copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 21-12-2021

«Այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել և քայլեր ձեռնարկել առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ:

– Բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 19-ին, եվրոպական կողմի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք գերիների խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը։

–Անշուշտ, բոլորս էլ ուրախ ենք մեր գերիների վերադարձի կապակցությամբ, բայց պիտի փաստենք, որ դեռ անհայտ թվով մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվում՝ ենթարկվելով բռնությունների ու խոշտանգումների։ Եվ այս առումով կարող ենք ամրագրել, որ խնդիրը որևէ կերպ լուծված չէ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ 8-րդ կետը, որ վերաբերում է գերիների վերադարձին։ Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ սա Ադրբեջանի համար ոչ միայն ուղղակի պայմանագրային պարտավորություն է, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր դրույթ, որն առանց որևէ նախապայմանի պիտի իրականացվեր։

Բայց արդյունքում գերիների հարցը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա դարձավ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում։ Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր հասարակության և որոշ քաղաքական շրջանակների համար ևս ընկալելի է դարձել այս մոտեցումը։ Եվ ասվածի վկայությունը «ականապատման քարտեզներ՝ գերիների դիմաց» դիսկուրսն է։ Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա, այո՛, սպասվում էր, որ եվրոպական այս հարթակում հիմնական քննարկման թեման պիտի հենց հումանիտար հարցերը դառնային, ռազմագերիների խնդիրները։ Եվ թեև այս առումով մեր ակնկալիքներն այնքան էլ չարդարացան, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, ողջունելի է, որ ի լրումն ռուսական կողմի ջանքերի, Եվրոպայի միջնորդությամբ ևս հնարավոր եղավ գերիներ վերադարձնել։

Բայց ես այստեղ ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ այս քայլերին զուգահեռ եվրոպական կողմի բառակազմում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթում բացակայում էր «գերիներ» եզրույթը։ Փոխարենը կիրառելի ու նախընտրելի է դառնում «պահվող անձինք» եզրույթը, ինչը որևէ կերպ լիարժեք չի արտացոլում իրավիճակը։ Մյուս կողմից՝ Բրյուսելում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քննարկվեցին ու հրապարակվեցին տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով դեռ Սոչիում ձեռք բերված համաձայնությունները, քննարկվեցին նաև սահմանազատման և սահմանագծման հետ առնչվող հարցերը, ընդ որում՝ սրա հետ կապված եվրոպական կողմն առաջարկեց իր խորհրդատվական աջակցությունը կողմերին։

- Ինչպե՞ս կբացատրեք եվրոպական կողմի այս քաղաքականությունը։ Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Բրյուսելը։

– Ես կդժվարանամ միանշանակ պատասխանել այս հարցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ ակտիվացումը չի սահմանափակվում միայն հումանիտար հարցերով։ Այստեղ, թերևս, տեսանելի է նաև Արևմուտք- ՌԴ լարվածությունը, որն, ուղղակի թե անուղղակի, անդրադառնում է նաև մեր ու մեր տարածաշրջանի վրա։ Իհարկե, սա իր հետ լուրջ մարտահրավերներ կարող է բերել, որին դիմագրավելու համար պիտի համապատասխան քայլեր մշակվեն։ Ցավոք, այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել առկա մարտահրավերները և քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ։

- Դուք ԱԺ-ում ներկայացնում եք նաև ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ ասորի համայնքին։ Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակը, ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն, օրինակ՝ ասորի համայնքի ներկայացուցիչները։

- Հայաստանի ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներն այսօր պայմանավորված են Հայաստանի հետպատերազմական իրավիճակով։ Այս առումով ունենք վիրավորների, զոհերի ընտանիքներին աջակցության հարցեր, ունենք փախստական դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օժանդակելու խնդիրներ և այլն։ Ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ բոլոր այս խնդիրները լուծելու հարցում մեծ ջանքեր են գործադրում և՛ համայնքը, և՛ արտասահմանում ապրող մեր բարերարները, և՛ բարեգործական կազմակերպությունները։ Իհարկե, այս ամենից բացի, կան նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված չեն հետպատերազմական իրավիճակով։ Օրինակ՝ ես կառանձնացնեի համայնքների խոշորացման ծրագրերը, որոնք ուղղակի հարված են համայնքի շահերին։

Մեր ասորական համայնքների խոշորացումը անթույլատրելի է, քանի որ արդյունքում կոպտորեն խախտվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Մենք ազգային փոքրամասնություն ենք, և մեզ համար մեր ինքնության պահպանման խնդրից ավելի բարձր արժեք չկա։ Պետք է շատ հստակ հասկանանք, որ համայնքների խոշորացումը ուղիղ հարված է մեր ինքնության պահպանման խնդրին և մեզ տանելու է միաձուլման։ Մշտական կարևորության խնդիր է, անշուշտ, կրթության հարցը։ Ներկայումս Հայաստանի ասորական համայնքը ասորերեն լեզվի մասնագետների վերապատրաստման խնդիր ունի։

Նմանատիպ խնդիր ունեն Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները ևս, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է տարբեր հարթակներից, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից։ Կարծում եմ՝ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, որոնցում և ակտիվորեն կներգրավվեն ասորերեն լեզվի և պատմության ուսուցիչները։ Անշուշտ, կան նաև սոցիալական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքը մեծ ջանքեր է գործադրում։ Բայց միայն համայնքը կամ բարերարները բավարար չեն և չպիտի հանդիսանան այս խնդիրների լուծման հիմնական հասցեատերերը։ Այստեղ մեծ անելիք ունի առաջին հերթին պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:00 Արարատի փոխքաղաքապետի տղեն 15 հոգով հարձակվել է մեր վրա․ բացառիկ տեսանյութ՝ ծեծկռտուքից
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ