copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:18 08-03-2022

Կեղծ շնորհավորանքների փոխարեն կանանց իրական իրավունքներով զբաղվեք

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այսինքն՝ տոնական օր է, կանանց իրավունքների պաշտպանության համար ստեղծված տոն, որն առաջացել է 1908 թվականի մարտի 8-ին՝ կանանց իրավահավասարության համար անցկացված ցույցից հետո, երբ կարի արտադրամասի մի խումբ աշխատակիցներ դուրս էին եկել փողոց՝ պայքարելու իրենց իրավունքների համար։ 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։

Այսինքն՝ սա աշխատավոր կանանց օրն է, ոչ թե պարզապես գեղեցիկ, հմայիչ կամ «կանացի» կանանց։ Բայց այն ժամանակի ընթացքում ենթարկվեց վերափոխման ու այսօր շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշվում է որպես կանանց համար ստեղծված գեղեցիկ տոն, երբ տղամարդիկ ջերմ խոսքեր են շռայլում կանանց հասցեին, ոմանք՝ նաև իրենց կանանց։ Բայց միայն այդ օրը։ Հետո շատ արագ մոռացվում է, թե ինչի համար էր այս տոնը, և ինչ մաղթանքներ ու հաճոյախոսություններ էին շռայլում նրանք կանանց, այդ թվում՝ իրենց կանանց հասցեին։

Ցավոք սրտի, Մարտի 8-ին համացանցը ողողած շնորհավորաննքերի մեծ մասը կեղծ են, պաթոսախեղդ և տոնի իրական խորհուրդից զուրկ։ Գեղեցիկ կամ արհեստականորեն գեղեցկացած կանանց հմայքը ընդգծող հաճոյախոսությունների փոխարեն շատ լավ կլիներ, եթե հայ տղամարդիկ, նաև պետական այրերը հստակ քայլեր ձեռնարկեին Հայաստանում ապրող կանանց իրավունքների, նախևառաջ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում։ Այսօր բազմաթիվ հիմնարկներում կանանց հիշում ու հարգում են՝ ընդամենը Մարտի 8-ին նրանց մի փունջ ծաղիկ նվիրելով կամ մի երկու պարտադրված սիրուն խոսք ասելով։ Դրանից հետո ամեն ինչ մոռացվում է, և այդ նույն հիմնարկության ղեկավարը շարունակում է անխնա շահագործել իր ենթակայությամբ աշխատող կանանց՝ դրա դիմաց նրանց վճարելով գրոշներ։ Եւ ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում, քանզի «լուծումը» կլինի պարզապես աշխատանքից հեռացումը։

Փոխարենը այսօր տարատեսակ գրանտներով սնվող ինչ-որ ֆեմինիստական ՀԿ-ներ պրոպագանդում են կանանց իրավունքների «սեռական» հատվածի լիարժեք իրացման հարցը։ Այսինքն՝ խրախուսում են կանանց ազատ վարքուբարքը, որ իրենց պահեն հասարակության մեջ այնպես, ինչպես ցանկանան․ ուզենան՝ իրենց սեռը փոխեն, ուզենան՝ միասեռական լինեն, ուզենան՝ մի քնաի տղամարդ փոխեն ու այդպես էլ մեկի հետ իրենց կյանքը չկապեն։ Բարքեր, որոնք ընդունելի չեն հայ հասարակության մեջ, բայց ակտիվ պրոպագանդայի հետևանքով կամաց-կամաց սկսում են տեղ գտնել ու պնդացնել իրենց դիրքերը մեր երկրում։

Այս ամենը միանգամայն կեղծ ու անիրական է դարձնում կանանց տոնն ու Մարտի 8-ի խորհուրդը, որից ամենաշատ օգտվում են ծաղկավաճառներն ու մյուս առևտրականները։

Ամենից շատ դիտված