Հայաստանում սպառողական զամբյուղի հիմնական սննդամթերքների գների առումով տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Պատճառը լուրերն են, թե Ռուսաստանը կսահմանափակի ցորենի, ալյուրի, բուսայուղի և շաքարի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ, ինչը հասարակության շրջանում մտահոգություն առաջացրեց, թե պարենային ապրանքների գները կտրուկ կաճեն, և մարդիկ սկսեցին որոշակի քանակությամբ պարենային ապրանք պահեստավորել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել էր Հայաստանի պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը. «Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի՝ նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ այս պահը ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»,- ասել էր Քերոբյանը։
Իսկ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2 օր առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում սով, հացի դեֆիցիտ չի կարող լինել, և այն, ինչ անհրաժեշտ է մեր ներքին սպառման համար, բոլորը մատակարարվում են։ Իսկ այն հարցին, թե գնաճ կլինի՞, Խաչատրյանը պատասխանեց, որ գնաճ կա, բայց այն չափավոր է։
Հայաստանում միջին վիճակագրական թոշակառուին կամ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներին նախկին գներով էլ չէր հաջողվում բավարարել անհրաժեշտ կարիքները, և թանկացման դեպքում դա էլ ավելի բարդ է դառնում։ Շատերը չեն կարող փակել սպառողական զամբյուղի ծախսերը և միայն մի կերպ են տեղավորվում պարենային զամբյուղի ծախսերի մեջ, որը հաշվարկվում է հենց առողջապահության նախարարության կողմից։ Այն ներառում է սննդամթերքների այնպիսի ցանկ և քանակություն, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ էներգիա՝ 1 շնչի հաշվով։ Սա առողջապահության նախարարության կողմից մշակված այն աղյուսակն է, որով առաջնորդվելով՝ ԱՎԾ-ն հաշվարկում է պարենային զամբյուղի ամսական ու տարեկան արժեքները:
Oragir.news-ը, լինելով Երևանի սուպերմարկետներում, փորձեց պարզել, թե արդյոք այս պահին պարենային ապրանքների թանկացումներ նկատվում են, թե՝ ոչ։ Այսօրվա դրությամբ արևածաղկի ձեթի 1 լիտրի միջին արժեքը տատանվում է 1100-1300 դրամի սահմաններում, բուսայուղի 1800-գրամանոց տարան մոտ 3900 դրամ է, 2700-գրամանոցը՝ 5400 դրամ, 200-գրամանոց հացը 130 դրամ է, 400-գրամանոցը՝ 250 դրամ, 460-գրամանոցը՝ 300 դրամի սահմաններում։ Մակարոնեղենի մեկ տուփը (400գ) 200-400 դրամ է, ալյուրի 1 կգ-ն՝ մոտ 300 դրամ, բրնձի կգ-ն 400-ից 800 դրամի սահմաններում է, հնդկաձավարի 1 կգ-ն՝ 650 դրամի սահմաններում, լոբին՝ (450գ) 800-1200 դրամի սահմաններում։ Տավարի մսի 1 կգ-ն 3200 դրամի սահմաններում է, ձկան (իշխան) 1 կգ-ն՝ 3000 դրամի սահմաններում (մարինացված վիճակում՝ 3500 դրամ): Ձուն (10 հատը՝ 0.1 չափի) 500-830 դրամի սահմաններում է (10 հատ 0,3 չափը՝ 2500 դրամի սահմաններում)։ Բանջարեղենից կարտոֆիլի 1 կգ-ն մոտ 350 դրամ է, սոխը՝ 290 դրամ, կաղամբը՝ 330 դրամի սահմաններում: Կաթնամթերքից կաթի 1 լիտրը 450-750 դրամի սահմաններում է, կաթնաշոռը (180գ) ՝ 450-600 դրամի սահմաններում, պանրի 1 կգ-ն 2200-3600 դրամի սահմաններում է, մածունը՝ 1 կգ-ն 550 դրամի սահաններում: Շաքարի 1 կգ-ն մոտ 570 դրամի սահմաններում է: Մրգերից կանաչ խնձորը 1450 դրամ է, կարմիր խնձորը՝ 680 դրամ։ Որոշ մթերքների գներում արդեն իսկ նկատվում են փոփոխություններ, և ստորև ներկայացված նկարներից արդեն իսկ երևում է, որ պարենային մթերքներից զգալի մասի դարակներում դատարկություն է. մարդիկ ամեն դեպքում գնում են նախատեսվածից առավել՝ վախենալով թանկացումներից։ Ամեն դեպքում սպառողական զամբյուղում միայն պարենային մթերքները չեն, որ անհրաժեշետ են, պակաս կարևոր չեն նաև ոչ պարենային ապրանքները, որոնց մեջ մտնում են նաև դեղորայքը, հագուստը, կոշկեղենը, կոմունալ ծառայությունները և այլն: Նշենք նաև, որ նվազագույն սպառողական զամբյուղը իր մեջ չի ներառում սուրճը, թեյը, հյութը կամ զովացուցիչ և ալկոհոլային խմիչքները, որոնք սպառողները ևս գնում են ամսվա ընթացքում։
Մանուշակ Մելքոնյան