Երևան +14°
Ներքին 1 տարի առաջ - 13:58 12-04-2023

«Բանակցություն» կոչվածն ինչպե՞ս է կանոնակարգվում․ Տիգրան Աբրահամյանի հարցից հետո ՔՊ-ականները ակտիվացան

Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է ադրբեջանցիների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն առաջանալ։ ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է կանոնակարգվում, ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին բանակցելու ադրբեջանցիների հետ և հայկական կողմին մոտեցող ադրբեջանցիների վրա կրակ չբացելու համար։

«Եթե տեղի են ունենում բանակցություններ որևէ տեղում, որպես կանոն, դա տեղի է ունենում հրամանատարների միջոցով` ներքին պայմանավորվածությունների հիման վրա։ Փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունն անգամ բանակցության ձև է։ Տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտումներից հետո»,- ասաց Սարգսյանը։

Իսկ թե ո՞վ է որոշում սահմանագիծը, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ կա համապատասխան հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստեղծված, որոնք էլ սահմանազատման հարցերով են զբաղվում և համապարփակ լուծումներ են տալու։ Սակայն տեղային վեճերը, որոնք ծագում են քարտեզների և այլ պնդումների միջոցով, լուծվում են հենց տեղում` բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների միջոցով։ Փոխնախարարի խոսքով` տեղում իրավիճակ է լինում, որ հրամանատարն արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։

Փոխնախարարի պատասխանից հետո Աբրահամյանը նշեց, որ ասվածում հակասություն կար և ընդգծեց, որ բանակցությունների «տապալման» հետևանքով, չկանոնակարգված լինելու հանգամանքում չորս զինվոր է զոհվել։ Տիգրան Աբրահամյանի խոսքից հետո ՔՊ-ականները սկսեցին խոսել տեղերից։

Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը Տիգրան Աբրահամյանին կոչ արեց վեճի մեջ չմտնել ու հարցն ավարտել։ Իսկ Արման Սարգսյանը Տիգրան Աբրահամյանի դիտարկմանն ի պատասխան ասաց․ «Երեկվա դեպքը բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով չի տեղի ունեցել, այլ ադրբեջանցիների կողմից կոնկրետ սադրանք է եղել»։