այլև կաթնամթերքի, մսամթերքի ու թերևս բոլոր սննդամթերքների ինքնաբավության առումով։ Եվ դա այս կառավարության վարած ապիկար քաղաքականության հետևանք է, որ փորձում են «պայմանավորել» կորոնավիրուսով, արցախյան, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմներով։



Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին