Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:42 19-02-2022

Իշխանությունները փակելու են Եղեգնաձորի համալսարանը․ ուսանողները «շվարել» են

Իշխանությունները որոշել են փակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ Այս մասին Oragir.news-ին ահազանգեց ուսանողներից մեկը՝ ասելով, որ բուհի փակումը կանխելու համար ստորագրահավաք են սկսել․

«Եղեգնաձորում արդեն 14 տարի է՝ գործում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճուղը։ Հիմա մասնաճուղը ունի 250-ից ավել ուսանող, բայց չգիտես՝ ի՞նչ պատճառներով, որոշել են, որ ընդունելությունը արդեն դադարեցվում է։ Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել և հավաքել 600-ից ավել ստորագրություններ։ Սկզբում մարզպետին դիմեցինք, մարզպետն ասաց, որ գործին ընթացք կտա, բայց ոչինչ չեղավ։ Ամսի 23-ին կառավարությունը պետք է որոշումը հաստատի։ Քանի որ ոչ մի արդյունք չեղավ մենք էլ ստիպված այդ ֆեյսբուքյան արշավը սկսեցինք, որով ՀՊՏՀ-ի ռեկտորից պահանջում Էինք ներկայացնել պատճառները։ Այդ ստորագրությունները տարվել է նախարարություն, բայց նախարարությունից ոչ մի արձագանք չի եղել։

Այսօր առավոտյան Գալոյանը զանգել է մեր տնօրենին և, կոպիտ ասած, սպառնացել է, որ եթե մենք մեր բողոքը շարունակենք մենք էլ չենք ավարտի, լիցենզիայից կզրկեն բուհը և վերջ։ Ռեկտորը ասում է, որ մի քանի չափանիշներ կան, որոնց բուհը չի համապատասխանում և օրինակ է բերում ֆիզկուլտուրայի դահլիճի բացակայությունը։ Մեզ ֆիզկուլտուրայի դահլիճ ապահովում է համայնքապետարանը՝ անվճար հիմունքներով։ Մյուս պատճառը, որ մատնանշեց Գալոյանը, դասախոսական կազմի բացակայությունն է։ Մեր դասախոսական կազմի մեծ մասը Երևանից է գալիս, տեղում չունենք դասախոսներ, բայց այդ հարցն էլ այնպես է կազմակերպվում, որ Երևանից եկած դասախոսները մեզ դասախոսում են ուրբաթ և շաբաթ օրերին։ Ես չեմ կարծում, որ սա մեծ ֆինանսների հետ է կապված։ Երբ մենք մեր համալսարանը համեմատում ենք Գորիսի և Գավառի համալսարանների հետ, հասկանում ենք, որ այդ համալսարաններում ուսանողների քանակը ավելի քիչ է։ Նրանք պատճառների մեջ նշում են, որ ֆինանսավարումը լավ չի կատարվում, բայց մեր համալսարանը մայր բուհից ֆինանսավորում ստացել է առաջին 4 տարին, իսկ դրանից հետո ինքնաֆինանսավորվել է։ Խնդիրն այն է, որ նրանք այս հարցը դիտարկում են միայն տնտեսական տեսանկյունից, իսկ սոցիալական տեսանկյունից, թե բուհը ինչ է տալիս մարզին, ինչ ռազմավարական նշանակություն ունի, իրենց չի հետաքրքրում»,- ասաց ուսանողը։

Oragir.news-ը զրուցեց նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ Եղեգնաձորի մասնաճյուղը փակվում է։ Գալոյանը նախ փորձեց մեզ հակառակն ապացուցել՝ ասելով, որ պարզապես այս տարի ընդունելություն չի լինելու․ «Նախ չի փակվում, ուղղակի, ընդունելություն այս տարի չի լինելու, բայց նախկինում բոլոր ընդունվածները այս տարի ավարտելու են»,- ասաց ռեկտորը։

Հարցրինք՝ իսկ մյուս տարի ու այսուհետ ընդհանրապես լինելո՞ւ է, Գալոյանը պատասխանեց․ «Այսուհետ ընդունելություն չի լինելու, բայց ներկայիս բոլոր ուսանողները ավարտելու են»,- պատասխանեց Գալոյանը։ Այսինքն՝ 4 տարի հետո փակվելո՞ւ է․ «Այո»,- խոստովանեց Գալոյանը։

Ռեկտորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ համալսարանը փակում են․ «Ընդհանրապես, տնտեսագիտական համալսարանը՝ որպես բարձրագույն կրթություն տվող օղակ, իր առջև մի քանի հիմնական առաքելություններ ունի, և դրանցից առաջինը որակյալ բարձրագույն կրթական ծառայություններ մատուցելն է, ինչպես նաև, սեփական հետազոտություններով մարզի շահերին աջակցելը։ Մարզի տնտեսագետ կադրերի ներգրավումն ու համախմբումն է։ Մենք երբ վերլուծություն ենք իրականացնում՝ սրա հետ կապված, թե արդյոք մենք մեր հիմնական առաքելությունը իրականացնո՞ւմ ենք տվյալ մարզում որպես մասնաճուղ ունեցող բուհ, վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք չենք կատարում մեր առաքելությունը։ Առաջին հերթին մարզը ունի լուրջ որակյալ կադրերի խնդիր և այս պահի դրությամբ այդ մասնաճուղում մենք ունենք ընդամենը 1 հիմնական աշխատող դոցենտ, մնացած ամբողջ դասախոսական կազմը գնում է Երևանից։ Կադրերը կարող ենք համալրել բացառապես Երևան քաղաքի հաշվին։ Տեղական կադրերով մենք չենք կարողանում բուհում դասավանդողներ գտնել։ Համեմատության համար ասեմ, որ Գյումրու մասնաճուղը ամբողջությամբ սեփական կադրերի հաշվին է կարողանում կրթական պրոցեսը կազմակերպել։ Երկրորդ պատճառը կապված է ուսանողների թվաքանակի հետ։ Միջինում տարեկան առկա բակալավրիատ 17 հոգի է ընդունվում այն դեպքում, երբ տվյալ մարզից 75 հոգի միջինում ընդունվում է Երևանի ՀՊՏՀ։

Ասեմ ավելին՝ այս տարի Երևան քաղաքի ՀՊՏՀ ավելի շատ մարդ է ընդունվել Վայոց ձորի մարզից, քան Եղեգնաձորի մասնաճյուղ։ Այսինքն՝ մենք չենք իրականացնում այն սոցիալական խնդիրը, որը մենք մեր առջև դրել էինք, որպես ավելի մատչելի կրթություն ապահովող։ Մենք չենք կարծում, որ մասնաճուղ ունենալու նպատակը ուղղակի մասնաճուղ ունենալն է։ Մենք կարծում ենք, որ մեր հիմնական շեշտը պետք է դրված լինի որակյալ կրթության վրա։ Իսկ այնտեղ առկա պայմանները չեն բավարարում, որ մենք մեր առջև դրած նպատակը իրականացնենք»,- ասաց ռեկտորը։

Փաստորեն իշխանությունների՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը շարունակվում է, փոխարենը համալսարանի աշխատանքը կազմակերպեն, ընդունելությունը խրախուսեն, բուհը զինեն ժամանակակից տեխնոլոգիաներով ու որակյալ կադրերով, ընտրել են ամենահեշտ տարբերակը․ ուղղակի քանդել, փակել, լուծարել՝ «չկա բուհ, չկա պրոբլեմ» սկզբունքով։

Լիլիթ Հարությունյան