Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։ Տարածված տեսանյութերում երևում է, որ Չավուշօղլուն ներկայացել է առանց փողկապի, մինչդեռ Արարատ Միրզոյանը փողկապով է։ Այս առիթով Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել․
«Դիվանագիտության մեջ, նույնիսկ արարողակարգային հարցերում, պատահականություններ գրեթե չեն լինում և գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար»։
Oragir.news-ը նախկին դեսպանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում, երբ նախարարներից մեկը փողկապով է, իսկ մյուսը՝ ոչ․
«Դիվանագիտության մեջ, որպես կանոն, ամեն ինչ իր նշանակությունը և խորհուրդն ունի, այդ թվում արարողակարգային հարցերը, դրեսկոդը և այդ գործիքակազմով կողմերը միմյանց նկատմամբ վերաբերմունք են արտահայտում։ Ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններում դրեսկոդի հատկանիշներով նաև հանդիպումների ձևաչափեր են սահմանվում, օրինակ կա հանդիպում առանց փողկապների, կա պաշտոնական հանդիպում, և նման դեպքերում պատշաճ հավասար փոխհարաբերությունների պարագայում կողմերը միմյանց տեղյակ են պահում․ նախապես մի կողմը տեղյակ է լինում, թե մյուսը՝ ինչ հանդերձանքով է ներկայանալու, որտեղ է հանդիպումը լինելու և այլն»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի՝ եթե պաշտոնական հանդիպում է, և Չավուշօղլուն նման տեսքով է ներկայանում, ապա նա ակնհայտորեն իր այդ ժեստով ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի դիմացինի նկատմամբ, իսկ դա հարգանք չէ, այլ ճիշտ հակառակը։
Բացի այդ Էդգար Ղազարյանը նշեց, որ եթե հանդիպումը այն ձևաչափով էր, որ կրելու էր ոչ պաշտոնական բնույթ, ապա հայկական կողմը պետք է դրա մասին տեղյակ լիներ, և Արարատ Միրզոյանն էլ ներկայանար առանց փողկապի։
«Առավել ևս հյուրընկալ երկիրը Թուրքիան է․ ինքն է կազմակերպել դիվանագիտական ֆորումը Անթալիայում, իսկ դա նաև կազմակերպչի տեսանկյունից առանձին պարտավորություն է, որովհետև, երբ կազմակերպիչը միջոցառում է հյուրընկալում, ինքն ամեն ինչ անում է, որպեսզի իր հյուրերը, պատվիրակությունները, որոնք գալիս են, առավելագույն կոնֆորտ զգան, և առավելագույն լավ պայմաններ է փորձում ստեղծել նրանց համար»,- ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը։
Ըստ Էդգար Ղազարյանի՝ այս դեպքում ճիշտ հակառակն է․ հյուրը, որը եկել է ներկայանում է քեզ ավելի պատշաճ տեսքով, քան հյուրընկալը։
«Սա ակնհայտ վերաբերմունքի դրսևորում է, առավել ևս Չավուշօղլուն գիտի, որ այդպիսի հանդիպումները որոշակի պատմական նշանակություն կարող են արձանագրել և փոխանցվել պատմությանը, կարող է թվալ, թե պարզ բան է, բայց իրականում դիվանագիտության մեջ նման հարցերին ուշադրություն է դարձվում»,-ասաց Ղազարյանը։
Մարիամ Ստեփանյան