copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:14 26-01-2022

Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում։ Այս մասին է վկայում Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազան, հաղորդում են ՏԱՍՍ-ն ու «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տվյալների բազայի համաձայն՝ հետախուզումը կապված է քրեական գործի հետ։ Թե կոնկրետ որ գործի՝ չի նշվում։

Հունվարի 25-ին քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ուղարկել Մոսկվայի Լյուբլինսկի շրջանային դատարան՝ պահանջելով «սանիտարական գործով» Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով։

Դատարանի կայքի տեղեկատվության համաձայն՝ որոշումը չեղարկելու մասին միջնորդությունը գրանցվել է հունվարի 24-ին։ Որպես դրա պատճառ նշվում է դատապարտյալի կողմից հանձնարարված պարտականությունների չկատարումը, վնասի հատուցումից խուսափումը կամ նոր հանցագործության կատարումը։

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգը, 2021 թվականի օգոստոսին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «սանիտարական գործով»։ Այն հարուցվել է 2021 թվականի հունվարին։ Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները կոչ են արել դուրս գալ ակցիայի՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի, և սադրել են մարդկանց՝ խախտելու սանիտարահամաճարակային նորմերը։