copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:17 16-03-2022

Էրդողանն իշխանության պահպանման համար վերակենդանացնում է Չիլլերին

Թուրքիայի Հանրապետության պատմության ամենասկանդալային կին քաղաքական գործիչը՝ Թանսու Չիլլերը, ով Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի, ապա արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ 1993 թվականին ի վերջո դառնալով Թուրքիայի առաջին կին վարչապետը, 2002 թվականից ի վեր առաջին անգամ ցանկություն է հայտնել վերադառնալու ակտիվ քաղաքականություն: Հատկանշական է, որ նման ցանկությունն ի հայտ է եկել 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ թուրքական ընդիմությունն ակտիվորեն համախմբվում է քեմալական Հանրապետա-ժողովրդական և Աքշեների գլխավորությամբ գործող «Լավ» կուսակցության շուրջը՝ ներկայացնելով իշխանափոխության լրջագույն հայտ: Հետևապես, ամենևին զարմանալի չէ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության շրջանում տարածված այն կասկածը, որ թուրքական երկաթե լեդին Էրդողանի՝ իշխանությունը չկորցնելու մտահոգություններն է փարատում՝ երկարատև դադարից հետո մտնելով ակտիվ քաղաքականություն: Որպես օրինակ՝ ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընը պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ցանկանում, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։ Ըստ էության՝ Այդընն այս հայտարարությամբ նկատի ունի ոչ միայն այն հանգամանքը, որ Էրդողանը ցանկանում է փոշիացնել ընդդիմության քվեները և ձայներ ապահովել իշխող ուժին լոյալ կուսակցությունների համար, այլև, ի դեմս Չիլլերի, հրապարակ բերել կնոջ, որն ընդունակ կլինի հակազդելու Աքշեների սկզբունքային կերպարին՝ կոտրելով այն պատրանքը, թե Թուրքիայի ներքաղաքական զարգացումներում անփոխարինելի է և այլընտրանք չունի Աքշեներ կին գործիչը:

Մեկ ամիս առաջ՝ փետրվարին, «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցում Չիլլերը նշել էր, որ որևէ շփում չի ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և «այս փուլում մտադիր չէ կուսակցություն հիմնել»: Նախկին վարչապետն իր խոսքը փորձել էր հիմնավորել այն հայտարարությամբ, որ որևէ պաշտոնի չի հավակնում և հիմնվում է այն հանգամանքի վրա, թե արդյոք Թուրքիան ունի իր կարիքը և արդյոք ինքը կարող է բավարարել այդ կարիքը: Իրականում Չիլլերն ակնհայտորեն կեղծ խոսույթ է առաջ քաշում: Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ Չիլլերի կողմից Էրդողանին աջակցելու պրակտիկան երբեք էլ չի ընթացել կուլիսների ետևում: Օրինակ՝ 2018 թվականի հունիսի 24-ի ընտրություններից մի քանի օր առաջ Չիլլերը, որը ոչ միայն հեռացել էր քաղաքականությունից, այլև չէր հայտնվել հանրության առջև, մասնակցեց Յենիքափըում «Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան մեծ հանրահավաքին՝ այդպիսով իր համերաշխությունը հայտնելով իշխող ուժին և անձամբ Էրդողանին: Բայց այն, որ Չիլլերը ցանկանում է մուտք գործել ակտիվ քաղաքականություն առանց նոր կուսակցության, ճշմարտանման է, քանի որ այդ են փաստում գերմանական DW-ի տվյալները, որոնք ձեռք են բերվել հենց Չիլլերի մերձավորներից: Ըստ էության, «Bizim» (թարգմանաբար՝ «Մեր») կուսակցությունը, որը հիմնվել է 2020 թվականին, ռեբրենդինգի է ենթարկվելու, իսկ այս պահին քննարկվում է այն «Մեծ Թուրքիա» կուսակցություն վերանվանելու և նոր առաջնորդ ընտրելու հարցը, որն առավելագույնս կհամապատասխանի «Մեծ Թուրքիա»-ի չափանիշներին: Իզուր չէ, որ Չիլլերին թիմին միանալու կապակցությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում «Ճշմարիտ ուղի» կուսակցության այն գործիչների հետ, ովքեր ժամանակի ընթացքում դուրս են եկել ուժից և միացել այլ կուսակցությունների: Համենայն դեպս, Չիլլերն իր հաջողությանը հավատում է, քանի որ ունի Թուրքիայի կենսական կարիքները բավարարելու ահռելի փորձառություն. իր կառավարման օրոք է կնքվել ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային համաձայնագիրը, իր օրոք է նոր թափ հաղորդվել թուրքական բանակի արդիականացման գործընթացին, բայց, որ ավելի կարևոր է, հենց իրեն հաջողվեց համոզել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ներառելու ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ինչից հետո կարողացավ մեկտեղել արձանագրած հաջողությունները՝ ծավալելով հակաքրդական գործունեություն: Բայցևայնպես, որքան էլ նրա նկատմամբ ժամանակին դադարեցվեց կոռուպցիայի գործով քրեական հետապնդումը, հանրության լայն շրջանակներ նրան ասոցացնում են Սուսուրլուքի սկանդալի ու բանակի ճնշման ներքո քաղաքականությունը լքելու հետ, իսկ քրեական հետապնդումից ազատումը՝ պայմանավորում ոչ թե իրավունքի հաղթանակով, այլ քաղաքական իմունիտետով, որով այդ պահին օժտված էր Չիլլերը: