Երևան +20°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:48 23-02-2022

Թուրքիայում խորանում են ուկրաինական ճգնաժամի շուրջ մտավախությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած Անվտանգության խորրհրդի ընդլայնված նիստից և տեսաուղերձից հետո Թուրքիայում քաղաքական թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված այն մարտահրավերների հետ, որոնց Թուրքիան բախվելու է դոնբասյան հանրապետությունների ճանաչումից ու ռուսական զորքի տեղակայումից հետո: Ընդ որում, թեպետ համընդհանուր ըմբռնման համաձայն՝ անընդունելի է Ուկրաինայի տարածքում անջատողականության լեգիտիմացումը, բայցևայնպես միանշանակ չէ մոտեցումը՝ չեզոք քաղաքականություն վարելու կամ, առավել ևս, ՌԴ դեմ գործադրվող միջազգային պատժամիջոցներին միանալու առումով: Օրինակ Թուրքիայի Միլլի մեջլիսի խոսնակ Մուսթափա Շենթոփը Թբիլիսիի թուրքական դեսպանատանը փետրվարի 22-ին տարածած հայտարարությամբ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամը երկու երկրների լարվածություն չէ. այն իրավիճակ է, որում ներքաշված է ամբողջ աշխարհը՝ հավելելով, որ ճգնաժամը լրջագույն ռիսկեր է պարունակում տարածաշրջանի և Եվրոպայի համար: Փաստացի, եթե Թուրքիայի ռազմաքաղաքական արևմտյան դաշնակիցներն ուկրաինական հակամարտությունը դիտարկում են առաջին հերթին որպես Եվրոպայի կամ, այսպես կոչված, ժողովրդավարական աշխարհի դեմ ագրեսիա և սահմանափակվում եվրոպական տարածաշրջանի անվտանգային հարցերով, ապա Թուրքիան խնդիրը նախ դիտարկում է սևծովյան և հետո միայն՝ եվրոպական անվտանգային խնդիրների շրջանակում: Այս համատեքստում ամենևին զարմանալի չէ Աֆրիկա կատարած այցից վերադարձի ճանապարհին Էրդողանի հնչեցրած հայտարարությունն առ այն, որ Թուրքիան, որպես սևծովյան ավազանի երկիր, նախապատրաստական անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացրել է: Թուրքիայի նախագահը նշել է, որ պատերազմը վտանգ է սպառնում Թուրքիային, և այդ է պատճառը, որ ստիպված անհրաժեշտ միջոցառումների փաթեթ պետք է կազմեն՝ որպես սևծովյան երկիր չանտեսելով Թուրքիային բաժին ընկած պատասխանատվությունը։ Ինքնաթիռում լրատվամիջոցներին տված հարցազրույցի բովանդակային վերլուծությունից ակնհայտ է, որ թուրքական կողմը մեծապես հիասթափված է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների քաղաքականությունից: Անկարան, հրաշալի գիտակցելով, որ Ռուսաստանի հետ բազմաշերտ հարաբերություններ ունի և չի կարող գնալ կոպիտ հակադարձման, մինչև վերջին պահն ակնկալում էր Արևմուտքի կոշտ արձագանքներն ու նախահարձակ քայլերը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ և մասնակի պատժամիջոցների տեսքով հաջորդեց միայն անկախության ճանաչման մասին պուտինյան մոտ ժամանոց հանրային ելույթին: Ամենևին զարմանալի չէ, որ Էրդողանը փաստացի դժգոհեց ամերիկյան դատարկ հայտարարություններից ու Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովից՝ այն համարելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողով:

Թուրքիայում ինչպես գործող իշխանության, այնպես էլ մասամբ ընդդիմության և վերլուծաբանների շրջանում գերակա է այն տրամադրությունը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու է հայելային պատասխանի, ինչը նշանակում է, որ պետք է բացառել նման գործելաոճը, և երկրորդ՝ պետք է հասնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման, եթե դրանք այս կամ այն կերպ կարող են վնաս հասցնել թուրքական շահին: Որպես օրինակ՝ Տնտեսության և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (EDAM) տնօրեն Սինան Ուլգենի կարծիքով՝ Ղրիմի իրադարձություններին հաջորդեցին ամերիկյան CAATSA կոչվող պատժամիջոցները, որոնք ազդեցին նաև Թուրքիայի վրա. այդ է պատճառը, որ թեպետ 2014-ին Ղրիմի միացումը Թուրքիան Արևմուտքի օրինակով որակեց «անօրինական», սակայն չմիացավ պատժամիջոցների քաղաքականությանը: Թուրքիայի արտգործնախարարության նախկին քարտուղար, պաշտոնաթող դեսպան Ֆարուք Լողօղլուի կարծիքով՝ Թուրքիան այս լարվածության ամբողջ ընթացքում ճիշտ քաղաքականություն է վարել, բայց այժմ գործն ավելի է բարդանում, քանի որ ԵՄ անդամակցության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին պետք է հաշվի նստել Արևմուտքի որոշումների հետ: Դիվանագետի կարծիքով՝ որքան էլ Թուրքիան հարաբերություն ունենա Ուկրաինայի հետ, միևնույն է, նրա հարաբերությունները ՌԴ հետ անհամեմատ ավելի ընդգրկուն են ու խորը՝ միևնույն ժամանակ մտավախություն հայտնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող են չնախատեսված որոշ խնդիրներ առաջանա։