Երևան +21°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:51 17-03-2022

Ինչու է Փաշինյանն Արցախը թողած խոսում ծխախոտի ու աղամանի արգելքից․ բացատրում են քաղտեխնոլոգները

Մի քանի շաբաթ է, ինչ Արցախում հումանիտար աղետ է, արցախցիները զրկրված են գազից ու հոսանքից, հակառակորդը անընդհատ սադրիչ գործողություններ է կատարում, թույլ չի տալիս վերանորոգել գազատարը։ Բացի այս՝ լարված իրադրություն է նաև Հայաստանի սահմաններին, այսօր ևս զորամասում ժամկետային զինվոր է զոհվել։ Սրան զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը «սոկրատյան հանգստությամբ» ասում է, որ կարևորագույն ռեֆորմներ են արել․ հանրային վայրերում ծխելն են արգելել, շուտով նաև աղամանները կարգելեն։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Oragir.news-ը հետարքրվեց, թե ինչու է Փաշինյանը Արցախում ստեղծված հումանիտար աղետը թողած քննարկում այնպիսի հարցեր, ինչպիսին աղամանների արգելքն է, ծխախոտի օգտագործման սահմանափակումը հանրային վայրերում, արձանների լուսավորությունը և այլն, սա՞ էլ է քաղաքական տեխնոլոգիա, ուզում է հանրության ուշադրությո՞ւնը շեղել, թե՞ պարզապես այդ հարցերն իրեն չեն հետաքրքրում։ Քոչարյանը պատասխանեց․ ‹‹Իսկ ի՞նչ կարևոր հարց է քննարկվել այս 3-4 տարվա ընթացքում: Սահմանին զոհեր միայն այսօր չեն եղել, պատերազմը երեկ չէ՝ առաջին օրն էր, երեկ քովիդն էր, Գորիս-Սիսիան ճանապարհ մտնելը 3 ամիս առաջ էր: Ուզում եմ ասել՝ անընդհատ եղել են այդ պրոբլեմները, բայց մենք ինչ-որ անընդհատ հիմար բաներ ենք քննարկում»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ ասաց. ‹‹Սրա պատճառը հիմնականում այն է, որ գործող իշխանությունը վերցրել է մի քաղաքականություն Արցախի նկատմամբ, որը վարչապետը բազմիցս իր ելույթներում անվանել է ‹‹խաղաղության դարաշրջան››: Այդ խաղաղության դարաշրջանին հակասում են Արցախի վերաբերյալ բացասական լուրերի օրակարգ մտնելը, դրա վերաբերյալ ինչ-որ քննարկումներ իրականցնելը, որովհետև եթե Դուք սկսում եք քննարկել Արցախի վերաբերյալ այդ բացասական օրակարգերը, ինչպիսին ադրբեջանական զինուժերի առաջխաղացումն է Արցախում կամ թեկուզ ՀՀ տարածքում, ապա կստացվի, որ Դուք սխալ քաղաքականություն եք իրականացնում, և խաղաղության քաղաքականությունը իր նպատակին չի ծառայում, իսկ դա գործող վարչապետն ընդհանրապես ընդունել չի կարող, որովհետև եթե դա ընդունի, կստացվի, որ ինքը 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո այս ամբողջ րնթացքում սխալ քաղաքականություն է իրականցրել: Իսկ վարչապետը երբեք չի ընդունում իր սխալները››:

Բադալյանը խոսեց այն պատճառների մասին, որոնք թույլ չեն տալիս գործող իշխանությանը խոսել ադրբեջանցիների սադրանքների մասին․ ‹‹Հայերի համար ոչ ցանկալի, ադրբեջանցիների համար խիստ ցանկալի է, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժվի ՀՀ-ի կամ Արցախի տարածքում: Այսինքն 2 պատճառ կա, վարչապետի անձնական նպատակներն են, անձնական խնդիրներն են, անձնական ծրագրերն են. ամեն գնով ցույց տալ, որ ինքը ճիշտ է, և խաղաղության իր դարաշրջանը արդեն բացվել է՝ չհաշված մանր-մունր հարցերը: Եվ երկրորդ՝ այն քաղաքական ուժը, որը վարչապետին ուղղորդեց 2018 թ. ու հիմա էլ ուղղորդում է Հայաստանի արտաքին կառավարմանը, նրանց համար ՀՀ-ի տարածքից 100 մետր էս կողմ-էն կողմը որևէ նշանակություն չունի, նրանց պետք է Զանգեզուրի միջանցքի բացումը, որպեսզի Արևմուտքը Թուրքիայի միջոցով դուրս գա Միջին Ասիա, ինչը խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Դրա համար է այդ քաղաքականությունը իրականացվում։ Լուրջ հարցերին անդրադառնալու համար լուրջ ինտելեկտուալ մակարդակ է պետք: Եթե դու խաղաղությունը առաջ ես տանում, բնականաբար, դրա հետ միասին պետք է լուրջ ծրագրեր տանես, օրինակ՝ տնտեսության զարգացում, ինչ-որ ներդրումների ապահովում և բարեփոխումների իրականացում, բայց քանի որ դու չունես համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, բնականաբար այդ հարցերը դու չես կարող քննարկման առարկա դարձնել և դրանով փորձել ծածկել խաղաղության դարաշրջանի չկայացվածությունը: Փոխարենը փորձում ես օրակարգը լցնել ինչ-որ էական նշանակություն չունեցող աղամանի հարցերով: Սա է պատճառը»:

Հարցին, թե նման հարցերը օրակարգ մտցնելը նպատակ ունի շեղել հանրությանը լուրջ խնդիրներից, Բադալյանն ասաց. ‹‹Այդ արտահայտությունը, թե հանրության ուշադրությունը շեղում են և այլն, չի համապատասխանում իրականությանը, դա զգացմունքային և իրենից ոչինչ չներկայացնող արտահայտություն է: Հանրության ուշադրությունը ոչ ոք ու ոչ մի բանը չի կարող շեղել: Հանրությունն ինքը այլևս այդ հարցերին իր կամքով ուշադրություն չի դարձնում: Հանրությունը 5 տարեկան երեխա չի, որ կոնֆետ ցույց տաս, և ինքը մոռանա ինչ-որ նախկին գործընթաց: Դա այլևս չի համապատասխանում իրականությանը: Հանրության գիտակցության մեջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Այն, ինչ անում է իշխանությունը, այդքան էլ չի հակասում հանրության տրամադրությանը կամ հանրության մեծ մասի տրամադրությանը››:

Ըստ Բադալյանի՝ եթե հանրությանը դուր չգար Նիկոլ Փաշինյանի կառավարումը, ապա ինչպես իշխանության բերեց, նույնկերպ կհեռացներ․ ‹‹Հանրությունը ունի այլևս այն ակտիվ պոտենցիալը, որ կարողանա դեմ դուրս գա իր կառավարող ուժին, նրան տապալի և այլ քաղաքականություն իրականացնի: Չնայած տարբեր տեսակ սոցիոլոգիական հարցումներով պարզ է, որ օրինակ Թուրքիայի հետ հարցերի բարելավմանը կողմնակից է 5%-ից ոչ ավելին, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ Թուրքիայի հետ հարցերը ամեն գնով կարգավորվում են, ինչը դուր է գալիս հասարակության միայն 5%-ին: Հասարակության թուլությունը թույլ չի տալիս գործողություն իրականացնելու գործող իշխանությունից ազատվելու համար: Հանրության ուշադրությունը չի շեղվում, հանրությունը ուղղակի այլևս ոչինչ չի կարող անել: Հանրությունը այլևս թուլացած է››:

Լուսինե Ալեքսանյան