Երևան +25°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:53 23-11-2021

Ոչ մի արտառոց բան չկա, որ սահմանին իրավիճակը լարված է. Հովիկ Աղազարյան

Սահմանային լարված իրավիճակի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սպասվող փաստաթղթի ստորագրման, խաղաղ ցույցերի անցկացման և սպասվող իրադարձությունների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաբարդ շրջաններից մեկում, իրավիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք տեսնում:

-Պատերազմական իրավիճակում, ցավոք սրտի, տեղի են ունեցել, և հետագայում ևս տեղի կունենան նման իրադարձություններ։ Իմ պատկերացմամբ` մենք մի օր շուտ պետք է սկսենք սահմանների ճշգրտան և սահմանազատման գործընթացը: Երբ ավարտենք այդ գործընթացը, որը բնականաբար, տևական ժամանակ կպահանջի, կարող ենք վստահ լինել, որ նմանատիպ սադրանքների հավանականությունը շատ ու շատ կքչանա։

-Համագործակցելն ինչպե՞ս եք տեսնում։ Քաղաքացիներն ամեն օր ականատես են լինում պատգամավորների միջև տեղի ունեցող ծեծկռտուքների, հայհոյանքների ու վիրավորանքների, ովքեր երկրի առաջնային մանդատ կրող պետական մարմնի անդամներն են։ Ո՞նց եք պատկերացնում ձեր համագործակցությունը երկու խմբակցությունների հետ։

-Սկզբից անդրադառնանք ծեծկռտուքներին, որովհետև սա մեր ժողովրդին կամ մեր քաղաքական գործիչներին հատուկ երևույթ չէ։ Սա, ցավոք սրտի, աշխարհի շատ պառլամենտներում տեղի ունեցող իրադարձություն է։ Շատ լավ գիտեք՝ ընտրություններից առաջ ի՞նչ իրադարձություններ եղան։ Ես կասեի երկկողմանի, ոչ թե միակողմանի, հռետորաբանությունը բացասական իմաստով շատ բարձր նոտաներով է իրականացվում, և հայտնվելով Ազգային ժողովում՝ այն էլ մեկ դահլիճում և մեկ մարմնի մեջ՝ հնարավոր չէր այդ ամեն ինչը մոռանալ։ Եվ բնականաբար, այս կամ այն ցավոտ հարցի քննարկման ժամանակ մենք չենք կարողանում թաքցնել մեր էմոցիաները։ Այդ պատճառով էլ նման բաներ են տեղի ունենում, դա սարսափելի չէ։ Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս պետք է աշխատենք, կպատասխանեմ հետևյալը․ ես մեկ առիթով ասել եմ, որ շատ հավանական է, որ այս Ազգային ժողովը լինելու է ամենաարդյունավետ Ազգային ժողովը։ Ինչո՞ւ, որովհետև Ազգային ժողովում քաղաքական ուժերի մեջ եղած հակամարտությունը, իրենից ենթադրում է հետևյալը․ տեսակետները բախվում են, այսպես կոչված, սուր անկյուններով, մենք էլ՝ իշխանական թևի ներկայացուցիչներով կամ Կառավարության ներկայացուցիչներով, և մեր ընդդիմադիր գործընկերները առաջնորդվում ենք ճիշտ գաղափարերով։ Գուցե մեր տեսակետներն են տարբեր և այդ բախումների արդյունքում էլ հասարակության համար ամեն բան պետք է դառնա ընդունելի և հետևաբար ես կարծում եմ, որ մենք կաշխատենք իրար հետ։

-Իրավիճակն անընդհատ սրվում է սահմանին՝ օրեր առաջ Սյունիքում, երեկ Գեղարքունիքում, որի հետևանքով հայկական կողմն անընդհատ ունենում է մարդկային և տարածքային կորուստներ, նոր գերիներ ու անհետ կորածներ։ Սա կրելու է շարունակական բնույթ, ի վերջո իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծման ենք հասնելու։ Արդյո՞ք նոր պատերազմի վտանգ կա։

-Մենք պատերազմը չենք ավարտել, որ մի հատ էլ նորը սկսվի։ Մենք պատերազմի մեջ ենք ու հիմա ուղղակի ունենք զինադադար, հրադադար, հրադադարի մասին հայտարարություն։ Հիմա մեր և մեր հարևանների գործողությունները աշխարհաքաղաքական իմաստով կբերե՞ն արդյոք նրան, որ հրադադարի ռեժիմը վերածվի կայուն խաղաղության, ապա շատ, լավ, իսկ եթե չէ, ապա նորից եմ ասում, նմանատիպ դեպքեր անընդհատ լինելու են, ինչն արդեն փաստորեն սովորական է դարձել ու արտառոց չէ։

-Տարբեր ուժերի կողմից խաղաղ ցույցեր են ընթանում, որի նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Վերջնարդյունքն ի վերջո ո՞րն է լինելու, ինչի՞ կհանգեցնեն նմանատիպ ցուցերը։

-Ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրմանը, ապա առաջիկայում, հավանաբար, վստահ չեմ կարող ասել, որովհետև ամբողջությամբ տեղեկատվությանը չեմ տիրապետում, ապա հավանական փաստաթուղթը կստորագրվի սահմանների ճշգրտման և սահմանազատման վերաբերյալ։ Մասնավորապես՝ երեկոյան վարչապետը հանդես է գալու ֆեյսբուքյան ասուլիսով և այնտեղ շատ-շատ հարցերի կպատասխանի՝ այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված հարցին։ Եվ հետևաբար որևէ բան գաղտնի չի արվոում, հրապարակավ է արվում։ Ինչ վերաբերում է ձեր նշած ուժերի կողմից նախաձեռնող շարժմանը, ապա ոչ մեկ իրեն իրավունք չի կարող վերապահել փորձել իր կարծիքը գեներացնել հասարակության մեջ քաղաքական նպատակներ հետապնդելով, և ոչ ոք չի կարող ասել, որ իր կարծիքը անբեկանելի ճշմարտությամբ է գործում, և հետևաբար յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու իրավունք ունի։ Այսօր ամեն ինչ կատարվում է օրենքի և սահմանադրության շրջանակներում։ Ինչ վերաբերում է նրան, որ Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնողներից մեկն է, այլ ոչ թե նախաձեռնողը, նա մեր նախկին գործընկերն է ու այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, Սոֆյա Հովսեփյանը հո մեր կամ ինչ-որ մեկի գերին չէ՞ր։ ինքը գտնում է, որ մենք ճիշտ ճանապարհով չենք գնում, այսպես ասած, վերահաստատեց իր արժեհամակարգն ու պատկերացումների շրջանակը։ Հետևաբար, թող ժողովրդին ներկայանան բոլորը, և եթե իրենց գաղափարները լայն ընդունելության կարժանանան, ապա թող անեն իրենց քայլերը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը