Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:59 14-03-2022

Խրամորթ համայնքում կոչերից բացի այսօր միացրել են նաև ադրբեջանական երաժշտություն. Գեղամ Ստեփանյան

«Արցախի ՊԲ-ն որևէ ուղղությամբ Արցախի հրադադարի ռեժիմը խախտելու մոտիվացիա և շարժառիթ չունի՝ հատկապես հասկանալով այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը շատ մոտ են տեղակայված Արցախի քաղաքացիական բնակավայրերին»,- «Ազատություն ռադիոկայանի» կազմակերպած ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանն ասաց, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ որևէ քաղաքացիական բնակավայր չունի, և այս առումով սա նրանց ձեռքերն արձակում է, որ ամենաթողության գործողությունների դիմեն և ահաբեկեն սահմանային դարձած մեր բնակավայրերի բնակչությանը։

«Ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը հարյուրից ավել հանցավոր գործողություններ է իրականացրել Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ։ Արցախյան բնակավայրերը դարձել են շատ մոտիկ տեղակայված սահմանին, ավելի կոնկրետ՝ շփման գծին։ Կան համայնքներ, որոնց հարևանությամբ 150-200 մետր հեռավորությամբ զինված հենակետեր կան, և այս բոլոր հենակետերից ադրբեջանական կողմը պարբերաբար թե՛ ուղղորդված կրակոցներ է անում, թե՛ օդ է կրակում և համայնքի բնակիչներին լուսարձակներով լուսավորում, թե՛ հնչեցնում սպառնալիքներ Խրամորթի ուղղությամբ»։

Ստեփանյանն ասաց, որ դրանք զուգորդված և համակարգված գործողություններ են և դրանց իրականացնելու նպատակը Արցախը հայաթափելն է․ «Շարունակվում են հոգեբանական տարբեր մեթոդներով ահաբեկման գործողությունները ինչպես Խրամորթում, այնպես էլ Կարմիր շուկա, Թաղավարտ համայնքների ուղղությամբ»։

ՄԻՊ-ը նաև ասաց, որ այսօր Խրամորթ համայնքում բացի կոչերից միացրել են նաև ադրբեջանական երաժշտություն, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները հատուկ ուղերձ են ձայնագրել,որը տարբեր համայնքների ուղղությամբ միացվում է բարձրախոսներով և հստակ հնչում է, որ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն դադարեցվեն ռազմական գործողությունները։ Ինչպես նաև կոչ են արվում երկու կողմերին զերծ մնալ սադրանքներից և իրավիճակը սրելու բոլոր փորձերից։

«Ես չգիտեմ, թե սադրիչ գործողությունների հաջորդ քայլը որն է լինելու, քանի որ իրենք ունեն տարբեր գործիքակազմ և դա կիրառում են տարբեր համայնքների ուղղությամբ և տարբեր մեթոդներով։ Որոշ համայնքների ուղղությամբ կրակում են օդ, որոշների ուղղությամբ՝ ուղիղ։ Կան համայնքներ, որտեղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Քանի դեռ Ադրբեջանի կողմից այս գործողությունները հստակ գնահատականի չեն արժանանում և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից, և ճնշում չի գործադրվում ադրբեջանական իշխանություններին՝ դադարեցնելու այս սադրիչ գործողությունները, նրանք շարունակելու են այս ամենը, և երբ Ադրբեջանը զգա, որ ենթարկվելու է պատասխանատվության, այդ ժամանակ ավելի զգուշավոր կլինի, և կարծում ենք, որ հետագայում կբացառվեն նման գործողությունները»։

Քնարիկ Պետրոսյան