«2001 թվականին է ծնվել տղես՝ Մանվել Գալստյանը, ով զորակոչվել է բանակ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ու ոտքի լուրջ խնդիր ուներ, կարող էր բանակ չգնալ, բայց գնաց, բայց ինքը ճիշտ համարեց, որ եթե տղա է, պետք է ծառայի իր հայրենիքին, ու միշտ ասում էր, որ երկու տարվա համար պետք չէ հաշմանդամի պիտակով ապրել չարժի»,- այսպես սկսեց պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Մանվելի մայրը՝ Անահիտ Չիբուխչյանը։
Անահիտը պատմում է, որ որդին ուսումը կիսատ թողնելով զորակոչվել է բանակ ու ծառայել է Ջրականում (Ջաբրայիլում)։
Ծրագրավորող էր ուզում դառնալ, միշտ ասում էր, որ դառնալու է հանրահայտ ծրագրավորող։
«Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Երկու ամիս ծառայելու ընթացքում զինվորական կոշիկներ չի հագել, ոտքն անընդհատ ուռում էր,հողաթափերով է եղել՝ մինչև հոկտեմբերի 26-ը ու հողաթափերով կռվել է ու հոկտեմբերի 26-ին Հադրութի բնակիչներից մեկը նրան կոշիկ է տվել։ Իր սպաներն են պատմում, որ ցրտից ու անձրևից նասկիներն ամբողջությամբ քրքրված են եղել, բայց չի հուսահատվել ու շարունակել է կռվել»։
Մանվելն իր մարտական ընկերների հետ պատերազմի առաջին օրից էլ եղել է մարտական դիրքերում, երկու-երեք անգամ գնացել են կրակային, չգիտեին էլ զենքն օգտագործելու ճիշտ ձևը։
«Ես ինքս զինվորական եմ, ու լավ էի հասկանում՝ այնտեղ ինչ է կատարվում։ Որդիս հետս խոսելուց ամեն անգամ ասում էր, որ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ լավ է ու ոչ մի անգամ չբողոքեց, չասաց, որ լավ չի, չասեց, որ վախենում ա։ Հոկտեմբերի 5-ի առավոտյան արդեն Ջրականից իրենց նահանջի հրահանգով տարել էին Հադրութ, ու ես իրենից եմ լսել, որ հոկտեմբերի 5-ին ինքն արդեն բեկորային վիրավորում է ստացած լինում՝ արդեն մյուս ոտքից, քանի որ էն մյուսն արդեն խնդիր ուներ»,- հուզված պատմում է մայրը։
Մանվելին վիրավոր վիճակում իր զինակից ընկերներից մեկն է վիրակապել, այնուհետև ուղղորդել է զինվորական հոսպիտալ՝ որտեղ Մանվելն այդպես էլ չի գնացել։
Չնայած նրան, որ խոսում էին հավանական՝ հոկտեմբերի տասի հրադադարի մասին, որն այդպես էլ չեղավ, մայրը զինվորականներից իմացել էր, որ Հադրութում իրավիճակը շատ լարված է, ու հնարավոր բոլոր ձևերով փորձել է որդուն դուրս բերել այդտեղից, սակայն որդին մորից նեղացել է՝ ասել է. «Մամ, էդ ո՞ւմ տեղն ես դրել ինձ, ես չեմ կարող իմ ընկերներին թողել, ես ո՞նց կարող եմ առանց նրանց գնալ, հետո նայել նրանց աչքերին, չե՛մ կարող»։
Մայր ու որդի հոկտեմբերի 8-ի երեկոյան երբ խոսել են, որդին ասել է, որ ամեն բան լավ է. «Մամա ջան, դու ժպտա՛, պինդ եղի՛ր, հանկարծ չլացես», ու երևի հենց այդ երեկոն էլ իմացել է, թե ուր են գնում, ու դա եղել է իրենց վերջին զանգը։
Անահիտը պատմում է, որ Հադրութի Այգեստան գյուղը, որտեղ հարյուր հոգանոց ջոկատով եղել է որդին, եղել է շրջափակման մեջ, լուսադեմին՝ թեժ մարտերից հետո, իրենք եղել են միայնակ, առանց որևէ սպայի, իրենք իրենց փրկել են, կեսը ճանապարհից՝ փախել։
«Հոկտեմբերի իննի լուսադեմին, երբ զգացել են, որ արդեն շրջափակման մեջ են, հետնահանջ են տվել, մի քանի հոգի մնացել են կրակելու, մնացածը մնացել են, որ իրենց դիմացից եկող թշնամին չհասկանա, որ նահանջում են։ Հոկտեմբերի 14-ին մի տղա զանգեց, լացում էր, ու ասում, որ մորքուր ջան, Մանվելը զոհվել ա, մենք իրար ասել ենք, որ մեկիս մի բան լինի՝ մյուսը զանգի, Մանվելը հետնահանջի ժամանակ մնացել է, որ կրակի, ու երբ հետ նայեցի, տեսա, որ Մանվելի կողքին սև շորերով մարդ է կանգնած եղել ու հայերեն խոսելով ասել, որ տղերք հայ եմ, Մանվելն էլ կանգնել է»,- հուզված պատմում է մայրը։
Իրենք եղել են ադրբեջանական հին գերեզմաններում, ոչ խրամատ է եղել, ոչ էլ դիրքեր, ուղղակի տղաներին տարել են այդ գյուղը, որտեղ մնացած է եղել ընդամենը մի քանի մարդ, ու տղաներն էլ եղել են այնտեղ, որ կարողանան այդ մարդկանց հանեն, փրկեն։
Սիրիացի վարձկանը՝ ենթադրում է մայրը, եղել է հատուկ ջոկատային, հայերեն խոսելով ասել է, որ ինքը հայ է ու չկրակեն, Մանվելն անմիջապես կանգնել է, ու տեղում նրա վրա կրակել են, զոհվել է։ Բայց մայրն ունի տարբեր տեղեկություններ, քանի որ ըստ զինակից ընկերների՝ Մանվելին կրակել են և՛ սրտին, և՛ գլխին։ Օրեր անց տարբեր լուրեր է ստանում, իսկ դեկտեմբերի 5-ին իրեն գտել են՝ հրադադարից ու զոհվելուց երկու ամիս անց, Այգեստան գյուղում, որտեղ որ զոհվել էր։ Հատուկ ջոկատները մտել, գտել նրան, իհարկե ոչ ամբողջական մասունքները, ու ում գտել էին տղաներից, ոչ մեկի մարմինն ամբողջական չի եղել։
«Դեկտեմբերի 20-ին արեցինք հուղարկավորությունը, անճանաչելի էր։ Վաղը իր ծննդյան օրն է, կդառնար քսան տարեկան ու երազում էր, որ քսանամյակը նշեինք մեծ շուքով, միշտ ասում էր՝ որտեղ որ լինեմ, կգաք չէ՞, որ նշենք իմ ծնունդը»,- ասում է մայրը։
Քնարիկ Պետրոսյան