copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:35 20-12-2021

Քըլըչ vs Ռուբինյան․ բանակցություն, որը 2009-ի ժառանգը չէ

Դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում հայկական կողմը, որպես հատուկ ներկայացուցիչ, ներկայացնելու է ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, սակայն բանագնացների նշանակման մասին տեղեկատվությամբ հայ հանրությանը ծանուցեց ոչ թե ՀՀ արտգործնախարարությունը կամ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այլ Թուրքիան, ինչն ուղղակիորեն դեժավյուի ազդեցություն ունեցավ, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենակարևոր լուրերը ստացվում են նախ Ադրբեջանից և Թուրքիայից, ապա աղավաղված տարբերակով միայն՝ պաշտոնական Երևանից։

2018 թվականի ապրիլին, այն է՝ հեղափոխության օրերին, Ռուբինյանը Թուրքիայում էր. «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացների վրա հասարակական կազմակերպությունների ազդեցության ուսումնասիրության հարցերին նվիրված հետազոտություն էր իրականացնում Թուրքիայի Սաբանջըի համալսարանի «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (թուրքերեն՝ İstanbul Politikalar Merkezi), որը, սակայն, այդպես էլ կիսատ թողեց ու եկավ Երևան՝ մասնակցելու հակաիշխանական զանգվածային ցույցերին և բողոքի ակցիաներին։ Անշուշտ, հասկանալի է, որ անկախ այն հանգամանքից, թե ով է օրվա իշխանությունը, Թուրքիայի նման երկրի դեմ պետք է հանդես գալ միասնական ճակատով՝ գիտակցելով, որ հայկական կողմի բանագնացը ներկայացնելու է ոչ թե իրեն, այլ հայկական պետության շահը։ Հետևապես, հնարավորինս պետք է խուսափել վերջինիս անվան բացասական հոլովումից ու վարկաբեկումից, քանի որ դա բացառապես բխում է թուրքական կողմի դիրքերն ամրապնդելու տրամաբանությունից։ Բայցևայնպես, դա ամենևին չի նշանակում, թե խոսքի ազատություն և ժողովրդավարություն հռչակած երկրում պետք է բացակայի սթափ ուղեղն ու իրատեսությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը, քանի որ Ռուբինյանը բանակցային օրակարգի թեմաների վերաբերյալ մասնագիտական նեղ խորհրդատվություն ստանալու պարագայում անգամ չի կարող պետությունը պատշաճ ներկայացնել։ Նախ՝ բանագնացի ընտրությունը ոչ թե ընտրություն է՝ հիմնված պետության լավագույն շահի վրա, այլ վարչապետ Փաշինյանի քմահաճույք, որի հենքը կուսակցական շահն է, իսկ արդարացումը՝ վստահությունը Ռուբինյանի անձի նկատմամբ։ Երկրորդ, ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ Ռուբինյանը, հույսը դրել են այն հանգամանքի վրա, որ Արցախը շահարկելու երկարատև հնարավորություն են ունենալու՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանին և Թուրքիային արդեն իսկ զիջված շրջան, որը դուրս է Երևանի քաղաքական ազդեցության ու որոշումների կայացման տիրույթից։ Այնինչ, սա թուրքերը հայերից լավ են հասկանում, ավելին՝ հասկանում են նաև, որ անկախ նախկին լծակների կորստից՝ Երևանն իր անհեռատես քաղաքականության արդյունքում կարող է գործիք դառնալ Ռուսաստանի դեմ Թուրքիայի կազմակերպած արշավներում։ Հետևապես, հայկական կողմի այն մտայնությունը, թե կատարվող զիջումները՝ հանուն Հայաստանի ազգային և պետական շահից բխող դիվանագիտական երկկողմ հարաբերությունների հաստատման, ենթադրաբար կարող են արդյունավետ լինել, նույնն է, եթե տիրի այն մտայնությունը, թե գլխացավը կարելի է բուժել գլխի ծայրատմամբ։

Այնպես որ, որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ տեղակալի դիմաց կնստի Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն, ու Ռուբինյանն ի վերջո կհասկանա, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն, և ինչ է նշանակում ժողովրդավարություն Թուրքիայում, որովհետև եթե Ռուբինյանը Երևանի կենտրոնական փողոցների բարիկադավորումից հայտնվել է ԱԳՆ-ում ու ԱԺ-ում, ապա Սերդար Քըլըչն ուղնուծուծով գիտի Թուրքիան, տարածաշրջանն ու աշխարհը։ Հայկական մամուլը Քըլըչի նշանակումից հետո անմիջապես գրեց, թե վերջինս փորձառու դիվանագետ է. դեսպանի կարգավիճակով դիվծառայություն է իրականացրել Լիբանանում, Ճապոնիայում ու Միացյալ Նահանգներում, այնինչ Քըլըչի կենսագրության մեջ առավել կարևոր էջ կա։ Նա Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունն է ղեկավարել։ Դիվանագիտական ծառայությունը Թուրքիայի նման երկրում ոչինչ է ԱԱԾ-ի համեմատությամբ։ Քըլըչը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ում 10,000-անոց կոնտրցույց էր կազմակերպել՝ խանգարելով հայերի խաղաղ երթը։ Ավելի ուշ Արցախի հարցով ակտիվ լոբբիզմով էր զբաղված ու չեզոքացնում էր հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆին։

Ըստ էության, իրողությունների զարգացման արդի պայմաններում չափազանց բարդ է մասնագիտական շրջանակների համար՝ հասկանալու, թե ով կարող էր հայկական կողմի լավագույն շահը հնարավորինս թիրախային ներկայացնել։ Այդ եզակիների թվում կարող էր լինել Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության լավագույն բանագնաց֊դիվանագետներից մեկը՝ Էդվարդ Նալբանդյանը։ Նա և՛ արևելագետ է, և՛ միջազգայնագետ։ Նրան բազմիցս են վստահել ՀՀ բանագնացի գործառույթները, արտակարգ տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին ու արաբերենին։ Քըլըչի նման նա ևս Լիբանանում ծառայելու փորձառություն ունի ու կարող է ժամերով սառույց կոտրել, կարիերային կադր է և ՀՀ ԱԳՆ-ում բազմամյա ծառայություն իրականացնելու ընթացքում խորությամբ հասցրել է տիրապետել Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամենաբարդ և առանցքային կողմերին։ Բացի դրանից՝ Նալբանդյանը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով ու ֆուտբոլային դիվանագիտության կենտրոնական ֆիգուր։ Սակայն հայ-թուրքական բանակցային այդ գործընթացը, որը մեկնարկեց 2009-ին, որևէ կերպ չի կարող համեմատվել վերջին զարգացումների հետ, քանի որ Նալբանդյան-Դավութօղլու բանակցությունները բանակցություններ էին առանց նախապայմանների և հանուն միջպետական սահմանի բացման։ Ավելին՝ Արցախի հարցը տարանջատվում էր և չէր դիտարկվում որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման օրակարգի հարց, թեպետ ի սկզբանե այդ պահանջը դրել էր Անկարան։ Ուստի, ամենևին զարմանալի չէ, որ Թուրքիան այդպես էլ չվավերացրեց արձանագրությունները՝ տորպեդահարելով Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու գործընթացը։ Իսկ ահա այս անգամ մեծ է հավանականությունը, որ հենց հայկական կողմը որոշ հարցերում գնա բանակցային գործընթացի վիժեցման կամ ժամանակ շահելուն, սակայն Երևանի փորձերը լուրջ հաջողություն չեն ունենալու, քանի որ ՀՀ իշխանությունների վրա ահռելի է միջազգային ճնշումը՝ նստելու Թուրքիայի հետ բանակցային աթոռին։ Ընդ որում, այդ ճնշումները թե՛ Մոսկվայից են, թե՛ Փարիզից և թե՛ Վաշինգտոնից։ Թեպետ Կրեմլում հրաշալի են գիտակցում, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը կա Հայաստանի միջոցով, իսկ Ռուսաստանը Հայաստանում ազդեցություն ունի հայերի թուրքաֆոբիայի շնորհիվ, բայցևայնպես, շահերի աշխարհաքաղաքական դասավորության ժամանակակից պայմանների թելադրանքով պուտինյան իշխանությունները պահանջում հայ-թուրքական անհետաձգելի երկխոսություն։

Բայցևայնպես, ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի համար պարտության ելքով վճռված Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո մեկնարկած բանակցային գործընթացի դիսկուրսում Հայաստանում քննարկման առարկա է դառնում ոչ այնքան երկկողմ բանակցություններ սկսելու պատեհությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այս պահին ուղղակիորեն որևէ հնարավորություն չունի հաջողություն արձանագրելու, որքան բանագնացի ընտրության երկրորդային հարցը։ Պարտադիր չէ քաղաքագիտական գիտելիքներ ունենալ՝ պնդելու, որ ամենափորձառու բանագնացի դեպքում անգամ բանակցությունները չեն կարող ունենալ հայանպաստ ելք, քանի որ Արցախի կորստի և անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների պայմաններում բանակցել Քըլըչի հետ, նշանակում է անձնատուր լինել Թուրքիային՝ ընդունելով Անկարայի բոլոր նախապայմաններն ու պահանջները, կամ, լավագույն դեպքում, հույս կապել Էրդողանի անիրատեսական ողորմածության հետ։ Այլ կերպ ասած, ծնկի բերված Հայաստանը հիմա, այն էլ պարտության իշխանությունների կառավարման շրջանում, անկախ բանակցողի կշռից ու ունակություններից, չի կարող հավասարազոր կամ, առավել ևս, արժանավայել և պետական խորքային շահերից բխող դիրքից հանդես գալ։ Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարության բոլոր այն պնդումները, թե սպասվող բանակցություններն ընթանալու են առանց նախապայմանների, չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար մշտապես երեք գլխավոր պայմաններ է քաշել, այն է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի անկախության գործընթացից և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչի Կարսի պայմանագիրը, հրաժարվի տարածքային պահանջ-հավակնություններից ու հակաթուրքական լոբբիզմից, հրաժարվի ցեղասպանության ճանաչման գործընթացի միջազգայնացումը՝ որպես արտաքին քաղաքականության գերակա ուղղություն հռչակելու փորձառությունից։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո Թուրքիայի նախապայմանների ցանկում ավելացել է ևս մեկը, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, մինչդեռ, ըստ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և ԱԱԾ քարտուղար Ա․ Գրիգորյանի՝ նման հարց գոյություն չունի, և շրջանառվող լուրերը կեղծ օրակարգ են։ Քաջ գիտակցելով, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում Հայաստանը խոշոր հաշվով արդեն դերակատար չէ, պաշտոնական Երևանը զգալիորեն փոխել է հռետորաբանությունը՝ ընդունելով կրավորական կեցվածք։ Այսպես, ՀՀ իշխանություններն այլևս չեն խոսում Արցախի անկախության, առավել ևս Հայաստանի անքակտելի մաս լինելու մասին, փոխարենը մեկընդմերթ տեղ են գտնում Արցախի կարգավիճակի մասին կցկտուր ու անհասցե հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղվում են ոչ թե արտաքին դերակատարներին, այլ ներքին լսարանին։ Այս համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ խոսում են Արցախի կարգավիճակի մասին, ինչը չափազանց լղոզված արտահայտություն է, քանի որ կարգավիճակը կարող է տարընթերցվել նաև որպես կեցության վիճակ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո՝ հանուն տարածքային Արցախի պահպանման, թեկուզև հոշոտված ու առանց ԼՂԻՄ-ի կեսի, մինչդեռ բոլորովին այլ են «ազգերի ինքնորոշման իրավունք» կամ «անջատում հանուն փրկության» արտահայտությունները, որոնք բխում են միջազգային իրավունքի տրամաբանությունից և պրակտիկայից։