Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:14 19-03-2022

Ինչու իշխանությունը կարգավիճակ չի տալիս արցախցիներին

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում հաստատված արցախցիները չունեն որևէ կարգավիճակ: Օրեր առաջ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը խոսել էր արցախցիների իրավունքների մասին՝ նշելով, որ նրանց կարգավիճակ չտալը իրավունքների կոպիտ խախտում է և հակասահմանադրական։ Ալավերդյանը նշել էր, որ նրանց պետք է տալ ներքին տեղահանվածի կարգավիճակ:

Oragir.news-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը ասաց, որ արցախցիներին կարգավիճակ տալու հարցը ինքը դեռ պատերազմի օրերին է բարձրացրել ԱԳՆ-ում: ‹‹Իսկապես կոպիտ ոտնահարում է արցախցիների իրավունքների նկատմամբ, բայց հարցը այն է, թե ինչ կարգավիճակ տան: Եթե փախստականի կարգավիճակ են տալիս, դրանով կարծես թե ընդունում են, որ այդ մարդիկ Ադրբեջանի տարածքից են Հայաստան եկել: Եթե ներքին տեղահանվածի կարգավիճակ տան, ստացվում է, որ Հայաստանի տարածքից են եկել: Դրանով հարցը քաղաքական է դառնում, որովհետև Հայաստանը մինչև հիմա չի կողմնորոշվում՝ Ղարաբաղը Հայաստանի՞ մաս է, Ադրբեջանի՞, թե՞ անկախ պետություն: Եթե Արցախի Հանրապետությունից են փախել, էլի կարող են իրենց փախստականի կարգավիճակ տալ, բայց քանի որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախը, դա էլ չի ստացվում: Ու այս անորոշ բանը, որի հիմքը դրվել է 30 տարի առաջ, բերում է այսպիսի իրավիճակի: Իսկ եթե խոսքը վերաբերում է կոնկրետ արցախցիներին, իհարկե, նրանց իրավունքների ոտնահարում է, որովհետև պարտավոր են ինչ-որ մի կարգավիճակ տալ: Մարդկանց խնդիրը չի, որ պետությունը չի կարողանում կողմնորոշվել››:

Չնայած ՀՀ-ն արցախցիներին կարգավիճակ չի տվել, բայց, Կիրակոսյանի խոսքով՝ ներքին հումանիտար օգնություն տրամադրում է, ինչպես Արցախին է միշտ տրվել․ ‹‹Որպես Հայաստանի պարտավորություն՝ օգնություն տրամադրվել է ներքին կարգի: Այնպես չի, որ պետությունը ձեռքերը լվացել է: Ինչ-որ փոխհատուցումներ էին տալիս, օգնություններ էին տալիս, գումարներ և այլն, ինչպես Արցախին բյուջեից է գումար հատկացվել, հայկական դրամն է այնտեղ շրջանառվել, բայց իրավական անորոշ կարգավիճակով››:

Կիրակոսյանը նաև խոսեց փախստականի և ներքին տեղահանվածի կարգավիճակների տարբերության մասին․ ‹‹Եթե փախստականի կարգավիճակ են տալիս, այդ մարդը ստանում է փախստականի գրքույկ, որով նա նաև ճամփորդելու իրավունք ունի, ու այդ ժամանակ միջազգայնորեն հարց է առաջանում՝ այդ մարդուն տվել եք կարգավիճակ, որ Ադրբեջանի՞ց է փախել: Նույնիսկ Բաքվից փախածներին մեր պետությունը խուսափում էր փախստականի կարգավիճակ տալուց, ձգտում էին քաղաքացիություն տալ, որովհետև մեր իշխանության ռազմավարությունը ինտեգրումն էր, մարդկանց խրախուսում էին, նաև ստիպում էին, որ իրենք քաղաքացիություն ստանան: Ներքին տեղահանվածի և փախստականի միջև տարբերությունն այն է, որ փախստականը ունի նույն իրավունքներ տարբեր պետություններում, իսկ ներքին տեղահանվածը չունի»:

Կիրակոսյանը հավելեց, որ փախստականը արտոնություն ունի այն երկրում, որին դիմել է։ Ճամփորդելու իրավունք են ստանում, այսինքն՝ ինչ-որ ժամանակավոր փաստաթուղթ են ստանում, որով կարող են գնալ: Բայց արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, այսինքն՝ նրանք անձնագիր ունեն. «Կստացվի, որ ՀՀ քաղաքացիություն ունեն, և միաժամանակ Հայաստանը իրենց տալիս է փախստականի կարգավիճակ․ էլի իրավական տարօրինակ բան է ստացվում: Այսօր մեր քաղաքացիները ՌԴ-ից կամ Ուկրաինայից եթե գան, մեր քաղաքացիներն են, վերադարձել են իրենց երկիր: Այս խառնաշփոթը ստեղծվել է այդպիսի հիմքից, հիմքը գալիս է 30 տարի առաջվա մեր իշխանությունների երկերես քաղաքականությունից››:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց. ‹‹Ներքին տեղահանվածի պարագայում խոսքը վերաբերում է պետության մի տարածքից մյուս տարածք տեղափոխվելուն: Այստեղ խնդիրը շատ նուրբ է: Մենք ինչպե՞ս ենք վերաբերվում Արցախին, և կարծես թե որևէ տարբերություն այս առումով չի եղել: Մենք երբեք պաշտոնապես Արցախը Հայաստանի մաս չենք համարել: Համարել ենք, որ Արցախը անկախ պետություն է, և գաղափարը դեռևս առաջին նախագահի ժամանակ այն էր, որ պետք է ամեն ինչ անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի, նոր դրանից հետո մտածենք շատ արագ Մայր հայրենիքի հետ վերամիավորման մասին: Այս առումով՝ ես կարծում եմ, որ մեր մոտեցումներին ավելի համահունչ է, որ ոչ թե ներքին տեղահանվածի, այլ փախստականի կարգավիճակ շնորհվի այն արցախցիներին, որոնք տուն-տեղ կորցրել և հիմա գտնվում են Հայաստանում»:

Իսկ թե արցախցիները ինչ կստանան փախստականի կարգավիճակ ստանալով՝ Մելիքյանն աաց, որ նախ հումանիտար հատվածով ավելի մեծ հնարավորություն կունենան տարբեր պետություններ այցելելու և այլն: Իսկ քաղաքական իմաստով փախստականի կարգավիճակը հարցը ակտիվ պահելու հնարավորություն կտա. ‹‹Չնայած ես կարծում եմ, որ սա չէ քաղաքական ամենամեծ կռվանը այս պատմության մեջ այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները արդեն բացեիբաց ադրբեջանամետ դիրքորոշումներ են հայտնում, այս հարցը որևէ էական ազդեցություն ունենալ չի կարող իրավիճակը շտկելու ուղղությամբ››:

Մելիքյանը հակադարձեց Կիրակոսյանի այն պնդմանը, թե փախստականի կարգավիճակը կարող է նշանակել, որ Արցախը Ադրբեջանի մաս է. ‹‹Ես չեմ տեսնում այդ վտանգը, եթե ՀՀ-ն հստակ դիրքորոշում արտահայտի, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս: Այս մոտեցումը ՀՀ իշխանությունը երկար ժամանակ հստակ արտահայտում էր: Հիմա իրավիճակ է փոխվել, և մենք տեսնում ենք խայտառակ հայտարարություններ իշխող ՔՊ-ի առանձին ներկայացուցիչների կողմից: Այս պայմաններում բացառապես այդ մարդկանց հայտարարությունների պատճառով ձեր ասած վտանգը, ցավոք սրտի, գոյություն ունի: Բայց եթե մենք վերացարկվում ենք այս հայտարարությունից, ապա կրկնեմ՝ տրամաբանական տիրույթում դժվար է պատկերացնել, թե մենք ինչպես ենք հիմնավորելու այդ մարդկանց ներքին տեղահանվածի կարգավիճակ շնորհելը, այն պայմաններում, երբ մենք երբեք չէինք համարել Արցախը Հայաստանի մաս, գտել ենք, որ միայն անկախության ճանաչումից հետո է անհրաժեշտ շատ արագ վերամիավորման հարց բարձրացնել››:

Թե ինչ խնդիրների կբախվի արտաքին քաղաքականության մեջ ներքին տեղահանված կամ փախստական անվանումը այն պարագայում, երբ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղություն են ուզում հաստատել, Մելիքյանն ասաց. ‹‹Նախ իրերն իրենց անուններով կոչենք․ Հայաստանը մուրում է խաղաղություն՝ ամեն ինչի դիմաց, դա բոլորովին այլ իրավիճակ է: Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, այո՛, խաղաղություն մուրացողի համար սա կարող է խնդիրներ ստեղծել, չեմ բացառում››:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ ներքին տեղահանված ասելով նկատի ունեն, որ պետության մի տարածքից տեղափոխվել են այլ տարածք։ Ըստ Իշխանյանի՝ Լարիսա Ալավերդյանը նկատի ունի, որ Արցախը Հայաստան է․ ‹‹Անունը լինի ներքին տեղահանվածներ, թե փախստականներ, իշխանությունները պարտավոր են նրանց սոցիալական կարիքները հոգալ, նրանց ժամանակի ընթացքում ապահովել բնակարանով, գոնե հիմա՝ ժամանակավոր կացարաններով։ Պետք է ապահովել նաև նվազագույն սոցիալական կարիքներով››։

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ կառավարությունը ինչու չի անդրադառնում այդ խնդրին, Իշխանյանն ասաց. «Ինձ համար, անկեղծ եմ ասում, ուղղակի ամոթ էր, որ մեր երկրում մեր հայրենակիցները գնում են Ֆրանսիայի դեսպանատան առջև օթևան են խնդրում Ֆրանսիայից։ Սա խայտառակություն է՝ համաշխարհային խայտառակություն։ ՀՀ իշխանությունները չունեն պատվի և արժանապատվության զգացում՝ իրենց հայրենակիցներին գոնե աջակցություն ցույց տալու համար։ Եվ ամբողջ բյուջեն նրանք ծախսում են իրենց քմահաճույքների համար, իրենց կառավարական մեքենաների, առանձնատներով ապահովելու, պարգևավճարների և ոստիկանական ուժերի համալրման վրա, որ իրենց պաշտպանեն։ Սա այսօրվա ՀՀ-ի մղձավանջն է։ ՀՀ կառավարությունը, ամոթ իրեն, չի ընդունում, որ Արցախը հայկական հող է, նույնիսկ կարելի էր փախստականի կարգավիճակ տալ, նույնիսկ ներքին տեղահանված չընդունել, բայց եթե ՀՀ իշխանությունները ունենային նվազագույն արժանապատվություն, ապա այդ օրենքը կընդունվեր: Այդ մարդիկ պետք է ապահովված լինեին բնակարանով, ծածկով, նպաստներով՝այնպես, որ մտածեին, թե ՀՀ-ն իրենց մասին իսկապես հոգ է տանում, ոչ թե հանձնել է բախտի քմահաճույքին»։


Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ