Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:25 08-02-2022

Հայաստանին վերաբերվում են այնպես, ինչպես Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս հաղորդավար Սոլովյովի հետ զրույցում Հայաստանի հասցեին տհաճ բաներ է ասել։ Տհաճը մեղմ է ասված, բառացիորեն հայհոյել է Հայաստանին․ ասել է՝ Հայաստանն անպետք երկիր է, ոչ մեկի պետք չէ և գնալու տեղ չունի, դրա համար միակ ճանապարհը Միութենական հանրապետության մեջ ընդգրկվելն է։ Իհարկե, Բատկան, լինելով տեսակով չոբան ու կոլխոզնիկ, նորմալ է, որ որևէ երկրի հասցեին այդկերպ է արտահայտվում՝ ոչ թե դիվանագիտական լեզվով, որ շատ չվիրավորի։ Բայց Հայաստանն էլ, ըստ էության, թույլ է տվել, որ Բատկայի նմանները այդպես արտահայտվեն մեր մասին։ Հայաստանն այս դեպքում օրվա իշխանություններն են։ Պուտինի ղեկավարած Ռուսաստանի Դաշնության հասցեին Լուկաշենկոն, բնականաբար, բացի խոնարհումից ու գովեստի խոսքերից, որևէ այլ կերպ չէր հանդգնի արտահայտվել։ Իսկ Հայաստանի հասցեին որոշել է ասել մտքի եկածը, ընդ որում՝ ճշմարտությունը, որը ցավալի է ընդունել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել է մի մակարդակի, որ ահա այսպիսի ընկալումներ է առաջացնում մեր երկիրը այլ երկրների ղեկավարների մոտ։ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, դրանից առաջ էլ թող լինի Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայաստանի հասցեին ոչ ոք այսպես չէր արտահայտվում, նույնիսկ թշնամի պետության ղեկավարները չէին հանդգնում մի թթու խոսք ասել։ Իսկ բոլորին ասֆալտին փռող ու պատերին ծեփող Փաշինյանի Հայաստանին ամենավերջին բառերով ստորացնում են։ Այսօր ԱԺ ամբիոնից փորձ արվեց «պաշտոնական» մակարդակով արձագանքել Լուկաշենկոյի բարբաջանքներին։ Հակադարձողներն էլ անփառունակ «ուսապարկեր» էին՝ Վաղարշակ Հակոբյան անունով մի անհայտ պատգամավոր, որը կոչ արեց Լուկաշենկոյին այլևս նման բաներ չասել Հայաստանի հասցեին՝ սիրուն չէ, և Աղազարյան Հովիկը, որը Լուկաշենկոյին կոչ արեց Հայաստանի փոխարեն զբաղվել Մինսկի օդանավակայանով, որը, իր պատկերացմամբ, ահավոր կեղտոտ, փնթի վիճակում է գտնվում։ Ահա այսպիսի հուժկու պատասխաններ տվեցին ՔՊ-ականները Բելառուսի նախագահին։ Օրվա ընթացքում մի կիսավախեցած արձագանքով հանդես եկավ նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը հայտարարեց, թե Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։

Ահա այսպես՝ վախը սրտում, անատամ, զգուշավոր արձագանքներ Բելառուսի նախագահի հոխորտանքներին Հայաստանի հասցեին։ Ամենադիպուկ ու հստակ արձագանքումը, թերևս, ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանինն էր այսօր ԱԺ հայտարարությունների ժամին։ Նա Ալեքսանդր Գրիգորիին հասկացրեց, որ պետք չէ նույնացնել Հայաստանն ու Փաշինյանին և Հայաստանի հասցեին արտահայտվել այնպես, ինչպես Փաշինյանի հասցեին է արտահայտվում։ Ցավոք սրտի, Հայաստանի վարկանիշն այսօր էապես կախված է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշից՝ ինչպես նրան են ընկալում ու վերաբերվում, այնպես էլ նրա ղեկավարած երկրին, որտեղ նաև մենք ենք ապրում։

Ֆրիկ