Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:47 24-12-2021

Գաղտնալսման նուրբ արվեստը․ ինչպես են մեզ հետևում․ մաս Բ

Գաղտնալսման 10 եղանակ և ինչպե՞ս փորձել պաշտպանվել դրանից։ Նյութի առաջին մասը կարդացեք այս հղումով։

6․ Հավելվածների թարմացում

Հատուկ լրտեսական տրոյացու փոխարեն հաքերները կարող են շատ ավելի գրագետ գործել, օրինակ՝ ընտրել որևէ հավելված, որը դուք ինքնակամ ներբեռնել եք ձեր հեռախոսի մեջ, ինչից հետո նրան թույլ եք տալիս հասանելիություն ստանալ ձեր զանգերին, ձայնագրել դրանք ու ուղարկել սերվերին։

Օրինակ դա կարող է լինել ինչ-որ հայտնի խաղ, որը տարածվում է չլիցենզավորված հարթակներով, կամ էլ բոլորիդ հայտնի GetContact հավելվածը, որին թույլ եք տալիս հասանելիություն ունենալ որտեղ միայն հնարավոր է։

7․ Կեղծ բազային կայան

Կեղծ բազային կայանը մի քանի անգամ ավելի ուժեղ ազդանշան ունի, քան օրիգինալը։ Դա թույլ է տալիս որսալ բաժանորդների ազդանշաններն ու կառավարել հեռախոսի տվյալները։ Նման կայանները լայն կիրառություն ունեն Եվրոպայի իրավապահ մարմինների կողմից։ ԱՄՆ-ում լայն տարածում ունի StingRay անունը կրող բազային կայանը։

Սակայն նման կայաններից օգտվում են ոչ միայն իրավապահ մարմինները, այլև հաքերները կամ պարզապես հասարակ մարդիկ։ Դա կիրավում է հիմնականում սպամի տարածման համար։ Չինաստանում սրանց արտադրությունն ընդհանրապես դրված է արդյունաբերական ռելսերի վրա ու տեղի խանութներում դժվար չէ գտնել նմանատիպ սարքավորում, որը հավաքել ոն բառի բուն իմաստով ոտքի վրա։ Նմանատիպ սարքավորումներ կարելի է գտնել ու պատվիրել այնպիսի հայտնի հարթակներից, ինչպիսիք են Amazon-ն ու Ali Express-ը։

8 Femtocell-ի միջոցով

Վերջին մի քանի տարում հատկապես խոշոր կորպորացիաներում բավականին մեծ տարածում ունեն Femtocell կայանները։ Դրանք փոքր հզորությամբ բջջային կապի կայններ են, որոնք որսում են իրենց տիրույթում գտնվող բջջային հեռախոսների ազդանշաններն ու ամբողջական տրաֆիկը։

Նման կայանը թույլ է տալիս ձայնագրել ընկերության բոլոր աշխատակիցների խոսակցությունները։ ՈՒ դա անել մինչև այն պահը, երբ զանգերը կվերահասցեագրվեն բջջային օպերատորների բազային կայաններ։

Հետևաբար, բաժանորդներին գաղտնալսելու համար անհրաժեշտ է տեղադրել սեփական Femtocell կայանը կամ էլ «կոտրել» օպերատորի կայանը։

9․ Հեռավար գաղտնալսման մոբիլ կայան

Այս դեպքում ռադիոընդունիչը տեղադրվում է բաժանորդից ոչ շատ հեռու (աշխատում է մինչև 500 մետր հեռավորության վրա): Ուղղորդված ընդունիչը որսում է հեռախոսի մուտքային ու ելքային բոլոր ազդանշանները, իսկ գործն ավարտելուց հետո այն ուղղակի տեղափոխում են։

Ի տարբերություն կեղծ Femtocell կայանի կամ «Տրոյական ձիու», այս դեպքում գաղտնալսողը կարիք չունի մուտք գործել «զոհի» տարածք ու տեղադրել հետո հեռացնել կայանը, կամ էլ ջնջել «Տրոյական ձիուն», որպեսզի հետքեր չթողնի։

Ժամանակակից համակարգիչների հնարավորությունները լրիվ բավարար են բարձր հաճախականությունների վրա GSM ազդանշանը ձայնագրելու համար։ Հետո էլ անհրաժեշտ է կոտրել ազդանշանի կոդավորումը՝ «ծիածանային» աղյուսակների միջոցով (այդ գործընթացի տեխնիկական նկարագիրը, ոլորտի հայտնի մասնագետ Կարստեն Նոլի

կողմից):

10․ Հատուկ ընդունիչներ

Այժմ ազատ վաճառքի են դրված շատ փոքր չափերի սարքավորումներ, որոնք ունակ են որսալու ձայնային ազդանշանների տարբեր հաճախականություններ՝ ամենաբարձրից մինչև միջին ու ցածր։

Սրանց աշխատանքի սկզբունքը շատ նման է նախորդ կետում նշված սկզբունքին, պարզապես իր տեքով ու կառուցվածքով ավելի շուտ հիշողության կրիչ է հիշեցնում՝ չիպ, որի ներկայությունը որևէ վայրում անգամ կասկած չի հարուցի։

Հիմա գլխավոր հարցը։ Ինչպե՞ս խուսափել գաղտնալսումից։ Ժամանակակից տեխնիկայի պայմաններում պատասխանը մեկն է՝ ոչ մի կերպ։ Բայց կարող եք բավականին բարդացնել հաքերների ու պետության գործը։

Նախ, Ձեր սմարթֆոնում աջատած պահեք բարձրախոսը, տեսախցիկը, տեղորոշման ֆունկցիան՝ գեոլոկացիա։ Բացի պաշտոնական աղբյուրներից ուրիշ ոչ մի տեղից հավելվածներ մի ներբեռնեք։

Հավելվածներն ակտիվացնելու դեպքում ուշադիր եղեք թե ինչ հասանելիություններ է պահանջում Ձեզանից, ու երբ տեսնում եք, որ պահանջում է այնպիսի հասանելիություն, որը կապ չունի տվյալ հավելվածի գործունեության հետ, մի տվեք թույլտվություն, կամ ավելի լավ կլինի ընդհանրապես հրաժարվեք։

Հեռախոսով մի խոսեք այնպիսի բաներ, որոնք չպետք է լսի որևէ երրորդ անձ, հանդիպելիս էլ հեռախոսը պահեք որևէ անհասանելի վայրում։

Օգտվեք ավելի ապահով մեսենջերներից։ Ներկա պահին ամենաապահով մեսենջերներն են համարվում Signal ու Telegram հավելվածները։ Բայց այստեղ պետք է ֆիքսել մեկ կարևոր փաստ՝ այն որ դեռ չի գրանցվել տվյալ մեսենջերների գաղտնալսման որևէ դեպք, դա չի նշանակում, որ դրանք չեն գաղտնալսվել կամ հնարավոր չէ գաղտնալսել։

Ավելին, կան «Տրոյական ձիեր», օրինակ մեզ արդեն քաջ հայտնի Pegasus ծրագրային ապահովումը, որը ներդրվում է հենց հեռախոսի մեջ, ու ազդանշան որսալու խնդիր չկա։ Այստեղ ձեզ չեն փրկի ոչ մեսենջերները, ոչ էլ որևէ այլ հնարք։

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ Ձեզ գաղտնալսում են, թե ոչ։ Ասյտեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ որոշ դեպքերում ընդհանրապես հնարավոր չէ հասկանալ։ Բայց կան մի քանի ստանդարտ նախանշաններ, որոնց առկայության դեպքում լավ կլինի բերանը մի փոքր փակ պահել, քանի որ երբ արդեն գաղտնալսում են, ինքնուրույն կանխարգելել այդ գործընթացը հնարավոր չէ։

Երբ հեռախոսը որևէ բարձրախոսի կողքին սկսում է ձայներ արձակել, ուրեմն շնորհավորում եմ, այն գաղտնալսվում է։

Երբ հեռախոսը սկսում է տաքանալ, անիմաստ կախել, Ձեզանից անկախ կատարել գործողություններ, երբ հեռախոսում հայտնվում են տարատեսակ ու անծանոթ հավելվածներ, ուրեմն ձեզանից բացի որևէ այլ մեկն էլ դրան հասանելիություն ունի։

Բայց պետք չէ սեփական անձը գերագնհատել։ Նման կերպ գաղտնալսվելու «իրավունքին» դեռ արժանանալ է պետք։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված