copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:51 24-02-2022

Մեր բուհի ռեկտորն ամեն ինչ էլ իմացել է նախապես, ուղղակի մեզ չի ասել. Եղեգնաձորի ՀՊՏՀ մասնաճյուղի ուսանողները՝ բուհի փակման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանությունները որոշել են փակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ շարունակում է ահազանգեր ստանալ ուսանողներից, որոնք մեզ հետ զրույցում նշեցին, որ բուհի փակումը կանխելու համար օրեր առաջ ստորագրահավաք էին սկսել, որին արդեն 620-ից ավելի ուսանող մասնակցել է։

Բուհի հեռակա բաժնի ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհի փակվելու հետ կապված, նախկինում պարբերաբար խոսակցություններ էլի եղել են, ու փաստորեն պարզվեց, որ այս անգամ իսկապես բուհը փակում են․ «Մեզ ասել են, որ 2023 թվականի ամառը ընդունելություն չի լինի, իսկ այն ուսանողները, որոնք արդեն ունեն պայմանագիր, պետք է ավարտեն բուհը։ Նախարարն ասել է, չէ՞, որ իբր բուհը դրսից բուհի տեսք չունի, ուսանողները քիչ են՝ մոտ 250 հոգի է, ու պրոֆեսիոնալներ չեն աշխատում ուսանողների հետ։ Ես հաստատում եմ, որ առանձնապես տարբերություն չկա Եղեգնաձորի ՀՊՏՀ-ի և Երևանի ՀՊՏՀ-ի միջև, քանի որ կան դասախոսներ, անգամ՝ դոցենտներ, որոնք դասավանդում են երկու բուհում միաժամանակ։ Ես հեռակա եմ սովորում, տարեկան վարձը 300 հազար դրամ է, լավն այն է, որ Երևան էլ չեմ գալիս ուսում ստանալու համար, այդքան գումար էլ չեմ ծախսում հա՛մ ուսման վարձ տալու, հա՛մ էլ տան վարձի համար, այլ մեզ մոտ եմ սովորում»։

Ուսանողներից մյուսը մեզ հետ զրույցում ասաց, որ երեք տարի առաջ, երբ նոր պետք է ընդունվեր համալսարան, սկզբում արդեն կցկտուր խոսակցություններ կային, որ միայն հեռակայի ընդունելությունը պետք է փակվի, բայց չփակվեց այդ տարի, սակայն ամեն տարի ասում էին, որ հեռակայի ընդունելությունը կփակվի։ Իսկ ավելի կոնկրետ՝ այդ խոսակցությունները կրկին եղել են նախորդ կիսամյակում, բայց արդեն և՛ առկա, և հեռակա համակարգի վերաբերյալ, իսկ իրենք այդ որոշման մասին իմացել են նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ այդ ժամանակ իրենք դեռ դասի են գնացել, իսկ բուհի փակվելու մասին անգամ չի իմացել դասախոսական կազմը։

«Ուսանողներից մեկը ինչ-որ տեղից լսել էր, որից հետո տարածվեց մեր բոլոր ուսանողների մեջ, որ ուզում են առհասարակ ընդունելությունը փակեն՝ թե՛ առկա , թե՛ հեռակա և թե՛ մագիստրատուրայի համակարգում, բայց մենք չգիտեինք, որ որոշման թուղթն արդեն ուղարկել է կառավարությունը։ Հետո դասախոսներին ասացինք, իրենք ընդհանրապես տեղյակ չէին, իսկ մեր բուհի տնօրենն ընդհանրապես չէր էլ գալիս, որ գոնե իր հետ քննարկեինք այդ թեման, բայց մենք գիտեինք, որ ինքը գիտխորհրդի ժողովների էր գնում, իսկ վերջերս ավելի պարբերաբար էր գնում այդ նիստերին։ Քանի որ ընդունելությունն արդեն փակվել էր, տնօրենն ասաց մեզ, որ չի իմացել, որ ընդունելության փակվելու թուղթը ստորագրել է կառավարությունը, բայց տնօրենն ամեն բան էլ իմացել է նախապես, գիտխորհրդի անդամ է, ուղղակի չէր ասում մեզ, որովհետև չէր պատկերացնում, թե մենք դա ոնց կընդունենք, բայց բուհի փակման մասին առհասարակ բան չէր ասել մեզ»։ Ուսանողուհին նաև ասաց, որ անգամ այդ տարվա աշակերտները, որոնք բուհի ընդունելության դիմորդներ էին, որևէ մեկի կողմից չեն տեղեկացվել, որ չկա բուհում ընդունելություն, որ կողմնորոշվեն այլ համալսարան դիմելու համար՝ այն էլ երկրորդ կիսամյակից, այն դեպքում, երբ աշակերտներն արդեն կես սեմեստր է՝ պարապել են բուհի ընդունելության քննությունների համար։

Հարցին, թե կա՞ արդյոք տարբերություն Երևանի ՀՊՏՀ-ի և Եղեգնաձորի մասնաճյուղերի բուհերի միջև, ուսանողուհին ասաց, որ Եղեգնաձորի մասնաճյուղի վարձավճարները երկու անգամ ավելի քիչ են։ Բուհում գործող երեք՝ «Կառավարում», «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում» բաժինների համար հեռական 300 հազար ՀՀ դրամ է, առկան՝ 350 հազար դրամ։ Իսկ ընդհանուր բուհում կա 252 ուսանող։
«Մենք հիմա շաբաթ օրն ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել՝ հրավիրելով նախարարության անդամներին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին և մեր բուհի համահիմնադիր Ղազարյան Էդգարին, նախկին մարզպետին և այլն։ Դումանյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ բուհը դրսից բուհի տեսք չունի, ժամանցի կենտրոն չէ, ու նորմալ կադրեր, նորմալ գիտելիք այն չի տալիս, բուհը մարզային գաղափար չէ, հետո խիստ կասկածում ենք, որ անգամ շաբաթ օրը մեր բողոքն արտահայտելուց հետո, ինչ էլ անենք, այդ որոշման վրա էլ չենք կարող ազդել։ Հիմա մեզ էլ կոնկրետ չեն ասում՝ բուհը կփակվի՞, թե՞ ոչ, բայց ընդունելության փակվելու որոշումն արդեն կա, իսկ ռեկտորն էլ մեր ասում է, որ այդ որոշումն անբեկանելի է»։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ռեկտոր Արփինե Հովակիմյանի հետ՝ հարցնելու, թե արդյո՞ք նախապես տեղյակ եղել ու չի ասել բուհում ընդունելություն չանելու որոշման մասին ուսանողներին, ասաց, որ մեկնաբանություններ չի տալիս. «Ես իրավասություններ չունեմ պատասխանելու բուհի վերաբերյալ հարցերին։ Կառավարության որոշում կա դրա վերաբերյալ, որը հրապարակվել է նաև կառավարության կայքում, իսկ գիտական խորհրդի որոշումը՝ բուհի կայքում, մնացած մանրամասների հարցով դիմեք ՀՊՏՀ մայր բուհ»։

Քնարիկ Պետրոսյան