«Այն, որ այս վարչապետին իշխանության ենք բերել, շատ լուրջ համակարգ ու ուղեղային կենտրոններ են աշխատել, մանրակրկիտ, ծրագրված աշխատանք են կատարել տարիների ընթացքում։ Այդ ամենը չեզոքացնելու համար պետք է էլի համակարգված աշխատանք կատարվի։ Եթե որևէ մեկը հանդգնի հարցազրույցի մակարդակով խոսել, կնշանակի՝ խոսում է խոսելու համար, ոչ թե իշխանափոխություն կազմակերպելու համար»,-
Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Գեղամյանն ասաց, որ ոչ թե կա իշխանափոխության, այլ փլատակների տակ չմնալու խնդիր, քանի որ մոլորակը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների շեմին։
Հարցին՝ իշխանությունն արդյոք անփո՞րձ է, թե՞ ձևացնում է, որ անփորձ է, նա պատասխանեց. «Իրենք ոչ թե անփորձ են կամ անփորձ են ձևանում, այլ իրենք դրսի մշակած ծրագրերն են կատարում։ Երբեմն իրենց մոտ դա ստացվում է, երբեմն՝ ոչ։ Լինելով անկիրթ ու անտաղանդ՝ երբեմն ձախողում են, և դա իրենք վերագրում են անփորձության, ոչ թե նրա, որ դրսից եկող դասերը չեն սերտել։ Աշխարհայացքներ չունեն, որոնք ձևավորվում են տարիների ընթացքում, վերլուծական նյութերին չեն տիրապետում, իսկ դրանցից նրանք զերծ են, որովհետև ծույլիկ են եղել ու անգամ բարձրագույն կրթություն չեն կարողացել ստանալ»։
Դատելով տեղի ունեցող իրադարձություններից՝ արդյոք Արցախի Հանրապետությունը անխուսափելիորեն դառնալու է Ադրբեջանի մա՞ս՝ հարցին ի պատասխան Գեղամյանը նշեց, որ դա ԱԳՆ մակարդակով չէ, այլ թուրք-ադրբեջանական լրջագույն աշխատանքի արդյունք է, որը պարտադրվել է ԱԳՆ-ին, վարչապետին. «Իսկ ստեղծված իրավիճակում ճանապարհը մեկն է՝ ՀՀ-ն անհապաղ պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, հաջորդ իսկ օրը Արցախում հանրաքվե պետք է անցկացվի օրակարգային մեկ հարցով, այն է՝ դիմել ՌԴ-ին, որ ինչպես Ղրիմում սրանից ութ տարի առաջ հանրաքվե արեցին, և հանրաքվեի մասնակիցների 93 տոկոսը կողմ քվեարկեց, այնպես էլ Արցախը, Ղրիմի օրինակով, պետք է մտնի ՌԴ կազմի մեջ: Դա Արցախի Հանրապետության ազգաբնակչության՝ ցեղասպանությունից զերծ մնալու եզակի ճանապարհն է, էլ չեմ ասում, որ հազարամյա մշակույթը պահպանելու միջոց է։ Այսօրվա դրությամբ, ստեղծված բարդ աշխարհաքաղաքական վիճակում փրկությունը դա է»։
Գեղամյանի խոսքով, իրավիճակը հղի է էլ ավելի բարդանալու, իսկ թուրքն ու ադրբեջանցին անպայման կօգտագործեն Ռուսաստանի ներկայիս լրջագույն պայքարը սեփական պետականությունը պահպանելու համար և խառնաշփոթ կստեղծեն Արցախում, որից հետո խաղաղապահ ուժերը, իրենց հիմնական գործառույթը չիրականացնելով, դուրս կգան տարածաշրջանից, և ինչպես Ալիևը չի հոգնում ասելուց՝ Արցախի հարցն այլևս չունի լուծում, իր պատկերացմամբ, և դրա համար դժկամություն է հայտնում Մինսկի խմբի համանախագահ երկրներին»։
Հարցին՝ ՀՀ-ն արդյոք պե՞տք է անդամակցի Միութենական պետությանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պետք է ծանոթանալ 1999 թվականի հիմնադիր մայր օրենքին, որը վավերացվել է թե՛ Ռուսաստանի Դաշնային ժողովի, թե՛ Բելառուսի խորհրդարանի կողմից, որտեղ հստակ գրված է, որ երկու անկախ ինքնիշխան պետությունների միություն է, որին անդամակցող պետությունները՝ ՌԴ-ն և Բելառուսը, պահպանում են իրենց թե՛ անկախությունը, թե՛ ինքնիշխանությունը, թե՛ Սահմանադրությունը, անգամ պետականության խորհրդանիշները՝ օրհներգը և դրոշը։
«Անցյալ տարի իրենք վավերացրին 28 ամենատարբեր հարցերի շուրջ իրենց մոտեցումները և իրենց հետագա անելիքները, համաձայնագիր կնքեցին, որի իրագործման պարագայում, այնուամենայնիվ, թե՛ Ռուսաստանին, թե՛ Բելառուսին, որպես առանձին, ինքնիշխան պետություններ, ավելի շատ լիազորություններ և ֆունկցիաներ են վերապահված, քան այսօրվա դրությամբ ԵՄ ցանկացած երկրի, և ավելի շատ լայն արտոնություններ ունեն, քան ՌԴ-Բելառուս Դաշնային միությունը։ Պարզապես մարդիկ, չխորանալով այդ փաստաթղթերի մեջ, իրենց հայրենասեր են պատկերացնում՝ չհասկանալով ներկայիս աշխարհաքաղաքական ծայրաստիճան վտանգավոր իրավիճակը։ Փոթորիկների մեջ կխորտակվես, եթե չունենաս շատ հզոր հենարան, տվյալ պարագայում շատ հզոր և եզակի հենարանը ՀՀ-ի անդամակցությունն է ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը՝ որպես անկախ, ինքնիշխան հանրապետություն»,- եզրափակեց Արտաշես Գեղամյանը։
Քնարիկ Պետրոսյան