copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:56 15-02-2022

Թուրքիայում խորանում են սոցիալ-տնտեսական դժգոհությունները

2023 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում շարունակում են խորանալ իշխող ուժի և ընդդիմության հակասությունները: Ընդդիմությունը հատկապես շահարկում է թանկացումները, քանի որ դրանք առնչվում են հանրության բոլոր շերտերին և էական նշանակություն կարող են ունենալ դեռևս չկողմնորոշված էլեկտորատի ձայների հավաքագրման գործում: Այս տեսանկյունից առավել ակտիվ է քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցությունը: Խոշորագույն ընդդիմադիր ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որն առաջիկա ընտրություններին մասնակցում է հաղթանակի հավակնություններով, նշել է, որ չի վճարելու իր էլեկտրաէներգիայի վարձերն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Էրդողանը չի հրաժարվել գների վերջին բարձրացումներից: Իհարկե, գների թանկացումն ամենևին էլ Էրդողանի ցանկությունը չէ, առավել ևս, ընտրությունների նախաշեմին, բայց ընդդիմությունն ամեն ինչ անում է՝ տպավորություն ստեղծելու, թե հենց Էրդողանի սխալ քաղաքականությունն է հանգեցրել նման տխուր իրավիճակի:

Այսպես, Թուրքիայում էլեկտրաէներգիայի սակագինը հունվարի սկզբին բարձր պահանջարկ ունեցող արդյունաբերական օգտագործողների համար բարձրացել է 125 և մոտ 50 %-ով՝ ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար: Թուրքական արժույթի՝ լիրայի անկումից հետո, բնականաբար, կանխատեսելի էր նման գնաճը, քանի որ Էրդողանն այդպես էլ չհրաժարվեց ցածր տոկոսադրույքների քաղաքականությունից, ավելին՝ դա համարեց Թուրքիայի տնտեսությունը փրկելուն ուղղված քայլ: Ամենևին զարմանալի չէ, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունից հետո իշխող կուսակցությունը քննադատել է ընդդիմության մոտեցումները՝ գնաճի պատճառով լայն թափ ստացող դժգոհության ֆոնին կատարվող մեկնաբանությունները որակելով որպես սադրանք: Հատկանշական է, որ քեմալական ընդդիմադիր մամուլը էլեկտրաէներգիայի թեման օրակարգային դարձնելու համար սկսել է պատմական ակնարկներ կատարել՝ հասնելով ընդհուպ վաղ 1920-ականներ:

Օրինակ ազգային-սեկուլյարիստական գաղափարախոակիր «Sözcü» թերթի լրագրող Սինան Մեյդանը նախ հիշեցրել է քաղաքացիներին, որ հանրապետության հիմնադրման ժամանակ երկրի 94%-ը լույս չուներ, իսկ 1949 թվականի դրությամբ էլ էներգիայով ապահովված էր արդեն իսկ 215 բնակավայր, ապա հոդվածն ամփոփել այն տողով, որ 2022-ին Թուրքիայի նահանգը կարող է 3 օր շարունակ զրկված մնալ էլեկտրաէներգիայից:

Էրդողանին առավելապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ սոցիալական դժգոհությունները տեղափոխվում են փողոց, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով Թուրքիայում բողոքի ակցիաներ են կազմակերպում պետական ծառայողներն ու արհեստակցական տարբեր միությունների ներկայացուցիչներ՝ որպես բողոքի նշան հրապարակավ այրելով էլեկտրաէներգիայի վարձահաշիվները: Ընդ որում, քաղաքացիների շրջանում մեղմող նշանակություն չի գործում այն փաստը, որ կառավարությունը 50 %-ով բարձրացրել է նվազագույն աշխատավարձը, քանի որ դրան զուգահեռ ավելացել են ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի, բենզինի և ճանապարհային վճարները: Ավելին, սոցիալ-տնտեսական դժգհությունները պայմանավորված են նաև գործազրկության կտրուկ աճով: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի վերջին տվյալներով՝ գործազուրկների թիվը հասնում է 4 միլիոնի, ինչը ենթադրում է, որ գործազրկության մակարդակը հասել է 11․2 %-ի:

Բայցևայնպես, պետք է նկատել, որ 2022 թվականի առաջին երկու ամիսները տնտեսական դրության տեսանկյունից անհամեմատ կայուն են նախորդ տարվա վերջին ամիսների համեմատությամբ, քանի որ, որպես օրինակ, դեկտեմբերին լիրայի շարունակական տատանման արդյունքում գնաճը հասել էր 36 %-ի: Սոցիալական այս խորքային խնդիրները չեն վրիպում գործող իշխանությունների ուշադրությունից, քանի որ վերջիններս հրաշալի են գիտակցում դրանց անմիջական կապը քաղաքական զարգացումների հետ: Թուրքիայի համար այս առումով դասագրքային ուղեցույց է 2017-18 թթ. զանգվածային ցույցերը հարևան Իրանում, երբ ցածր կենսամակարդակի, գործազրկության ու առաջին սպառման ապրանքների թանկացման դեմ բողոքի ալիքը վերածվեց հակառավարական ակցիայի, որի ընթացքում առավել շատ հնչեցին քաղաքական, քան տնտեսական բարեփոխման պահանջներ:

Ամենից շատ դիտված