Միտք 4 տարի առաջ - 21:15 09-11-2021

Սոցիալական պառակտումը որպես իշխանության պահպանման միջոց

ՀՀ գործող քաղաքական իշխանությունը անցած երեք տարիների ընթացքում իրականացրել է մի գործընթաց, որը կարող է բնութագրվել որպես սոցիալական խտրականություն (դիսկրիմինացիա): Դա դրսևորվել է իրական կամ հորինված հատկանիշների հիման վրա մարդկանց տարանջատելու և մեկը մյուսին հակադրելու մեջ: Մարդկությանը հայտնի են խտրականության տարբեր ձևեր` ռասայական, ազգային, կրոնական, սեռային, դասակարգային, տարածքային, լեզվական և այլն: Խտրականության դրսևորման բոլոր այդ ձևերը համարվում են անընդունելի, որովհետև խախտում են մարդկանց իրավունքները և հակասում հիմնարար բարոյականության սկզբունքներին:

Բայց ինչպես ամեն ինչ, սոցիալական խտրականությունն էլ ունի այսպես կոչված «օգտակար» կողմեր, որոնցից Հայաստանի իշխանությունը շռայլորեն օգտվում է: Սկզբում իշխանությունը բաժանեց Հայաստանում ապրող մարդկանց սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների: «Սև-սպիտակ» պիտակը, կարծես, դուրս է եկել շրջանառությունից, բայց նախկինների և ներկաների թեման այնքան է դուր եկել իշխանությանը և հասարակության որոշ անդամներին, որ շարունակում է շրջանառվել իշխանության կողմից:

Բայց ամեն ինչ փոխվում է՝ և՛ «նախկինները», և՛ նրանց աջակիցները սկսեցին անվանվել մեկ այլ բառով` ռևանշիստներ: Իշխանությունը հորինեց նոր խտրականություն` ռևանշիստներ և իշխանամետներ: Ընդ որում՝ ռևանշիստներ են որակվում ոչ միայն այսպես կոչված նախկին իշխանություններին սատարողները, այլ ընդդիմադիրներն առհասարակ:

Դրանց զուգահեռ գործածվեց նաև նոր բաժանում` հեղափոխական և հակահեղափոխական: ՀՀ քաղաքացիները, իրենցից անկախ, կանգնեցինք ընտրության առջև` լինել կա՛մ հեղափոխական, կա՛մ հակահեղափոխական, կա՛մ իշխանամետ, կա՛մ ռևանշիստ: Միայն օրինապահ քաղաքացի լինելը, այս իշխանության պատկերացմամբ, այլևս քիչ է, և պետք է կատարել ընտրություն` հորինված, արհեստական, անլուրջ ընտրություն:

Սոցիալական խտրականության, այն է` նպատակադրված կերպով ՀՀ քաղաքացիներին մեկը մյուսին հակադրելու գործընթացը բնավ կանգ չի առել, և թվարկված օրինակները պարբերաբար լրացվում են նորերով: Ն. Փաշինյանն իր ելույթներում, երբ խոսում է տարածաշրջանային խաղաղությունից, արդեն քիչ-քիչ առաջ է քաշում նոր խտրականության հիմքեր և շուտով հայտարարելու է, որ Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ կողմ են խաղաղությանը, կա՛մ դեմ: Այն մասին, որ այդ տարածաշրջանային խաղաղությունն իրենից բացարձակապես կախված չէ և իր հետ ոչ մի կապ չունի, իսկ եթե լինի, լինելու է մոտ ապագայում Հայաստանի՝ որպես ազգային պետության վերացման հաշվին, նա համեստորեն լռում է: Նա լռում է նաև այն մասին, որ տարածաշրջանային խաղաղության մասին միջազգային որևէ փաստաթուղթ, որը ենթադրաբար պետք է ստորագրվի, վերջնականապես կտրելու է Արցախը Հայաստանից և զրկելու է Հայաստանի Հանրապետության անունից ազգային խնդիրներ, շահեր ու նպատակներ բարձրաձայնելու հնարավորությունից: Այդ ամենը նրան չի հետաքրքրում, կարևորը մարդկանց միջև արհեստական տարբերություններ դնելն է: Մոտ ապագայում մեզ սպասվում է նոր խտրականություն` կա՛մ պատվաստված ես, կա՛մ ոչ: Իսկ եթե ոչ, ուրեմն վտանգ ես ներկայացնում հասարակության համար: Այս դեպքում չի խոսվելու բժշկական հետազոտությունների և վիճակագրության մասին, որոնք մի քիչ այլ պատկեր են ստեղծում:

Հիմա, այս ամենով հանդերձ, ի՞նչ խնդիր է լուծում Ն. Փաշինյանը` սոցիալական խտրականության նորանոր ձևեր հորինելով և տարածելով: Նա լուծում է միայն մեկ` իր իշխանության պահպանման խնդիրը: Ինչպե՞ս. թշնամություն մտցնելով հասարակության մեջ: Երբ մարդիկ դուրս են գալիս մեկը մյուսի դեմ, առավել ևս հորինված հիմքերով, նրանք այլևս չեն կարող միավորվել: Իսկ դա ձեռնտու է առաջին հերթին Ն. Փաշինյանին, քանի որ նրա իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը մի քանի հարյուր հազար մարդկանց միավորված պայքարն է: Ինքն այդպես է եկել իշխանության և լավ է հասկանում իր համար դրա վտանգը:

Հետևաբար, նա ամեն ինչ արել և անելու է` ՀՀ քաղաքացիների միջև տարբերություններ, անհանդուրժողականություն, անգամ թշնամություն սերմանելու ուղղությամբ, որովհետև քանի դեռ ներքևներում մարդիկ միաբանված չեն, վերևներին վտանգ չի սպառնում: Եվ հակառակը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media