Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:35 15-03-2022

Երևանում կփակվեն չորս քրեակատարողական հիմնարկներ, ինչի հետ կապված շատ քննադատելու բան կա. Կարեն Անդրեասյան

«Խորհրդարանական համակարգը շատ դրական է և պետք է պահպանել, բայց պետք է պահպանել նաև այդ թևերի միջև հավասարակշռությունը: Սա չի նշանակում, որ չենք կարող գնալ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգի ճանապարհով»,- ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.), 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը ներկայացնելիս Անդրեասյանն ասաց, որ զեկույցում պետք է ներգրավվեն տարբեր մասնագետներ։
«Երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի հասկանանք սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այն պետք է լինի ոչ միայն լավ արդյունք տվող, այլև ժողովրդի համար ընկալելի»,- նշեց նախարարը։

Մյուս կարևոր գործընթացը, ըստ Անդրեսայանի, հակակոռուպցիոն բլոգն է. «Մենք համակարգ ենք ձևավորում, իսկ 2021 թվականին կատարվել են բավական մեծ ծավալի աշխատանքներ՝ հատկապես հակակոռուպցիոն շղթայի երկու կարևոր օղակների ձևավորման՝ հակակոռուպցիոն դատարանների և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման ուղղությամբ տարվող աշխատանքներն են»։

«Հազարավոր քանակներով ավելացել են հարկատուների ուսումնասիրությունները և հայտարարագրերի ներկայացումը, թե՛ թվայնացման և թե՛ ինստիտուցիոնալ կայացման ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվել են»,- ասաց արդարադատության նախարարը։
Անդրեասյանը, անդրադառնալով դատական համակարգում կատարվող փոփոխություններին, նշեց, որ պետք է ավելացնեն աշխատողների թվակազմը, դատարաններում աշխատավարձերը, սոցիալական երաշխիքները և բարելավեն շենքային պայմանները։

«Թեժ բանավեճի թեմա են դարձել մեր կարգապահական վարույթները, որոնց շրջանակներում ունենք 19 միջնորդություններ, որոնք 2021 թվականին ներկայացվել են ԲԴԽ»,- հավելեց նա։
Մյուս կարևոր ձեռքբերումը պարեկային ծառայության աշխատանքն է: Աշխատանքներ են տարվել նոր քրեակատարողական հիմնարկի շինարարության ու ստեղծման ուղղությամբ, և այդ կապակցությամբ էլ կփակվեն Երևանի չորս քրեակատարողական հիմնարկները, որտեղ շատ քննադատելու բան կա, ինչը տարիներ շարունակ կուտակված անգործության հետևանք է։ «Չորսի փոխարեն կունենանք մեկը, որը կլինի շատ ավելի արդյունավետ»,- ասաց նախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին՝ ո՞րն է սահմանադրական բարեփոխումների երկրորդ հանձնաժողովի ստեղծման իմաստը, ի՞նչ խնդիրներ են տեսել առաջին հանձնաժողովում, որ փակել են, նախարարն ասաց. «Իմ անձնական գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների առաջին հանձնաժողովի արդյունքը չտեսանք այն պատճառով, որ պատերազմը կասեցրեց աշխատանքները։ Երբ ես ստանձնեցի պաշտոնը ՝ հասկացա, որ քաղաքական խոսակցությունները գերակշռում էին մասնագիտականին»։


Քնարիկ Պետրոսյան