Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:30 15-03-2022

Կառավարությունը փոխնախարարի բերանով հայտարարեց, որ հացի լուրջ պահուստներ չունենք

«Հայաստանում այս պահին պարենային դեֆիցիտ կամ դրա սպառնալիք չկա»։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերից փոխանցեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Բնակչության համար գերզգայուն այս թեմայով պետք է որ խոսեր ամեն մանրուքով ազգի հետ կիսվել սիրող երկրի վարչապետը։ Եթե ոչ նա, ապա դա պետք է արվեր առնվազն փոխվարչապետի մակարդակով, որպեսզի մարդիկ իրենց որոշակիորեն հանգիստ զգային։ Բայց անգամ էկոնոմիկայի նախարարն էր զերծ մնացել նման խոսքով հանդես գալուց։ Թերևս նա մտածել էր, որ իր խոսքը լուրջ չի ընդունվի, կամ էլ խույս էր տվել նման պատասխանատու հայտարարություն անելուց։ Ինչևէ։ Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանը հիմա կարողանում է ՌԴ-ից հացահատիկ ներկրել՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ–ն մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումը, Արման Խոջոյանն ասել է․ «ՌԴ գործընկերները վստահեցրել են, որ այդ որոշման միակ նպատակն այն է, որ կանխվի ՌԴ–ից հացահատիկի վերաարտահանումը երրորդ երկիր։ Բնականաբար այն չափաքանակը, այն պահանջարկը, որ Հայաստանն ունի, անկասկած այդ պահանջարկը պետք է լրացվի։ Մենք ՌԴ-ի հետ կունենանք համաձայնագիր մեր պահանջարկի մասով՝այդ մասով ներկրումն իրականացնելու համար։ ՌԴ–ն զուտ ցանկանում է, որ սպեկուլյատիվ բնույթի գործողություններ չարվեն»։

Նախ․ փոխնախարարը չի ասում, թե այդ պահանջարկը անկասկած կլրացվի (ասում է պետք է լրացվի), չի ասում, թե անհանգստանալ պետք չէ, քանի որ Հայաստանն ունի ցորենի այնքան պաշար, որը կբավարարի առաջիկա ամիսների մեր պահանջարկը, իսկ այդ ընթացքում կհասնի մեր ցորենը (100 օրից, հուլիսի սկզբներին ցորենի բերքահավաքն սկսում է), ինչպես նաև ներկրման առումով հստակեցումներ կլինեն ու հանրապետությունում հացի որևէ խնդիր չի առաջանա։ Եվ եթե փոխնախարարը հանրությանը ապահովություն ներշնչելու փոխարեն ընդամենը նշում է, որ ռուս գործընկերները խոստացել են, վստահեցնում են, որ որոշումը մեր դեմ չի ուղղված, դա արդեն անհանգստացնող է։ Դա նշանակում է, որ այս փուլում հանրապետությունում հացահատիկի անհրաժեշտ քանակի պաշարներ չունենք, և եթե ինչ որ բան այնպես չգնաց, ապա մեղավորը ռուսներն են, որ խոստացել էին ու չարեցին։

Ռուսները խոստացել էին, մինչդեռ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլորտեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով)»։ Այսօրվա հաղորդագրությունն է։ Վերջին 3-4 ամիսներին Լարսի փակ լինելու առումով սա երևի թե տասներորդ հաղորդագրությունն է։ Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից հացահատիկ ու թռչնի կեր տեղափոխող մեքենաները պարբերաբար բախվելով Լարսի «պատին», օրերով, շաբաթներով չկարողանալով անցնել Լարսը, վերջին ամիսներին գրեթե հրաժարվում են բեռնափոխադրում իրականացնել Հայաստան։ Լարսի գործոնը, անգամ եթե այլ խնդիրներ չլինեն, կարող է էապես ազդել Հայաստանում հացի առկայության վրա։

Oragir.news-ը գրել է, որ հացի պահուստները 2018թ-ի 530 հազար տոննայից «կառավարության գերարդյունավետ գործունեության արդյունքում» արդեն 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ հասցվել էին 363 հազար տոննայի։ Տևական ժամանակ ծավալների նման անկման շարունակման դեպքում պահուստային ֆոնդում չնչին քանակության ցորեն պետք է ունենանք, հատկապես, որ տարեսկզբից 70-80 օր է անցել։

Վերջին օրերին իմքայլամերձ լրատվամիջոցները տեսակետ էին հրամցնում, թե քանի որ ցորենը բերքահավաքի օրերին ավելի էժան է, մերոնք դեռ անցած տարի անհրաժեշտ քանակության ցորեն ներկրել ու պահեստավորել են, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Չեն բավարարվել մեկով ու զուգահեռ նոր սցենարներ են շրջանառում։

Վերջին օրերին, երբ ժողովրդի մոտ արդեն խուճապային տրամադրություն էր, պետք էր խանութները լցնել ալյուրով, ձեթով ու շաքարավազով, այնքան, մինչև մարդիկ «կհագենային»։ Դա տեսնելով՝ արդեն մեկ-երկու օրից «ամեն ինչ իր տեղը կընկներ»։ Մինչդեռ արվեց հակառակը, փորձեցին խելահեղ գնումները դադարեցնել գների բարձրացումով։ Տպավորություն էր, որ իրավիճակը միտումնավոր է սրվում։ Գների բարձրացումով, երբ մարդկ այնուամենայնիվ խանութներում մնացած ալյուր տեսան, անմիջապես կարծիք ձևավորվեց, թե օլիգարխները, օգտվելով հնարավորությունից, գռփում են, ինչն, իրոք, այդպես է, բայց բոլորովին բացառել պետք չէ, որ կար նաև հրահանգ՝ այդպես վարվելու, որի դեպքում ստացվում է «երկուսը մեկում»։ Նախ․ իրոք, այս օրերի թանկացումներով անգամ օլիգարխիկ մակադակով լուրջ գումարներ աշխատեցին, մյուս կողմից էլ տպավորություն ստեղծվեց, որ հաց կա, պարզապես ինչպես միշտ, օլիգարխները ժողովրդի հաշվին օդից փող են սարքում։

Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն է անորոշ ժամանակով մտնում տուրբուլենտության փուլ, անկախ պատերազմի ելքից՝ գործընթացները բարդանալու և թանկանալու են։ Հետևաբար Հայաստանը պետք է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկի ուղղված սննդամթերքի ինքնաբավության բարձրացմանը։ Ցորենը ցանվել է աշնանը, և գարնանացանի ծավալները մեզանում մեծ չեն, լուրջ բերք չեն ապահովում։ Հետևաբար մինչև նոր աշնանացան, պետք է գոնե գարու և եգիպտացորենի ցանքատարածությունները շեշտակիորեն մեծացնել։ Սա անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել նաև հացի արտադրության մեջ, այլապես կօգտագործվի որպես անասնակեր։ Դրա համար Կառավարությունը պետք է նույնիսկ ամբողջությամբ սուբսիդավորի սրանց սերմի, վարուցանքի աշխատանքները, ինչպես նաև երաշխավորի սրանց ամբողջ բերքի բարձր գներով մթերումը։ Դա իհարկե, հարցի հիմնովին լուծում չէ, բայց ինչ-որ չափով, գոնե անասնապահության ոլորտում կարող է իրավիճակը մեղմել, մինչև որ տարվա ընթացքում պարենային անվտանգության բոլորովին նոր ռազմավարություն կմշակվի։




Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան