Միտք 4 տարի առաջ - 22:04 21-12-2021

Ի՞նչ սպասել ԵՊՀ նոր ռեկտորից

Դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը մինչ այդ եղել է ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Բայց ավելի կարևոր է այն քաղաքական թիմը, որը փաստացի ներկայացնում է Հ. Հովհաննիսյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Վերջինս լայն իմաստով կարող է բնութագրվել որպես տեխնոկրատ հեղափոխականների դիրքերից հանդես եկող թիմ: Ըստ այդմ` հարց է առաջանում, թե ինչ քայլերի կդիմի տեխնոկրատ հեղափոխական ռեկտորը:

Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության ոլորտն ինքնին պահպանողական է, և այստեղ դժվար է իրականացնել կտրուկ, հեղափոխական քայլեր, հետևաբար ԵՊՀ ռեկտորի գործողությունները լինելու են ավելի շուտ տեխնոկրատական, ոչ թե հեղափոխական բնույթի: Տեխնոկրատիայի հիմնական գաղափարն այն է, որ ընդունվող որոշումները պետք է առաջին հերթին լինեն արդյունավետ, իսկ որոշումների կայացման գործընթացը պետք է ապաքաղաքականացվի: Ուստի, ի՞նչ տեխնոկրատական լուծումներ կարելի է անել ԵՊՀ-ում:

Կարելի է ենթադրել, որ բուհում մեծ հեղինակություն չունեցող Հ. Հովհաննիսյանը արդյունավետ կառավարում իրականացնելու համար նախ վերանայելու է ԵՊՀ ռեսուրսների այսօրվա շահագործման մեխանիզմները: Խոսքը բուհի շենքերի, լսարանային և այլ տարածքային միավորների, ինչպես նաև ֆինանսական ծախսերի մասին է, որոնք, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու են շոշափելի փոփոխությունների` «համալսարանի կարիքներին առավել արդյունավետ ծառայելու» կարգախոսի ներքո: Եթե այդ ընթացքում առաջանա, օրինակ, համալսարանի որոշ տարածքների օտարման հարց, ապա «արդյունավետ կառավարման» սիմուլյացիայի շրջանակներում դա կարող է արդարացվել և փոխհատուցվել, ենթադրենք, աշխատավարձերի բարձրացմամբ: Դրանով Հ. Հովհաննիսյանը կփորձի նաև բարձրացնել համալսարանականների շրջանում իր այսօրվա ցածր վարկանիշը:

Հ. Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, նաև նախաձեռնելու է ֆակուլտետների միավորման և արդյունքում մի քանի հետազոտական ինստիտուտի ստեղծման գործընթաց: Այն, որ համալսարանում կառուցվածքային և ֆունկցիոնալ բարեփոխումներ պետք է անել, կասկածից վեր է, սակայն այլ հարց է, թե ինչպես է դա պատկերացնում իրականացնել նորընտիր ռեկտորը մի միջավայրում, որտեղ չունի բարձր հեղինակություն և վստահություն, որտեղ ֆակուլտետների միավորման ընթացքում պետք է առաջնահերթ հաշվի առնել մասնագիտության շահերը, ուսանողների շահերը և դրանք վեր դասել այդ գործընթացն իր դիրքերն ամրապնդելուն ծառայեցնելու գայթակղությունից: Սակայն տեխնոկրատ ղեկավարն այս դեպքում ավելի շուտ կանի ուղիղ հակառակը. կառաջնորդվի «բաժանիր, որ տիրես» սկզբունքով և համալսարանի ռեսուրսների վերաբաշխումը կծառայեցնի իր դիրքերն ամրապնդելուն, այդ թվում՝ ստեղծելով հավատարիմների շրջանակ:

Հ. Հովհաննիսյանն անխուսափելիորեն ստիպված է լինելու նաև նոր կադրային քաղաքականություն իրականացնել, և սա այն կետերից մեկն է, որտեղ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու խուսափել քաղաքական որոշումներ ընդունելուց` դրանով իսկ հակասելով տեխնոկրատիայի գաղափարախոսությանը, որը հիմնված է որոշումների կայացման ապաքաղաքականացման սկզբունքի վրա:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան