Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:40 21-12-2021

Ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը վճռական նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Եվ դա այնպիսի ռեզոնանսային նշանակություն է ունեցել, որ դեռ երկար ժամանակ զգալու ենք հետևանքները։ Այս առումով հատկապես ցավալի է, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում հայկական կողմը այդպես էլ ընդունակ չեղավ նորից ոտքի կանգնել։ Իսկ դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը ժամանակի ընթացքում ավելի շատ ներքին ու արտաքին մարտահրավերների են բախվում։ Այն աստիճանի, որ այս անգամ արդեն զոհասեղանի վրա է դրված նույնիսկ մեր պետության ինքնիշխանությունը։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում։ Ամեն լուրջ գործընթացի հետևում ընկած են լինում նպաստավոր գործոնների բազմաթիվ համընկնումներ։

Եվ այս առումով թերևս վճռական նշանակություն ունեցավ 2018 թվականի իշխանափոխությունը, քանի որ դրա արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման հետևանքով հասունացավ պատերազմի պահը, որը հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ ունեցավ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ հանրության մեծամասնության շրջանում դեռևս անհասկանալի է մնում իշխանափոխության բուն պատճառահետևանքային կապը։ Եվ դրա հետ կապված տարբեր վարկածներ են շարունակում շրջանառվել՝ անգամ դավադրությունների տեսությունների և արտաքին պայմանավորվածությունների համատեքստում։ Ու այսպիսի խառնաշփոթ տեսակետների շրջանառման պայմաններում իշխանությունները փորձում են ամեն անգամ պղտոր ջրում ձուկ որսալ և պարտության ու կորուստների մեղքը գցել ուրիշների, մասնավորապես ու հատկապես նախկինների վրա։

Եվ ուշագրավ է, որ դեռևս մարդիկ կան, որոնց շրջանում ակնհայտ մանիպուլ յատիվ այս թեզերն ընդունելություն են գտնում։ Միևնույն ժամանակ, հանրության մեծամասնությանը պատել է անորոշության, հուսալքության և անկարողության զգացումը, ու անելիքների մասով որոշակիության ու պարզաբանումների խնդիր կա։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի համագումարում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի հիմնական հատվածը նվիրված էր այս հարցերին, քանի որ պատեհ առիթ էր ամփոփելու անցած տարիներին տեղի ունեցած իրադարձությունները։ Երրորդ նախագահը նախ պարզաբանումներ տվեց 2018 թվականի իրադարձությունների մասով։ Նա ներկայացրեց, որ իրենց նպատակը 2018 թվականին ամեն գնով իշխանությունը պահելը չի եղել, այլ Արցախը պահելը, որից էլ ածանցվում է Հայաստանի անվտանգությունը։

Իսկ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն, որ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բանակցային սեղանին դրված էր այնպիսի փաթեթ, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր։ Այլ կերպ ասած՝ այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, իսկ Ադրբեջանը ստիպված էր հաշվի նստել այդ հանգամանքի հետ։ Այսինքն՝ նախկինում հայկական կողմն այն ժամանակի դիվանագիտական հարթակում իրենից ուժ էր ներկայացնում, որի հետ միջազգային հանրությունը հաշվի էր նստում։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ երրորդ նախագահը պարբերաբար պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս անգամ ևս նա շեշտեց, որ հայկական կողմի կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Սակայն իշխանափոխությունը իրավիճակ փոխեց, քանի որ դրան հետևեց արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում փորձարկված տեխնոլոգիաներով երեքուկես տարի արժեքների ոտնահարումը, պետականության հիմքերի միտումնավոր խարխլումն ու թուլացումը, որն էլ իր հերթին նախադրյալներ ստեղծեց պարտության համար։ Իսկ բանակցային հարթակում սեփական կետից սկսելու ու անհեռատես քայլերի արդյունքում քանդվեցին հայկական կողմի ունեցած բանակցային խրամատները։ Եվ նույնիսկ հիմա գործող իշխանությունները ամեն ինչ անում են հանրության շրջանում վախեր հարուցելու և խաղաղասիրական լոզունգների ներքո պայքարի ձգտումը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ իշխանափոխությունը։

Պարզ է, որ տեղի չէր ունենա, եթե դրա համար չլինեին համապատասխան նախադրյալներ։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Սարգսյանը ընդունեց, որ իր կառավարման ընթացքում սխալներ ու բացթողումներ են եղել։ Բայց սխալներից բացի կարևոր նշանակություն է ունեցել նաև այն, որ իշխանության ձգտող պոպուլիստներին հաջողվել է մոլորեցնել մարդկանց, որոնց մոտ էլ նոր ապագա կառուցելու հույսեր են առաջ եկել։ Ուստի երրորդ նախագահը նախընտրել է ուժ չկիրառել ու երկրին խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով՝ հեռանալ, սակայն այս ընթացքում նա մի կողմ չի քաշվել ընթացիկ իրադարձություններից ու իր գլխավորած քաղաքական ուժի միջոցով միշտ անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Սարգսյանի ելույթն այս անգամ ևս խարսխված էր գործող իշխանությունների հասցեին կոշտ քննադատության վրա այն մասով, որ նրանց կառավարման արդյունքում պետությունը կանգնել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների առաջ։ Եվ իրավիճակն այնքան լուրջ է, որ արդեն պայքարն այլևս ոչ թե իշխանության ձգտելու տրամաբանության մեջ է, այլ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման։ Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա Սարգսյանի առաջին կարևոր ուղերձը վերաբերում էր հանրության համախմբմանը ու միասնականության մթնոլորտի ձևավորմանը։

Այս առումով հատկանշական է, որ երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանություններին սատարելու մասով մեղադրանքներ են հնչում հանրության որոշակի շրջանակների հասցեին, սակայն երրորդ նախագահի ելույթում շեշտադրումներ արվեցին, որ այդ մարդիկ մասնակցել են «հեղափոխություն» կոչվածին բարի նպատակներով, սակայն խաբվել են, նրանց մոլորեցրել են ապատեղեկատվությամբ։ Այսինքն, այնքան էլ ճիշտ չէ այս ծանր պայմաններում ստեղծված իրավիճակի համար մեղադրել մարդկանց։ Բացի դրանից, հենց պառակտումն է, որ հայությանը հասցրել է աղետալի հանգրվանի, իսկ դրա շարունակությունն էլ առավել ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել, դրա համար էլ երկրի շահը պահանջում է, որ պայքարը շարունակելու նպատակով մի կողմ դրվեն բոլոր հակասությունները։

Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերում էր նրան, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ամեն ինչ դեռ կորած չէ, և ինքնիշխան ու արժանապատիվ Հայաստան ունենալու համար պայքարը դեռևս առջևում է։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ նախագահ Սարգսյանի ելույթը մեկնաբանվեց երեք 0-ների բանաձևի ներքո, այսինքն՝ զրո հուսահատություն, զրո հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և զրո ամբիցիա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը