Երևան +17°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:05 04-11-2021

Ուրիշ փրկության ու պայքարի միջոց, քան պատվաստումն է, չկա։ Միանշանակ հորդորում եմ բոլորին պատվաստվել և դեմ եմ պատվաստումների դեմ իրականացվող հակաքարոզչական արշավին. պարզաբանում են մասնագետները

Աշխարհում ավելի քան 7 միլիարդ պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ, իսկ թե ինչպիսի՞ իրավիճակ է ՀՀ-ում, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց բժշկության ոլորտում լավագույն մասնագետների, հայ առաքելական եկեղեցու սպասավորների և մի շարք մասնագետների հետ՝ պարզելու ստեղծված իրավիճակը։

«Ուրիշ փրկության ու պայքարի միջոց, քան պատվաստումն է, չկա։ Միանշանակ հորդորում եմ բոլորին պատվաստվել և դեմ եմ պատվաստումների դեմ իրականացվող հակաքարոզչական արշավին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը: «Իմ հորդորն է ազգաբնակչությանը լինել համախմբված և միասնական այս կարևորագույն հարցում»,- եզրափակեց նա։

Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը շատ ծանր է. օրական դեպքերի աճը, որն անցնում է արդեն 2000-ից և մահերի թիվը այլ ելք չեն թողնում: Այո՛, այդ որոշման կարիքը կար: Գոնե պետք է համաճարակային վիճակի որոշակի հանդարտեցում, նվազեցում գրանցել երկրում: Ճիշտ է, պատվաստումային գործընթացի ակտիվացում կա, բայց դա չի կարող ընթացիկ համաճարակային պրոցեսի վրա որևէ անդրադարձ ունենալ: Հիմա մարդիկ գնում են պատվաստման, մի լրացուցիչ ռիսկ էլ էդտեղ է առաջանում, երբ պոլիկլինիկայի հերթում սպասում են: Դրա համար հիմա ավելի ճիշտ է որքան հնարավոր է շփումները սահմանափակել, որպեսզի վարակի տարածումը կանխենք: Եթե դիտարկենք ուրիշ երկրների փորձը, արդեն կարելի էր մտածել լոքդաունի մասին, որովհետև Հայաստանում հիմա վարակվածության բավական մեծ ցուցանիշ է: Տագնապալի իրավիճակ է: Եթե մենք ունենանք թվերի ավելի բարձրացում, առողջապահական համակարգը կհայտնվի կոլապսի վիճակում, իսկ մահերի թիվը խոսում է ծանր վիճակների շատացման մասին: Ցավոք, ես չեմ տիրապետում վիճակագրական տվյալներին, որ ասեմ՝ ինչքան ծանր դեպք կա, ինչ տարիքային խմբում և այլն: Այս նկարագրական համաճարակաբանական իրավիճակը շատ անհրաժեշտ է դիտարկում անելու համար: Բայց կարող եմ ասել, որ մահերի աճող թիվը արդեն իսկ խոսում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության մասին: Պատվաստումային գործընթացի նման ակտիվացում եթե մի քանի ամիս առաջ ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի: Երեկ նախանձով էի հետևում սկանդինավյան երկրների փորձին. ավիաընկերություններն աշխատում են, շատ տեղերում առանց դիմակի են շրջում, 85 տոկոս պատվաստումային ծածկույթ ունեն ու հիմա մտածում են անչափահասների պատվաստման մասին: Մի դանիացի կին էլ շատ կարևոր դիտարկում արեց՝ ասելով, որ իրենց հաջողությունը միասնական լինելու մեջ էր: Իսկ մեր անհաջողությունը դրա հակառակն է․ մենք միասնական չեղանք համավարակի դեմ պայքարում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Փորձեցինք խոսել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանից և կարծիք հարցնել պատվաստումների վերաբերյալ։ Նա ասաց. «Պատվաստումները նրա համար են, որ առողջապահական համակարգի վրա ընկած բեռը թեթևացնեն: Շատ կազմակերպություններ առողջապահության նախարարության հետ մեկտեղ մեծ ջանքեր են գործադրել և գործադրում, որ մեր բնակչությունն իրազեկված լինի պատվաստումային գործընթացի, պատվաստումների օգուտների ու դրա շուրջ տարածվող միֆերի մասին: Բազմաքանակ պոստերներ ու սոցիալական գովազդային տեսահոլովակներ են հրապարակվել, մասնագետները տվել են հարյուրավոր հարցազրույցներ՝ փորձելով ամեն ինչ անել, որ պատվաստումների մասին բնակչությանը հասանելի լինեն միայն գիտական տվյալներ: Բայց, ցավոք, դեռևս կան մարդիկ, որոնք հավատում են ընդհանրապես գիտական հիմք չունեցող միֆերին: Նրանք փոխանակ ընտրելու այս ապահով ճանապարհը՝ զերծ մնալու քովիդ կոչվող դժոխքից՝ չեն պատվաստվում, հիվանդանում են, ու հետևանքները ծանր են լինում: Պատվաստումների ցածր ցուցանիշներ ունեն մի քանի հետխորհրդային երկրներ, և հնարավոր է՝ մեր անցյալի բժշկական կրթությունը միգուցե այնքան էլ ուժեղ չէ, որ մեր երկրները նման խնդրի առաջ են կանգնում: Իհարկե, ցավոք, սա նաև քաղաքականացված թեմա է, և պատվաստման թեման դարձել է քաղաքական շահարկումների նյութ: Դրա պատճառով շատ անպատասխանատու մարդիկ են ելույթ ունենում ու մոլորեցնում քաղաքացիներին: Ավելին, այդ մոլորեցնողները երբեմն ունեն բժշկի դիպլոմ, բայց նրանց ես չեմ կարող բժիշկ համարել: Բժշկի հիմնական կարգախոսն է՝ մի՛ վնասիր, իսկ այս դեպքում, երբ մարդկանց մոլորեցնում են, դա մեծ վնաս է, կարող է մարդկային կյանքեր արժենալ: Նախ, միֆեր տարածողները չեն օգտվում վստահելի, գիտական հիմքեր ունեցող աղբյուրներից: Ես հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ո՛վ է այդ մարդը, որ խոսում է պատվաստման դեմ, արդյոք ունի՞ շահերի բախում այդ ելույթն ունենալու համար, արդյոք օգտագործո՞ւմ է վստահելի, գիտական աղբյուր: Շահարկողները և միֆեր տարածողները ուղղակի կարող են օդի մեջ մի բան տարածել, որի աղբյուրն անհայտ է: Իսկ եթե նորմալ մասնագետները մարդկանց հետ խոսում են փաստարկներով, բերում են գիտահետազոտական աշխատանքների օրինակներ, բերում են հետազոտություններ, ապացույցներ միջազգային մասնագիտական կառույցներից, ապա կարող եք այդ մարդկանց խոսքին վստահել: Բժիշկը կախարդական փայտիկ չէ, չի կարող ինչ-որ մեկը վեր կենալ ու ասել՝ ես բժիշկ եմ: Ստուգեք՝ արդյո՞ք այդ մարդը բժիշկ է, արդյո՞ք այդ մարդը համակարգի հետ խնդիր ունի, արդյո՞ք այդ մարդուն աշխատանքից հեռացրել են, և նա այդ պատճառով աղավաղված ելույթներ է ունենում»-, եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.news-ը զրուցեց նաև Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, որն ասաց. «Ես օրեր առաջ պատվաստման վերաբերյալ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել, և հիմա էլ ասում եմ, որ այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք։ Պատմեմ, թե ինչ ենք անում մենք՝ վիրաբույժներս, վիրահատարանում, գուցե ոմանք սթափվեն։ Եվ այսպես, երբ վիրահատության ընթացքում կարծիքների փոխանակում է սկսվում, դա կարող է լինել միայն այն ուղղությամբ, որը ձևավորում է վիրահատության պատասխանատուն։ Երբ տարաբնույթ այլ քննարկումներ են կատարվում, շատ կարճ բառապաշարով վիրաբույժը դուրս է հրավիրում վիրահատարանից՝ կարծիք արտահայտողին․․․Քանի որ, այդ պահին նա է պատասխանատուն կյանքի և առողջության համար, և կարծիքների փոխանակումն անթույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ, ինչը շատացնում է ողբերգության անհաշվելի դեպքերը»-, եզրափակեց ԵՊԲՀ ռեկտորը։

Իսկ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի փոքրիկ ամբուլտորայի ղեկավար Արա Ալեքսանյանը, որը շուրջ 30 տարի է՝ բժշկական գործունեության մեջ է ու այժմ ընտանեկան բժիշկ է, մեզ հետ զույցում ասաց . «Օրեցօր կամավոր պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է: Մեր ամբուլատորիայում արդեն պատվաստվել է 625 մարդ: Բայց պատվաստվածների թվում միայն մեր գյուղի բնակիչները չեն, նաև հարակից տարածքներից են մեզ մոտ պատվաստվում»,-ասաց Ալեքսանյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է, գյուղում օրական պատվաստումների մասին թվեր է ներկայացնում, իրազեկում հանրությանը պատվաստանյութերի ու դրանց կանխարգելիչ ազդեցության մասին և հորդորում մարդկանց արագ կանխել քովիդից ծանր դեպքերն ու մահերը:

Քնարիկ Պետրոսյան