copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:44 27-11-2021

GPS-ով գծած անգրագիտությունն ու Հայաստանի սահմանային թշվառությունը

Դեմարկացիա ու դելիմիտացիա տերմինների մասին լայն հանրությունն իմացավ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները, GPS-ի սարքավորումները ձեռքներին, հայտնվեցին Սյունիքի սահմանին ու որոշեցին, որ Շուռնուխի կեսն էլ է իրենցը, Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասն էլ։

Մի պահ խոսակցությունները դադարեցին, քանի որ մեկը մյուսի հետևից նոր սկանդալներ էին պայթում, սակայն վերջին օրերին այս թեման կրկին ակտուալ է դարձել։

44-օրյա պատերազմից հետո սկսվեց սահմանի դեմարկացիոն գործընթաց, երբ ադրբեջանցի և հայ զինվորականները GPS-ի և խորհրդային ինչ-որ անհասկանալի քարտեզների միջոցով փորձում էին տեղորոշել, թե որտեղ պետք է կանգնեն ու ամրացնեն իրենց դիրքերը։

Փաշինյանն էլ արդարանում էր, որ այս դեմարկացիոն գործընթացը պարտադիր է, քանի որ ադրբեջանցիները պետք է հասկանան, թե որտեղ պետք է կառուցվեն իրենց դիրքերը։

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև, այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»,- բառացի ասել էր Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում։

Այստեղ ամեն ինչն է անտրամաբանական, անօրինական, հակաիրավական ու ծիծաղելի։

Նախ, սահմանի դեմարկացիան, այսինքն՝ գետնի վրա սահմանային կետերի որոշումը, դա վերջին կետն է այն հսկայական գործընթացի, որի ուրվագծերն անգամ դեռ չեն երևում։ Ընդհանրապես, ինչպե՞ս է տեղի ունենում երկու պետությունների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։

ԵԱՀԿ-ն մի ամբողջ ուղեցույց-փաստաթուղթ ունի, թե ինչպես պետք է արվի այդ գործընթացը։

Նախ՝ պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա։ Այսինքն՝ երկու կամ ավելի կողմերը կազմում են խառը հանձնաժողով ու փաստաթղթով նկարագրում, թե որտեղով պետք է անցնի սահմանը։ Օրինակ՝ պետական սահմանն անցնում է A կետից մինչև B կետը, այդ ընթացքում շրջանցում է C կետն ու անցնում է F բարձունքի գագաթով։

Դելիմիտացիայի բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո կնքվում է համապատասխան պայմանագիր, որից հետո փաստաթղթին կցվում են քարտեզներ, որոնց հիման վրա պետք է արվեն դեմարկացիոն աշխատանքերը։ Քարտեզները նույնպես համաձայնեցվում են կողմերի հետ։

Նման որևէ գործընթաց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել, հետևաբար մինչև օրս տեղի ունեցած դեմարկացիոն աշխատանքները չունեն որևէ իրավական հիմք։

Դելիմիտացիայից հետո գալիս է դեմարկացիայի հերթը։ Այդ ժամանակ դիվանագետների ու իրավաբանների խմբին միանում են աշխարհագրագետներն ու գեոդեզիստները։ Ու ահա այստեղ է ամենահետաքրքիրը։ Աշխարհում չկա ու չի եղել այնպիսի պրակտիկա, երբ դեմարկացիոն աշխատանքները կատարվեն GPS-ի միջոցով։ Դեմարկացիան կատարվում է բացառապես գեոդեզիայի միջոցով, որի համապատասխան հետազոտական ինստիտուտն այս տարի անհասկանալի պատճառներով Հայաստանում լուծարվեց։

Հիմա եկեք մի փոքր ավելի մանրամասն խոսենք այդքան չարչրկված GPS-ի մասին ու հասկանանք, թե ինչո՞ւ չի կարելի դրա միջոցով դեմարկացիոն աշխատանքներ կատարել։

GPS-ի հեռաչափության համակարգը հիմնված է ռադիոազդանշանի՝ միավոր ժամանակում անցած ճանապարհի տարբերությունը գտնելու մեջ։ Այսինքն՝ թե ինչ ժամանակում է ազդանշանը անցնում արբանյակից դեպի ընդունիչ ճանապարհը։ Եթե մենք գիտենք ռադիոալիքի տարածման ժամանակը, ապա անցած ճանապարհը հեշտ է գտնել․ պարզապես անհրաժեշտ է այն բազմապատկել լույսի արագության վրա։ Ու դպրոցական մակարդակի ֆիզիկայի իմացությունն էլ բավարար է, որպեսզի հասկանանք, որ այդ ցուցիչը կարող է փոխվել անգամ եղանակային ամենաչնչին փոփոխության դեպքում․ արդյունքը կարող է տարբերվել մի քանի մետրից մինչև տասնյակ կիլոմետր։

Ամենամեծ տեխնիկական խնդիրը, որը խանգարում է ճշգրիտ արդյունք ստանալուն, արբանյակի ու ընդունչի ժամերի սինքրոնիզացիան է։ Արբանյակների վրա տեղադրված են գերճշգրիտ ատոմային ժամացույցներ, ու հասկանալի է, որ ամեն ընդունիչի վրա նման սարքավորումն տեղադրելն ուղղակի անհնար է։ Ու հենց ժամերի սխալ նույնականացման դեպքում անգամ արտաքուստ ամենաչնչին շեղումը հանգեցնելու է հսկայական սխալների։ Ու այդ տվյալն էլ օրվա տարբեր ժամերի ու տարվա տարբեր եղանակներին անընդհատ փոփոխվելու է։

Հաջորդ խնդիրը եռակողմանիության սկզբունքն է։ Ճշգրիտ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է, որ երեք տարբեր արբանյակներից ուղարկված ռադիոազդանշանները հատվեն մի կետում։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Սա աշխատում է միայն այն դեպքում, երբ հայտնի է ուսումնասիրվող օբյեկտից արբանյակի ճշգրիտ հեռավորությունը։ Ու բնական է, որ ինչքան էլ զարգացած լինեն ինժեներական սարքավորումները, այս դեպքում որոշակի շեղում, այնուամենայնիվ, լինելու է, քանի որ փոփոխականները բազմաթիվ են ու դրանց վրա ազդելու որևէ հնարավորություն չկա։ Դրանցից մեկն արդեն նշեցինք՝ եղանակը։

Այդ պատճառով երեքի փոխարեն հիմա օգտագործում են չորս արբանյակ, ու այստեղ էլ առաջ է գալիս հենց բուն արբանյակների ուղարկած ազդանշանի ճշգրտությունն ու շեղման հնարավորությունը։ Տեսականորեն հնարավոր է բարդ հաշվարկների միջոցով հասնել որոշակի արդյունքի, բայց միևնույնն է, արդյունքն անընդհատ փոփոխվելու է, քանի որ ազդող գործոններն իրենք փոփոխական երևույթներ են։ Բնության հետ գործ ունենք, ի վերջո։

GPS-ով կարելի է անել միայն մեկ բան՝ գեոդեզիայի միջոցով ստացած կոորդինատների տեղորոշումը գտնելը։

Այսքանով հասկացանք, որ GPS-ով դեմարկացիա կատարելը, մեղմ ասած, անգրագիտություն է, ու թեև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երբեք էլ աչքի չի ընկել ռացիոնալ որոշումներով, այս դեպքում գոնե ինքնապահպանման բնազդը պետք է որ աշխատեր։

Բացի վերոհիշյալից՝ GPS-ն ընդամենը մի սարքավորում է, որը քեզ կոորդինատը փոխանցում է քո իսկ ներմուծած քարտեզի միջոցով։ Հիմա քարտեզների մասին։ Ի՞նչ քարտեզների հիման վրա են անում այդ աշխատանքները։ Կա՞ մեկ ընդհանուր հաստատված քարտեզ, ու եթե կա, ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորները, շաբաթը մեկ մի նոր քարտեզ ձեռքներին, տոտիկ-տոտիկ առաջանում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն մոտ 41 քառակուսի կիլոմետր։

Պաշտոնական հարթակներից անընդհատ հղում են կատարում Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզներին։ Ու հենց այստեղ էլ թաղված է մեր անտեր շան գլուխը։

«Բանն այն է, որ այդ քարտեզները միշտ կազմվել են որոշակի շեղումով ու դա արվել է դիտավորյալ, որպեսզի թշնամին երբեք չկարողանա ճիշտ կոորդինատներով թիրախավորել ու կարգավորել իր բալիստիկ հրթիռները։ Ու թե շեղման չափը, թե կոորդինատները պարբերաբար փոփոխվել են»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասած «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժման խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը։

Այստեղ մի կարևոր հարց էլ կա։ Անկախանալուց հետո աշխարհը կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեզ ի՞նչ սահմաններով են ճանաչել։ Ըստ Արա Պապյանի՝ դա ամենամեծ մոլորությունն է։

«ՄԱԿ-ը ոչ մի պետության սահմաններ չի ճանաչում, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պարզապես ասվում է, որ ոչ մի պետության սահման չպետք է փոփոխվի ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ ՄԱԿ-ը ոչ մի սահման երբեք չի ճանաչել»։

Ընդ որում, մենք նույնպես չենք անկախացել որևէ հստակ սահմանների ներքո։ Նախ, եթե որպես ելման կետ ընդունում ենք ՀԽՍՀ-ն, ապա այն ընդամենը ԽՍՀՄ-ի ներքին վարչատարածքային բաժանման մի մաս էր, ոչ ավելին։ Այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել, հետևաբար իրավահաջորդության խնդիր էլ չկա։ Ըստ Արա Պապյանի՝ մեզ ամենամոտ միջազգային իրավունքի սուբյեկտը Առաջին Հանրապետությունն է, ու իրավահաջորդության խնդիր պետք է առաջանա հենց դրա հետ կապված։

Ներկա պահին բոլոր բանակցությունները տարվում են Խորհրդային Հայաստանի վարչատարածքային սահմանների շուրջ, ինչը, ըստ Պապյանի, որևէ իրավական հիմք ունենալ չի կարող։

Եկեք ամփոփենք․ այս պահին կատարվում է դեմարկացիա, որը իրավական հիմք չունի, քանի որ չի կատարվել դելիմիտացիա։

GPS-ի միջոցով դեմարկացիա կատարելը նույնպես անգրագիտություն է, քանի որ այդ տվյալն անընդհատ փոփոխվելու է, ինչն էլ անընդհատ հանգեցնելու է բախումների ու լարվածության։

ԽՍՀՄ ԳՇ քարտեզները միշտ կազմվել են դիտավորյալ որոշակի շեղումներով, ու հիմք վերցնել այդ քարտեզները նույնպես անգրագիտություն է։

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ՀԽՍՀ իրավահաջորդը չէ՝ ըստ Արա Պապյանի։

Այս ամենին էլ գումարվում է Փաշինյանի պատրաստակամությունը դեմարկացիոն ու դելիմիտացիոն աշխատանքները սկսելու վերաբերյալ, իսկ GPS-ով գծած փոփոխական սահմանին շարունակում են կրակել։

Աղվան Ասոյան