Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:44 01-03-2022

Պատերազմի հարվածի ազդեցությունը հասնելու է մինչև խաղող արտադրող գյուղացուն

Ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ուղղակիորեն ազդելու են Հայաստանի տնտեսության ու բնակչության կենսամակարդակի վրա։ Աշխարհն այն աստիճանի է փոխկապակցված, այնքան խորը, սարդոսատայնային տնտեսական հարաբերություններ են ձևավորվել, որ կիրառվող պատժամիջոցները ոչ պակաս ուժգնությամբ հարվածելու են անգամ իրենց՝ պատժամիջոցներ կիրառող երկրներին։ Էլ ուր մնաց, որ այդ հարվածներից անմասն մնա Ռուսաստանի տնտեսությանը հազարավոր թելերով կապված Հայաստանը։

Դեռ փետրվարի սկզբին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսելով ՌԴ-ի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների մասին, նշում էր, որ «Ռուսաստանում տեղի կունենա ռուբլու արժեզրկում, որի արդյունքում մենք մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով, իսկ այդ բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ դնելը անդրադառնալու է նաև Հայաստանի վրա»։ Փետրվարի 28-ի տվյալներով արդեն հայաստանյան փոխանակման կետերում ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ էր, վաճառքինը՝ 5.30։ Սա էական գործոններից միայն մեկն է։

2021թ․-ին ֆիզիկական անձանց անունով ՌԴ-ից, առավելապես արտագնա աշխատանքի մեկնած հայերի կողմից, Հայաստան է փոխանցվել 866 մլն դոլարին համարժեք գումար։ Այսօր ռուբլին գրեթե 30%-ով արժեզրկվել է։ Այսօր այդ գումարը կկազմեր շուրջ 600 մլն դոլար։
2020թ․-ին, պայմանավորված կորոնավիրուսային սահմանափակումներով, արտագնա աշխատանքի մեկնողների զգալի մասը չկարողացավ դուրս գնալ հանրապետությունից, ինչի արդյունքում երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը լարվեց։ 2021թ․-ին սահմանների բացումով այն որոշակիորեն մեղմվեց։ Մինչդեռ այս պարագայում սահմանները բաց են, բայց ՌԴ-ում աշխատատեղերի կրճատումներ կլինեն, ամենայն հավանականությամբ աշխատանքային միգրանտների հաշվին։ Բացի այդ, ռուբլու արժեզրկումը լուրջ դժվարություններ է ստեղծելու տեղի և ռուսաստանաբնակ հայության համար։ Իրավիճակի նման զարգացման դեպքում ռուսաստանաբնակ շատ հայեր չկարողանալով իրենց գոյության համար նվազագույնը ապահովել, ստիպված են լինելու վերադառնալ հայրենիք, ինչը կարող է հանգեցնել բավականին անցանկալի հետևանքների։
Հայաստանը 2021թ․-ին ՌԴ է արտահանել 847․2 մլն դոլարի արտադրանք։ Սա կազմում է ընդհանուր արտահանման գրեթե երրորդ մասը։ ՌԴ քաղաքացու աշխատավարձը չի ավելացել, իսկ ապրանքների գները մեխանիկորեն աշխատավարձի համեմատությամբ 40-50%-ով, գուցեև ավելի, թանկացել են։ Տրամաբանական է, որ միջին վիճակագրական ռուսաստանցին նախկինի համեմատությամբ ավելի քիչ գնումներ է անելու։ Հետևաբար, շղթայական սկզբունքով, նվազելու են արտահանման ծավալները։ Ու քանի որ ՀՀ-ից արտահանվող արտադրանքից ծավալով երրորդը սպիրտային խմիչքներն են (տարեկան շուրջ 400 մլն դոլարի), որոնց 80%-ը իրացվում է ռուսական շուկայում, մեծ է հավանականությունը, որ սննդակարգում կրճատումների դեպքում ռուսաստանցիներն առաջնահերթ հրաժարվելու են սպիրտային խմիչքներից։ Նոյեմբերից սկսած ՀՀ-ից ՌԴ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալները նվազել են, քանի որ Ռուսաստանը միակողմանի խաղի նոր կաններ է սահմանել և շատ ընկերություններ չեն կարողանում արտահանում իրականացնել։ Բացառել պետք չէ, որ հերթական անգամ ռուսները կարող են նոր պայմաններ թելադրել, որի պարագայում մենք այլընտրանք չունենք։ Այդ դեպքում հարվածի ազդեցությունը հասնելու է մինչև խաղող արտադրող գյուղացուն, որը խաղողի իրացման առումով խնդիրներ է ունենալու։ Հարցը հասել է այնտեղ, որ արդեն այսօր հայկական կողմից առաջարկներ են հնչում անցնել բարտերային համակարգի, ՀՀ-ից ՌԴ արտահանվող արտադրանքը, հատկապես ալկոհոլային խմիչքները, փոխանակել էներգակիրներով, հացահատիկով կամ շինանյութով։ Բայց դա հնարավոր է անել միայն պետական մակարդակով։

Հայաստանյան խոշոր հարկատուների, խոշոր ձեռնարկությունների որոշ մասը ռուսական կապիտալով աշխատող դուստր ձեռնարկություններ են։ Եթե նույնիսկ այս ամբողջ անցուդարձը չազդի նրանց վրա, ինչը գործնականում անհնարին է, ապա բացառել պետք չէ, որ արևմտյան պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև նրանց գլխամասային ընկերություններն ու այդ դեպքում հիշյալ ընկերությունների վրա ազդեցությունը լինելու է շատ ուղղակի, բացասական բոլոր հետևանքներով։ Ռուսական կողմը ելնելով իրավիճակից կարող է խաղի կանոնները վերանայել, բնականաբար ոչ ի օգուտ մեզ, ինչը ևս բացասաբար կանդրադառնա մեր ընկերությունների արտահանումների, դրանց ծավալների ու գների վրա։
Աշխարհում աճում են ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։ Ցորենը թանկացել է՝ հասնելով վերջին 13 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշին։ Իսկ Հայաստանի ՌԴ-ից ցորենի ներկրման ծավալները վերջին տարում էապես աճել ու աճելու են։

Չի բացառվում նաև լոգիստիկ խնդիրների առաջացումը՝ դեպի Եվրոպա մեր արտահանումների առումով։ Եվ բազում նման խնդիրներ, որ այս պահին ակնառու չեն, բայց կան ու կարող են տնտեսության զարգացմանը խոչընդոտող լրջագույն գործոններ դառնալ։
Իսկ թե ինչ են անում և ինչ են պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ կանխելու համար երկրի տնտեսությանը սպառնացող այս վտանգները, պարզ չէ։ Թերևս դա էլ «պետական անվտանգության հարց է և ենթակա չէ բարձրաձայնման»։ Իսկ ավելի հավանական է, որ ինչպես միշտ՝ ոչինչ։


Վարդան Մսրյան