Երևան +13°
copy image url
Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:00 26-12-2022

2022 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար շատ ինտենսիվ տարի չէր. Ջոնի Մելիքյան

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները չնչին բացառություններով՝ հիմնականում եղել են բարիդրացիական։ Չնայած երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրների առակայությանը, այնուամենայնիվ Հայաստանը մշտապես փորձել է թույլ չտալ, որ այդ խնդիրները վնասեն միջպետական հարաբերություններին։

Վրաստանն իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստան համար, քանի որ հենց այդ երկրի տարածքով են անցնում ցամաքային ճանապարհով Հայաստան ներմուծվող և Հայաստանից արտահանվող ապրանքների զգալի մասը, Վրաստանի տարածքով է Հայաստանը կապվում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այլն։

Անցնող 2022 թվականին հայ-վրացական հարաբերություններում կարևոր զարգացումներ տեղի ունեցան։ Անցնող տարվա զարգացումների, երկու երկրների միջև համագործակցության ներուժի, առաջիկա զարգացումների և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ.

-Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող 2022 թվականը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

-Չէի ասի, որ տարին շատ ինտենսիվ էր հայ-վրացական հարաբերությունների համար։ Այս ամենը, երևի թե, կարելի է կապել նրա հետ, որ տեղի ունեցավ ուկրաինական ճգնաժամը, և այս բոլոր աշխարհաքաղաքական պրոցեսները ազդեցին նաև այլ երկրների վրա։ Մեր հարաբերություններում մի կողմից առկա է ավելի շատ հստակեցում և երկկողմանի ցանկություն, և այստեղ շատ կարևոր է նշել, որ վերջին տարիներին հենց Թբիլիսիից կան մեսիջներ հարաբերությունները վերանայելու, խորացնելու, նոր թափ հաղորդելու ուղղությամբ, բայց մյուս կողմից մենք տեսանք, որ կար խնդիր, որը վստահ եմ հաջորդ տարվա ընթացքում լուծված կլինի՝ նկատի ունեմ Հայաստանում Վրաստանի դեսպան չունենալու հարցը։ Այս ամենն իր լուծումը կստանա 2023 թվականին, և, իմ կարծքով արդեն թե՛ միջկառավարական նիստ է պետք սպասել, թե՛ արդեն նոր մոտեցումներ մեր հարաբերություններում։

-Ինչ եք կարծում հայ-վրացական հարաբերություններում առկա՞ է չօգտագործված ներուժ, և դա ո՞ր ոլորտներում կարող է առավել լավ կերպով օգտագործվել։

-Մեր հարաբերություններում ներուժ, խորացման հնարավորություն միշտ էլ կա։ Վերջին շրջանում երկկողմ առևտրաշրջանառությունն ի օգուտ մեզ է, քանի որ Հայաստանից ավելի շատ ապրանք է արտահանվում Վրաստան, քան Վրաստանից ներմուծվում է Հայաստան։ Այստեղ կարելի է բալանսավորել, ավելացնել առևտրաշրջանառությունը, ինչի մասին գաղափարներ կային դեռևս 2019 թվականին, երբ երկու երկրների վարչապետները հայտարարեցին, որ ցանկություն կա երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Դրանից բացի, երևի թե, կարող ենք նշել համատեղ տուրիստական հնարավորությունները օգտագործելը, փաթեթներ ստեղծելը, ինչը կա, և կարելի է պարզապես այս ուղղությամբ էլ ակտիվ աշխատել։ Բացի այդ «IT» ոլորտը կարող է լինել, համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, տնտեսական բլոկի հարցերը, քանի որ արտաքին քաղաքականությամբ մենք, դեռևս, կարելի է ասել, որ տարբեր ուժային կենտրոնների ենք ձգտում՝ Հայաստանի պարագայում չբացառելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։ Բայց, ի վերջո, այստեղ մեր հարաբերությունների հիմքը պետք է փնտրել և ամրացնել տնտեսական բլոկի վրա, ինչն ապագայում էլ նույնը կմնա։

-Վրաստանը պարբերաբար հայտարարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամության մասին։ Նման միջնորդությունը որքա՞նով եք իրատեսական համարում, և այն ինչ արդյունքներ կարող է ապահովել։

-Այստեղ Վրաստանը որոշ դերակատարություն 2021 թվականին ունեցել է, երբ ռազմագերիների առաջին խումբը վերադարձավ, նույն Վրաստանի միջոցով մենք հումանիտար հարցերի շրջանակում ականապատված տարածքների քարտեզներն ենք փոխանցել։ Ուստի այստեղ շատ հստակ է, որ Վրաստանը կարող է որոշ դերակատարություն ունենալ։ Եթե Երևանում և Բաքվում պատրաստ լինեն, կարող են լինել ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ կամ հարթակի տրամադրում, ինչը տեղի ունեցավ այս տարի, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Վրաստանում։ Այսպիսի դերակատարությունը միգուցե ակտուալ է, և, եթե Վրաստանի կարիքը լինի՝ ինչու հանդիպել այլ երկրներում, եթե կարելի է հանդիպել հարևան Վրաստանում, դրա մասով որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց ուրիշ հարց է, որ այսօրվա տրամաբանության մեջ ձևավորված ֆորմատներից մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում է գտնվում։ Դրա համար այն կարևորագույն օրակարգային քննարկվող հարցերը Վրաստանի հարթակում քննարկելը, իմ կարծիքով այս պահի դրությամբ անհնար է, քանի որ Վրաստանը ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ հիմք՝ որպես բանակցություններ կազմակերպող և միջնորդ երկիր։ Վրաստանը խնդիր ունի նաև ինֆորմացիոն ռեսուրսների առումով. եթե սահմանազատման մասին է խոսքը, ապա քարտեզների հարցն է, փորձագիտական աջակցությունը, որի մասով, թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելն արդեն հայտարարել են, որ կողմերին կաջակցեն։ Դրա համար հստակ ոլորտներ, կամ ուղղություններ կարող են լինել այն նեյտրալ թեմաների շուրջ, որոնք այսօր չկան մոսկովյան և բրյուսելյան ֆորմատների օրակարգում, ինչու ոչ կարող են տարածաշրջանային կոնտեքստում երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև քննարկվել, կարող են Վրաստանի հարթակում հենց առանձին՝ հայ-ադրբեջանական լինել և այլն։

-Վրաստանը նաև բավականին սերտ ռազմական համագործակցություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պարբերաբար եռակողմ զորավարժություններ են անցկացվում, օրերս Թուրքիայում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Ձեր կարծիքով սա խոչընդոտ հանդիսանու՞մ է հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար։

-Այս եռակողմ ձևաչափը նորություն չէ, ինստիտուցիոնալ առումով ստեղծվել է, կամ հիմնադրվել է տասը տարի առաջ՝ 2012 թվականի Տրապիզոնի դեկլարացիայի ստորագրմամբ, և դրանից հետո, թե՛ արտգործնախարարները, թե՛ պաշտպանության նախարարները, շտաբի պետերը, պետությունների ղեկավարները զարգացնում են համագործակցությունը եռակողմ ֆորմատում։ Մեր մասով անհրաժեշտ է միշտ ուշադիր լինել, դիվանագիտական լծակներով ակտիվ լինել, սեփական շահերն առաջ տանել։ Այստեղ կարևոր է, որ թե՛ հայկական, թե՛ վրացական իշխանությունները միշտ էլ խոսել են, որ մեր հարաբերությունների վրա երրորդ երկրների ազդեցությունը պետք է հասցվի մինիմումի, կամ այնպես արվի, որ դրանք որևէ ձևով բացասաբար չազդեն։ Այստեղ, որպես երրորդ երկիր, մեկը կարող է տեսնել Ռուսաստանին, մյուսը՝ Թուրքիային, մի ուրիշն էլ՝ Ադրբեջանին և այլն։ Դրա համար այս ամենում կարևոր է, որ պաշտոնական Երևանը և Թբիլիսին միշտ ֆիքսում են, հայտարարում են որտեղ էլ լինեն, ինչ արտաքին, տնտեսական քաղաքականություն վարեն, ինչ ինտեգրման ուղղություն էլ ունենան, դա միմյանց հետ հարաբերությունների հաշվին չեն անելու։ Հայ-վրացական հարբերությունները այս պետությունների համար արժեք է, որը պետք է զարգացնել և ավելի խորացնել։ Այս քաղաքականության շարունակության պարագայում, իմ կարծիքով, ոչ մի վտանգ չկա, իսկ խնդիրներ կարող են որոշ հարցերում առաջանալ, որոնք կարելի է լուծել ակտիվ դիվանագիտական շփումների և միջպետական հարաբերությունների առկայության պարագայում։ Տեսականորեն չկան պետություններ, որոնք խնդիրներ միմյանց հետ չունենան, դրա համար միշտ պետք է աշխատել, որ մեր շահերը՝ հանձինս այս պարագայում մեր հարևան պետությունում, հայկական շահը հասկանան, ընկալեն, ընդունեն և դրանից ելնելով նաև այլ երկրների հետ համագործակցությունն այս հարաբերությունների հաշվին չզարգացնեն։ Նույնը մենք պետք է աշխատենք, որ հայ-վրացական հարաբերությունները գնահատելով՝ չվնասենք այլ երկրների հետ հարբերություններին։

-Հայ-վրացկան հարաբերություններում հաջորդ տարվա համար ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։

-Եթե աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի ունենան, այդ ամենը ֆորս-մաժոռի պես կարող է ինչ-որ փոփոխությունների հանգեցնել։ Ավելի շատ հարաբերությունների վրա արտաքին գործոններն են ազդում, որոնք մեզանից կախված չեն և եթե բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ լինի, դա հնարավորություն կտա մեր կառավարություններին կենտրոնանալ զարգացման, կամ համագործակցության ակտիվացման ուղղությամբ։ Այստեղ շատ կարևոր է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ ագրեսիվ, ոչ թշնամական մթնոլորտ լինի, եթե Ադրբեջանը սադրանքներից և ագրեսիայից հրաժարվի, և ի վերջո, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի անդրադառնանք, ապա նոր հնարավորություններ կառաջանան ենթակառուցվածքների, ապաշրջափակման մասով։ Այստեղ անելիքները, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար հնարավորությունները բավականին շատ են։ Երկու երկրները, առնվազն Հայաստանը, պետք է գտնի իր տեղը միջազգային լոգիստիկ ուղիների քարտեզի վրա։ Եթե մենք մեր տեղը գտնենք, դրանցից կօգտվեն երկու պետությունները, և շահույթ ստանալով, երկու երկրների ժողովուրդները դրանից եկամուտներ կունենան, տնտեսական զարգացում կլինի, ինչը կբերի աշխատավարձերի և թոշակների վերանայման և այլն։ Այս ամենը առհասարակ կարող է լուրջ ազդեցություն ունենալ տնտեսության վրա և բարելավել իրավիճակը երկրում։