Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:18 28-02-2022

ՏԻՄ-ը և կոռուպցիայի մեխանիկան․ Նիկոլը կիմանա, նա է մասնագետը

Ժամանակին ընդդիմադիր գործիչ, ներկայիս վարչապետ Փաշինյան Նիկոլը նախկիններին իրենց «կոռուպցիոն գործունեության», «կոռուպցիայի մեջ թաթախված» լինելու համար «մեղադրանքի սյունին գամելով» իր բոցաշունչ ելույթները, որպես կանոն, ավարտում էր հռետորական հարցադրմամբ․ իսկ կոռուպցիան «հո պոզով-պոչով չի լինում»։ Տրամաբանական է, որ մարդը մոտիկից, գուցեև խորքից գիտեր կոռուպցիան ու դրա պոզ ու պոչին էլ լավ ծանոթ էր։

Հետհեղափոխական Հայաստանում կոռուպցիա չկա։ Համաձայն Փաշինյան Նիկոլի բազմիցս արած հայտարարությունների՝ մեզանում 2018թ․-ի մայիսի 9-ից այն վերացել է։ Այն, ինչ կատարվում էր մինչև հեղափոխությունը (որոշ չարակամներ դա հեղաշրջում են համարում), կոռուպցիա էր, չարաշահում ու անօրինականություն։ Նույնը, որ կատարվում է հիմա, արդեն հիմնավորված, հաշվարկված և երկրի ապագային միտված գործողություն է։ Եթե նախկինում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները բարձրանում էին, Փաշինյանն ու իր թիմը աղաղակում էին, որ դրա նպատակը ժողովրդին կեղեքելու հաշվին օրվա իշխանությունների ապօրինի հարստանալն է։ Հիմա, ինչպես արտահայտվեց գործող իշխանության տնտեսագիտական մտքի երկրորդ համար Բաբկեն Թունյանը, «գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հիմնավորված է, մինչդեռ նախկինների օրոք հիմնավորված չէր»։ Նման գերհիմնավորված բացատրությունից հետո նորից գանք կոռուպցիային։
Քայլարածների թիմում փոքրիշատե «կշիռ» ունեցողները փորձել ու փորձում են իրենց մոտիկներին տեղավորել ջրային տնտեսությունում։ Տպավորություն է, որ ոռոգման համակարգը այս թիմի քաղաքական դարբնոցն է։ Այստեղից է սկսում 30-40-ն անց որոշ գործիչների կեսագրությունն ընդհանրապես։ Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուն պես փեսային ՌԴ խոպաններից բերեց ու կարգեց Արարատ ՋՕԸ-ի տնօրեն։ Գեղարքունիքի՝ մասնագիտությամբ ֆիզկուլտուրնիկ մարզպետն այդտեղ հասավ ջրային տնտեսությունից։ Արտաշատ խոշորացված համայնքի համայնքապետը ևս․ Արտաշատ ՋՕԸ-ից, որտեղ մի քանի ամիս տնօրեն էր (նման օրինակները բազմաթիվ են)։ Նախկինում շարունակ խոսում էին, որ ոռոգման համակարգում մեծ մասշտաբներով «քեշ» փողեր են շրջանառվում։ Հասկանալի է, որ փորձում էին յուրացնել և յուրացնում էին այդ գումարները։ Հիմա միանշանակ է, որ որևէ մեկի մտքով նման բան չի անցնի։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի անբիծ ու անբասիր վարքի տեր են այսօրվա իշխանություններն ու նրանց մտերիմները։ Այդուհանդերձ, ինչ նպատակ են հետապնդում քայլարածները դեպի ՋՕԸ-երը գցվելով։ Չես հասկանում։

Ինչպես նշվեց, Արտաշատի համայնքապետի քաղաքական կարիերիան նույնպես սկսվում է ՋՕԸ-ից։ Վերջինիս ութ տեղակալ, խորհրդական օգնականներից երեքը նույնպես ջուր տվողներ են, որ մասնագիտությամբ ջրային խնդիրների հետ որևէ կապ չունեն։ Ժողովրդին ծառայելու մղումն է նրանց այդտեղ տարել։ Մյուսները, նախկին կարկառուն դաշնակցականախառն հանրապետականներ են, նախկին գյուղապետեր, մարզպետարանի ու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև մարդիկ, որոնց կենսագրություննը սկսվում է 2018թ․-ից։ Վերջինները դեռ ոչինչ, բայց մյուսները, գրեթե բոլորը նախկին են ու սև, որ ձախողելու, զրոյացնելու են հեղափոխականների դարակազմիկ նախաձեռնությունները։ Տասնամյակներով ոռոգման համակարգում աշխատածը հիմա կոորդինացնելու է համայնքի ճարտարապետությանը վերաբերող հարցերը։ Եվ ամենազավեշտալին․ համայնքապետի որոշումներում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար գյուղի Հ. Մանուկյան փողոցի թիվ 22 տան բնակիչ Վարդան Այվազյանին նշանակել Արտաշատ համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: Վարձատրության չափը՝ ամսական 400.000 ՀՀ դրամ։ Դվին գյուղի Հ.Ավետիսյան փողոցի հողամաս թիվ 5 հասցեի բնակիչ Վարդան Հակոբյանին նշանակել Արտաշատ համայնքի ղեկավարի խորհրդական, վարձատրությունը ամսական 350 հազար դրամ: Ովքեր են, ինչ կենսագրություն ունեն, ինչ ճանապարհ են անցել, որ նման լուրջ աշխատավարձերով համայնք են կառավարելու։ Տպավորություն է, որ այդ մարդիկ անցյալ ու ներկա չունեն։ Ունեն միայն բնակության հասցե (թե ում է պետք սրանց հասցեն, չես հասկանում), նորմալ պաշտոն ու լուրջ աշխատավարձ։ Մինչդեռ ընդամենը մի աստիճան ներքև գտնվողների աշխատավարձերը 80-ից 120 հազար դրամ է։

Մի քիչ այլ է իրավիճակը Սմբատ Աղազարյանի պարագայում։ Վերջինս համայնքը չկազմավորված հասցրել է լինել համայնքի ղեկավարի խորհրդական ու հիմա էլ նշանակվում է Բարձրաշեն բնակավայրի վարչական ղեկավար (290000 դրամ աշխատավարձով)։ Բոլորովին էլ պետք չէ մտածել, որ վերջինս «Իմ քայլի» գաղափարախոս Հովիկ Աղազարյանի հարազատն է, դրա համար էլ այդպես թռչկոտում է պաշտոնից պաշտոնի։ Չէ։ Բարձրաշենի նախկին հհկական ղեկավարի հետ քայլարածները պայմանավորվել էին, որ համայնքային ընտրություններում շատ ձայներ ապահովելու դեպքում նա մնալու է նույն պաշտոնին։ Վերջինս ապահովել է, մի բան էլ ավելին, բայց խաբել են։ Չնայած, կարծես հեշտ չեն մարսել, որովհետև գործին տեղյակների ներկայացմամբ մի քանի ամիս շարունակ «իրար մեջ թեմաներ էին հստակեցնում»։
Հետաքրքիր է կոռուպցիան միայն պոզով պոչով է լինում, թե ինչ-որ ելուստներն էլ է ունենում։ Նիկոլը կիմանա, նա է մասնագետը։

Վարդան Մսրյան