copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:35 14-01-2022

Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ուկրաինական արբանյակ է արձակել տիեզերք

Ուկրաինական «Սիչ-2-30» արբանյակը տիեզերք է տեղափոխել Falcon9 հրթիռ-կրիչը, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։ Այս մասին հաղորդել է SpaceX ընկերությունը, որի YouTube-ալիքով հեռարձակվել է արձակումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես մեկնաբանել է արբանյակի արձակումը` ասելով, որ Իլոն Մասկի ընկերության հեռարձակումը դիտել է «շունչը պահած»: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում։

Զելենսկիի խոսքով, նա վստահ է, որ հազարավոր ուկրաինացիներ հետևել են այդ հեռարձակմանը։ Նա նաև նշել է, որ արբանյակը արտադրվել է Ուկրաինայում, այսինքն՝ այն բացառապես ուկրաինական տեխնոլոգիաների արտադրանք է։ Վերջին 10 տարիների ընթացքում սա Ուկրաինայի կողմից տիեզերք արձակված առաջին արբանյակն է, ընդգծել է Զելենսկին։

«Սիչ-2-30»-ը ստեղծվել է հողօգտագործման, անտառային և ջրային ռեսուրսների վիճակի մոնիտորինգի, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերահսկելու համար։ Սա քաղաքացիական արբանյակ է, բայց միևնույն ժամանակ կարող է տեղեկատվություն ստանալ և հեռարձակել ռազմական տեխնիկայի և նավերի տեղաշարժի, ինժեներական կառույցների շինարարության մասին։ Կիևը մինչև 2025 թվականն ակնկալում է ստեղծել ուկրաինական ութ արբանյակներից կազմված խմբավորում։