Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 31-12-2022

Այսօր մենք կարող ենք խոսել ՔՊ-ի կցորդ դատական իշխանության մասին․ ինչպիսին էր 2022 թվականը դատական իշխանության համար

2022-ը շատ տրամաբանական տարի էր այն առումով, որ իշխանությանը հաջողվեց իրենց ենթարկեցնել դատական իշխանությանը: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ ամփոփելով 2022 թվականը դատական իշխանության համար։

«Իշխանությունները, չունենալով լուրջ դիմադրություն, կամաց-կամաց և ամբողջությամբ իրենց ենթարկեցրին դատական իշխանությունը և այսօր մենք չենք կարող խոսել Հայաստանում անկախ դատական իշխանության մասին, մենք կարող ենք խոսել «Քաղաքացիական պայմանագրի» կցորդ դատական իշխանության մասին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ դատական համակարգի վերաանկախացման համար այս պահին ներքին նախադրյալներ չի տեսնում․«Դատական իշխանության ներսից չեմ տեսնում նախադրյալներ, որովհետև հարմարվողականության բաղադրիչը շատ ավելի մեծ է, քան՝ մասնագիտական արժանապատվությունը։ Դա նաև օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված, քանի որ դժվար է արդյունավետ դիմադրություն ցույց տալ այն հասարակություններում, որտեղ դատական իշխանության կարևորությունը լայն հանրության կողմից ամբողջությամբ չի գիտակցվում, որտեղ քաղաքական պատճառներով միջազգային իրավասու կազմակերպությունները լուռ են մնում տարբեր անընդունելի իրադարձությունների հետ կապված և բազմաթիվ այլ օբյեկտիվ պատճառներ։

Անդրադառնալով 2022-ին դատական համակարգում նոր նշանակումներն ու փոփոխություններին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ չի ցանկանա անհատականացնել․ «Բոլոր նշանակումները և ոչ միայն նշանակումները տեղավորվում են իմ առաջին դիտարկման համատեքստում՝ կապված համակարգը «Քաղաքացիական պայմանագրի» կցորդը դարձնելու հետ»։

Խոսելով տարվա աղմկահարուց քրեական գործերի և կալանավորումների մասին, Ռուբեն Մելիքյանը նշեց․ «Մենք ունեցանք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, որոնց ճնշող մեծամասնությունն այս պահին ազատ է արձակվել։ Այս տարին առանձնահատուկ էր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան դեպքով, որին պատշաճ արձագանք այդպես էլ չեղավ․ պատշաճ արձագանք չեղավ նաև ընդդիմադիր դաշտից, էլ չեմ խոսում միջազգային իրավապաշտպան կառույցների մասին»։

Խոսելով Հայաստանում այս տարի ստեղծված հակակոռուպցիոն դատարանի մասին, որի գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ին էր առաք քաշել, իսկ այսօր արդեն հայտնի է, ինչ դատավորներ են ընդգրկված կազմում, կա նախագահի պաշտոնակատար, իրավապաշտպանն ասաց․ «Հակակոռուպցիոն դատարանի գործունեությունը մենք դեռ կտեսնենք, ես ոչ մի լավ բան չեմ սպասում այս իշխանության որևէ նախաձեռնությունից, այդ թվում՝ այդ նախաձեռնությունից։ Ես ի սկզբանե նշում էի և հիմա վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ այդ դատարանը բացառապես քաղաքական բռնաճնշումների նոր ճակատ ձևավորելու նպատակ է հետապնդում։ Ինչ խոսք, չեմ բացառում և շատ հավանական եմ համարում, որ հակակոռուպցիոն դատարանը նաև որոշ իրական անընդունելի և հնարավոր է նաև հանցավոր դեպքեր քննի, բայց դա չի խաթարում այն համոզմունքը, որ բուն նպատակը իրավական ոլորտից չի եղել, այլ քաղաքական ոլորտից է եղել՝ քողարկելու այս դավաճանական իշխանության քաղաքականությունը։ Այսպիսի տերմին կարող եմ օգտագործել անգամ՝ վատ ապրող մարդկանց զգացմունքների հետ խաղալու նպատակ է հետապնդում, այսինքն՝ արդար, կամ ոչ արդար ճանապարհով հարստություն կուտակած որոշակի մարդանց ունեզրկելու ճանապարհով աղքատ մարդկանց զգացմունքները բավարարելու նպատակ ունի։

Ամփոփելով խոսքը՝ Ռուբեն Մեիքյանն ասաց, որ 2023 թվականին որևէ լավ կանխատեսում չունի կապված առհասարակ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ, որոնք, բնականաբար, ազդեցություն են ունենալու նաև ներքին քաղաքականության վրա․ «Ցավոք սրտի, այս իշխանությունների դավաճանական քաղաքականության շնորհիվ մենք կանգնած ենք նոր արհավիրքների իրական և անմիջական վտանգի ներքո, և այդ պայմաններում մի կողմից դատական իշխանության հարցերը կարծում եմ երկրորդական կդառնան եկող տարի, և մյուս կողմից չեմ բացառում այդ հորձանուտում քաղաքական փոփոխությունները, որոնք արդեն հիմք կհանդիսանան դատական իշխանության, և առհասարակ, իրավունքի վերաազգայնացման, վերաանկախացման՝ որպես պետականության ռեստարտի դրսևորումներից մեկը։ Իսկ այն, որ մեր պետականությունը ռեստարտի կարիք ունի, դա, կարծում եմ, պարզ է ոլորտի բոլոր մասնագետների համար»։


Ձեզ գուցե հետաքրքրի