Առևտրի ու ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու․ Փաստ
copy image url

Առևտրի ու ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու․ Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 10:02 06-11-2021

«Փաստ» օրաթերթը գրում է․

Համաճարակային իրավիճակի սրման ֆոնին առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններով է հանդես գալիս: Ըստ այդ առաջարկների, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև թատրոնների ու մշակութային մի շարք կենտրոնների մուտքը կարող է հնարավոր լինել միայն պատվաստված լինելու դեպքում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, հնարավոր ու արդեն առկա սահմանափակումների հետևանքով տնտեսական հետևանքներն անխուսափելի են:

«Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման աննախադեպ բարձր ցուցանիշներ ու մահեր ունենք: Բնականաբար, դա հանգեցնում է առողջապահության համակարգի ճգնաժամին: Մեր առողջապահության համակարգը հիմա ի վիճակի չէ սպասարկել այդ բոլոր հիվանդներին, ինչով պայմանավորված՝ կառավարությունը պետք է քայլեր իրականացնի: Այդ քայլերից շատերը կարող են նաև ցավոտ լինել: Այս պահին աստիճանաբար զսպումների ճանապարհով գնալու որոշում է կայացվել, ինչի արդյունքում, ըստ էության, մահերի, վարակման թվերի կտրուկ անկում չենք ունենալու: Կառավարությունը, փաստացի, ի հաշիվ տնտեսական ակտիվության պահպանման, կտրուկ չի սահմանափակում տարբեր ոլորտների գործունեությունը»,- Փաստի հետ զրույցում նշել է տնտեսագետն ու հավելել, որ առհասարակ լոքդաունը մի շարք փուլեր ունի:

«Այդ փուլերից մեկն արդեն կյանքի է կոչվել, խոսքը հեռավար կրթության անցնելու մասին է, ինչն արդեն իսկ ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես ծառայության ոլորտի վրա, քանի որ ուսանողը, աշակերտը օգտվում են տրանսպորտից, հանրային սննդից ու այլ ապրանքներից: Նշված ուղղություններով սպառման ծավալների նվազում կա: Այն դեռ փոքր է, բայց, այնուամենայնիվ, արդեն բացասական ազդեցություն ու բացասական սպասումներ է առաջացնում: Մեր հիմնական խնդիրն իրականում տրանսպորտն է, բայց կառավարությունը չի կարողանում կարգավորել այդ ոլորտը: Մենք ունենք գերբեռնված տրանսպորտ, ինչը վարակի կտրուկ տարածմանն է հանգեցնում: Կարող ենք ասել, որ տրանսպորտը վարակի տարածման հիմնական օջախներից մեկն է, մյուսը հանրային միջոցառումներն են, հավաքույթները: Միևնույն ժամանակ, ռեստորանային բիզնեսը, բարերը, փաբերը կարևոր ոլորտ են տնտեսության համար, ու այդ ճյուղի ամբողջական դադարը կարող է մեծ հարված հասցնել ընդհանուր տնտեսական ակտիվությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը աստիճանաբար է անցնում սահմանափակումների»,-ասել է Ս. Պարսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկը՝ կապված հանրային սննդի ոլորտի հետ՝ նա շեշտեց. «Ստացվում է՝ ոլորտը կշարունակի աշխատել, եթե այդ վայրեր այցելեն պատվաստված մարդիկ: Նման սահմանափակումներ կան նաև աշխարհի շատ երկրներում: Հայաստանի կառավարությունն էլ է այդ ճանապարհով ուզում գնալ, թեպետ մեզ մոտ բավականին ցածր է պատվաստման ցուցանիշը: Չունենք այնպիսի բարձր ցուցանիշ, որ, ի հաշիվ պատվաստվածների, կարողանանք թույլ տալ, որ հանրային սննդի ոլորտն աշխատի: Արդյունքում այս պարագայում ևս աստիճանաբար սահմանափակումների են ուզում գնալ: Կտրուկ սահմանափակումների դեպքում ոչ միայն կճնշվի տնտեսական ակտիվությունը, ու տնտեսական անկում կլինի, այլև կառավարությունը պարտադրված կլինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, ինչպես անում էր 2020-ին, այնինչ, այս պահին պատրաստ չէ նման գումարներ տրամադրել»:

Տնտեսագետի դիտարկմամբ, կառավարության քայլերը որոշ դեպքերում տրամաբանական են, բայց ուշացած: «Կառավարության քայլերը ուշացած են, քանի որ վարակը մեզ մոտ մոլեգնում էր, բայց համապատասխան քայլեր ի սկզբանե չէին իրականացվում: Այս ամենի հետևանքով տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է, մեկ շնչին ընկնող մահերի թվով ևս վատթարագույն պատկեր ունենք: Մենք հակառեկորդ ենք գրանցում: Կառավարությունը բաց է թողել քայլեր ձեռնարկելու ժամանակահատվածը, իսկ հիմա փորձում է հետևանքները մեղմել: Որքան էլ փորձի խուսափել ամբողջական լոքդաունից, դրական սպասումներ առաջացնի, այս իրավիճակը հստակ ազդելու է տնտեսական ակտիվության վրա: Մենք ոչ միայն կյանքեր, այլև տնտեսական աճ, զարգացում, սպասումներ կորցրինք, բացասական այլ հետևանքներ ունեցանք: Տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է»,- ասել է նա ՝ հիշեցնելով, որ հուլիսից սկսած ՏԱՑ-ը նվազում է, իսկ հիմա 4,4 տոկոս է:

«Սա վկայում է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար նորից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշներ կունենանք: Կորոնավիրուսն ու սահմանափակումները հստակ ազդեցություն են թողնելու: Բացի այդ, այս ամենին գումարվում են բացասական սպասումները: Բիզնեսը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, օրինակ՝ ռեստորան կամ բար բացելու առումով: Այսինքն, ազդեցություն կա նաև ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա: Կառավարությունն այս պահին ամբողջական տեղեկություն չի հրապարակում, որ կարողանանք գնահատել, թե վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինեն, բայց ակնհայտ է, որ հատկապես առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ է առաջացնելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
12:25 Ամոթ է. հայերեն սովորեք, տիկին նախարար
12:38 Երկրաշարժ՝ Հայաստանում․ որ հատվածներում են այն զգացել
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում