Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 13:57 08-12-2021

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը գերազանցում է 20%-ը․ տնտեսագետ

Հայատանում գնաճի կտրուկ բարձրացման, երկնիշ տնտեսական աճ չլինելու, գնաճը հաղթահարելու միջոցների և այլ մանրամասների շուրջ Oragir.news-ը զրուցել է տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, երկնիշ տնտեսական աճ չեղավ, ինչպես ակնկալում էին Կառավարության առանձին անդամներ, և չի էլ սպասվում: Դուք, որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը:

-Երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ պետք է նշեմ, որ դա 2021 թվականի համար իրատեսական չէր կարող լինել՝ հաշվի առնելով, թե՛ անցած տարվա տնտեսական ցնցումների ազդեցությունը, և թե՛ տնտեսության վերականգնման ներկայիս տեմպերը: Բացի այդ, թե՛ Համաշխարհային բանկի, և թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծական կանխատեսումներում առհասարակ երկնիշ ցուցանիշի մասին ոչ մի խոսք չի եղել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Իսկ այդ միջազգային հեղինակավոր կառույցներն իրենց գնահատականների համար վերլուծում են մակրոտնտեսական ցուցանիշների խոշորածավալ բազա՝ վերջիններիս դինամիկայով և զարգացման միտումներով: Մասնավորապես, ըստ Համաշխարհային բանկի հոկտեմբերին հրապարակած զեկույցի՝ Հայաստանում կանխատեսվում է այս տարվա համար 6.1 տոկոս տնտեսական աճ: Սակայն դեռևս հոկտեմբերի վերջի դրությամբ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է ընդամենը 4.3 տոկոս: Ինչպես տեսնում ենք, 2020 թվականի տասն ամսվա տվյալներով դեռևս տնտեսական աճի ցուցանիշը չի հասել նույնիսկ 5 տոկոսի: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ Հայաստանի տնտեսությունը թեև դանդաղ, սակայն դուրս է գալիս ճգնաժամի փուլից և ներկայումս գտնվում է վերականգնման փուլում:

-Հանրապետությունում գրեթե երկնիշ թվերով գնաճ է։ Այսինքն՝ որոշ ապրանքների աճը երկնիշ թվերի է հասնում (11-12 տոկոս): Իսկ ընդհանուր առմամբ, 8 տոկոսանոց գնաճ է: Մյուս կողմից էլ՝ աղքատության ցուցանիշն է աճել: Սրանք կարո՞ղ են միմյանց հետ կապ ունենալ: Ի՞նչ բացատրություն կտաք:

-Ըստ ՀՀ ԱՎԿ կողմից դեկտեմբերի 3-ին հարպարակաված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ հոկտեմբեր ամսվա նկատմամբ` 1.7%: Եթե դիտարկենք նույն ժամանակահատվածում գնաճն, ըստ ապրանքային խոշոր խմբերի, ապա արդեն երկնիշ գնաճ կարձանագրենք սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում 16.9%, հագուստի և կոշիկի դեպքում 12.1%: Իսկ, եթե դիտարկենք սննդամթերքի առանձին տեսակների գնաճը, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ:

Ձվի գինը 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, աճել է 26.2%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 6.0%-ով: 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում արձանագրվել է պանրի 11.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 2.3% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 13.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:

Ալյուրի, հացի և ձավարեղենի գները 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, աճել են համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.6%, 2.7% և 3.5%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին, 2020թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 21.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

Ինչպես տեսնում ենք, ազգաբնակչության կողմից հիմնականում սպառվող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը գերազանցում է 20%-ը: Միաժամանակ, գնաճին զուգընթաց, ազգաբնակչության եկամոտների որևէ ինդեքսավորում մեզ մոտ տեղի չունեցավ, չվերանայվեց նվազագույն աշխատավարձը՝ կապված սպառողական զամբյուղի արժեքի զգալի աճի հետ: Այսպիսով, գնաճի հետևանքով քաղաքացիների իրական եկամուտները նվազում են, ինչն էլ ինքնին անխուսափելիորեն հանգեցնում է աղքատության մակարդակի բարձրացմանը մեր երկրում:

-Կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է ներկայացրել 2022-ի համար: Ավելին, իշխանական առանձին պատգամավորներ խոստացել են 7 տոկոս տնտեսական աճ: Դուք ի՞նչ եք սպասում: Նման խոստումների համար կա՞ն հիմքեր:

-Դիտարկելով միջազգային կառույցների գնահատականները 2022 թվականին Հայաստանում սպասվող տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ՝ կտեսնենք, որ դրանք միջինանում են 5 տոկոսի շրջակայքում: Իհարկե, Կառավարության կողմից ակնկալվող ցուցանիշը այդքան հեռու չէ դրանից, սակայն որպեսզի ապահովվի նման աճ, պետք է նաև խթանել ներդումները և մասնավոր սպառումը, իսկ վերջինս գնաճի նման բարձր տեմպերի դեպքում, ընդհակառակը, կրճատվում է: Եթե գնաճի տեմպերը դանդաղեն և Կառավարությունը խթանող միջոցառումներով նպաստի տնտեսության մեջ ներդրումների խոշորածավալ հոսքերին՝ կարծում եմ՝ 2022 թվականին հնարավոր է հասնել 7 տոկոս տնտեսական աճի:

-Փաստորեն, կաթնամթերքը, հացահատիկը, ձուն, կարագը, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: Ի՞նչ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնի կառավարությունը՝ իրավիճակը մեղմելու համար։ Ինչպե՞ս դա եղավ քովիդի դեպքում:

-Հաշվի առնելով այն, որ գնաճը համաշխարհային միտում ունի և պարզապես «ներմուծվում» է մեր հանրապետություն՝ ուստի դրա դեմ պայքարի ԿԲ ավանդական գործիքներն այդքան արդյունավետ չեն կարող լինել: Այս առումով, պետք է պայքարենք ոչ թե գնաճի, այլ դրա հետևանքների հետ: Հաշվի առնելով գնաճի նման բարձր տեմպերը, աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև մեր հարևան Վրաստանում` ինդեքսավորվել են ազգաբնակչության եկամուտները՝ կենսաթոշակները, նպաստները և նվազագույն աշխատավարձը: Հայաստանում սոցիալ-տնտեսական ստեղծված վիճակը մեղմելու համար այս քայլն օրակարգային է: Բացի այդ, ՏՄՊՊՀ-ն ևս մեծ անելիք ունի այստեղ՝ տարբեր ապրանքների շուկաներում անհիմն գնային թանկացումները բացառելու համար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ