44-օրյա պատերազմում զոհված 22-ամյա Վանիկ Մաթևոսյանի ծնողները, ովքեր ապրում են կիսակառույց տանը՝ անապահով պայմաններում, կանգնած են լուրջ խնդրի առջև․ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել նրանց որդուց մնացած գույքի՝ ավտոմեքենայի և և կենսաթոշակային կուտակային ֆոնդի գումարի վրա։
Տան միակ զավակը և աշխատող ձեռքը՝ 23-ամյա Վանիկ Մաթևոսյանը, զոհվել է նոյեմբերի 6-ին թշնամու դիպուկահարի կրակոցից։ Ընտանիքի մինուճար որդին, որը հոկտեմբերի մեկին կամավոր գնացել էր պատերազմ, նախ եղել է Իվանյան գյուղում (Խոջալու), ապա Ասկերանում, հետո Հադրութում և Մարտակերտում, ապա տեղափոխվել է Շուշի, որտեղ և զոհվել է։ Պատերազմի ընթացքում երիտասարդ նռնականետորդը միշտ պարտաճանաչորեն կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները։
Զոհվելուց երկու տարի տարի առաջ էր Վանիկը բանակից վերադարձել, անցել էր աշխատանքի, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի սննդի ու կեցության միջոցները։ Բայց պատերազմի լուրն առնելուն պես կամավորագրվել է ու գնացել հայրենիքը պաշտպանելու։ Այժմ որդուց մնացած գույքը և ֆինանսական միջոցները ծնողները չեն կարողանում տնօրինել։
Oragir.News-ը կապ հաստատեց զոհված զինծառայողի մոր՝ Անուշ Հակոբյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց խնդիրը․
«Նախքան տղայիս պատերազմ գնալը մենք, ավելի ճիշտ՝ ամուսինս, իր անունով 6-7 տարվա չմարված վարկեր ուներ, «ՎՏԲ-Հայաստան» և «Յունիբանկ» բանկերին ամեն մեկի մոտ մոտավոր 200․000 դրամի չափով․ դրանք հետագայում ուշացումների և չվճարելու պատճառով ավելացան։ Հիմա, երբ նորից չունենք վճարելու ոչ մի հնար, ԴԱՀԿ-ն կալանքի տակ է վերցրել տղայիս մեքենան և կենսաթոշակային կուտակումը՝ դեպոզիտարիատի հաշվեհամարին նստած մի քանի տասնյակ հազար դրամը, որ բանակից գալուց հետո՝ մինչև կամավոր գնալն ու զոհվելը, տղաս աշխատել էր»,- ասաց տղայի մայրը։
Նա ասաց, որ այս իրավիճակից չեն կարողանում ելք գտնել։ Գնում են ԴԱՀԿ-ը, խնդրում, որ իրենց խնդրին լուծում տան, այնտեղից ուղարկում են բանկ և ասում, որ փորձեն խնդիրը բանկում կարգավորել, իսկ բանկը մեկ լուծում է առաջարկում․ վերավարկավորել և տրամադրել ևս 3 մլն դրամ, որ կարողանան ամբողջությամբ վճարել։
«Ոչ մի աջակցություն չենք ստացել ոչ Կառավարությունից, ոչ էլ քաղաքապետարանից։ Միակ աջակցությունը, որ ստացել ենք, եղել է հիմնադրամից տրամադրված գումարը, որով հիշատակի պուրակ ենք կառուցել, խաչքար ենք դրել որդուս պատվին»,- նշեց տիկին Անուշը։
Նրա խոսքով, խաչքարի բացմանը ներկա են եղել միայն տեղի եկեղեցու քահանան և Սեյրան Օհանյանը, ով գնացել էր Վանիկի հոր հրավերով։ Ուրիշ ոչ մեկի մտքով չի անցել գալ, ներկա լինել բացմանը և իրենց օգնությունն ու զորակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին։
«Տպավորություն է, թե մեր որդին գնացել է պատերազմ միայն իմ և իմ ամուսնուն պաշտպանելու համար, այնինչ մեր որդին գնացել և զոհվել է բոլորի և մեր հայրենիքի համար և այս բոլոր խնդիրների, մի ամբողջ պետական ապարատի դեմ մենք հիմա պայքարում ենք միայնակ»,- ընդգծեց զոհվածի մայրը։ Տիկին Անուշի խոսքով, եթե խնդիրը չլուծվի, և ամեն բան այսպես շարունակվի, իր ամուսինը հացադուլ է անելու։
Լիլիթ Հարությունյան